HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արմենիան Քափըր Փրոգրամը» ձմռանը կապարի, մկնդեղի և քրոմի մեծ պարունակություններով 110 տոննա խարամ է հատկացրել Ալավերդու քաղաքապետարանին

Քաղաքապետարանը «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությանը պատկանող պղնձաձուլական գործարանի արտադրության հետևանքով առաջացած 110 տոննա խարամը (շլակ) փռել է Ալավերդու ներհամայնքային բոլոր ճանապարհներին, դպրոցական,  նախադպրոցական հիմնարկների և բնակելի շենքերի բակերում՝ ճանապարհները անցանելի  դարձնելու համար: Ձյունը հալվելուց հետո քաղաքը թաղված է մնացել խարամի մեջ՝ իր բոլոր վտանգներով: Խարամը Ալավերդու բանուկ փողոցներից, նախադպրոցական, դպրոցական հիմնարկների և բնակելի  շենքերի բակերից անհապաղ չհեռացնելու դեպքում, հատկապես գարնան քամիների պարագայում, լուրջ վտանգներ կստեղծվեն բնակչության առողջության համար:

Հիշեցնենք, որ Հայաստանի Ամերիկյան համալսարանի հանրային առողջապահության ֆակուլտետի «Առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման» կենտրոնը  Ամերիկյան Բլեքսմիթ ինստիտուտի հետ 2013թ. հետազոտելով Ալավերդու բնապահպանական և առողջապահական ռիսկերը` հայտնել էր, որ պղնձաձուլարանի արտադրության հետևանքով առաջացող խարամը (շլակը) չափազանց վտանգավոր է  բնակիչների, հատկապես՝ երեխաների առողջության համար:

«Մեր հետազոտության ընթացքում ստուգել ենք խարամի չորս նմուշներ, որի արդյունքում հայտնաբերել ենք, որ բոլոր նմուշներում կապարի քանակի առավելագույն խտությունը գերազանցել է 2,4-2,5 անգամ, արսենի (մկնդեղի) առավելագույն թույլատրելի խտությունը գերազանցել է 28,6-50,4 անգամ, քրոմի քանակի առավելագույն թույլատրելի խտությունը գերազանցել է 15,5-94,7 անգամ»,-հայտնել է Ամերիկյան համալսարանի «Առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնը»:

Կենտրոնը դեռ 2013թ. «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությանն առաջարկել է անհապաղ միջոցներ ձեռնարկել խարամը Ալավերդի քաղաքից հեռացնելու և մեկուսացնելու համար, ինչպես նաև արգելել խարամի հետագա օգտագործումը: Այս հետազոտությանը  «Հետքը» անդրադարձել է՝ նշելով, որ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը խարամի հսկայական քանակություն շարունակում է կուտակել Դեբեդ գետի ափերին եւ էքսկավատորով պարբերաբար թափում գետը:

«Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը չի հերքել ինչպես Ամերիկյան համալսարանի «Առողջապահական ծառայությունների  հետազոտման և զարգացման» կենտրոնի հետազոտության արդյունքները, այնպես էլ՝ «Հետքի» հրապարակած փաստերը:

Ընկերությունը այսօր էլ շարունակում է  խարամով Դեբեդի աղտոտումն ու Ալավերդիում խարամի օգտագործումը:

Պատասխանելով «Հետքի» հարցմանը` փետրվարի 23-ին Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը հայտնել է, որ  «2016-2017թթ. ձմռան նախապատրաստական աշխատանքների համար համայնքի բյուջեից ծախսվել է շուրջ 1,6 մլն դրամ: Ձյան առատ տեղումների ժամանակ ներհամայնքային ճանապարհները անցանելի դարձնելու  նպատակով  քաղաքապետարանի կողմից օգտագործվել է շուրջ 110 տոննա խարամ (շլակ) և 10 տոննա աղ: Կարեն Փարեմուզյանը երկար տարիներ տարբեր պաշտոններ է զբաղեցրել  Ալավերդու պղնձաձուլական գործարանում, բանից պարզվում է` այդ տարիներին նա  անտեղյակ է եղել պղնձաձուլարանում պղնձի արտադրության հետևանքով առաջացող խարամի վտանգներին։

«Տարիներ շարունակ Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ն Ալավերդու Սանահին կայարանային թաղամասից մինչև Ս./Սարահարթ թաղամաս տանող կամուրջը և Էնգելս թաղամասի  տարածքում ճանապարհն անցանելի դարձնելու նպատակով ձյան մաքրման աշխատանքներ են իրականացվել կրկին խարամ և աղ օգտագործելով»,-հիշեցրել է Կարեն Փարեմուզյանը:

Քաղաքապետի տրամաբանությամբ, եթե խորհրդային տարիներին խարամի վտանգները թերագնահատվել են, դա իրավունք է վերապահում իրեն վտանգները թերագնահատել նաև այսօր: Կարեն Փարեմուզյանն իր պատասխան գրությամբ նաև հայտնել է. «Խարամի պարունակությունների և բնակչության առողջության համար  դրա վտանգների  մասին, կարծում եմ, Ալավերդու համայնքապետարանը չէ, որ պետք է տեղեկատվություն տրամադրի: Բնակչության առողջության համար վտանգավոր պարունակություններ կան նաև հողի և աղի բաղադրության մեջ: Իսկ ձյան մաքրման և հալեցման աշխատանքները այլ ռեագենտներով իրականացնելու համար Ալավերդու համայնքի բյուջեի միջոցները պարզապես չեն բավականացնի»:

Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնի ուռուցքաբան բժիշկ, Վահե Տեր-Մինասյանն այսօր «Հետքին» հայտնեց, որ ծանր մետաղները, այդ թվում` կապարը, մկնդեղը և քրոմը ուռուցքածին են, նաև նպաստում են շատ այլ ծանր հիվանդությունների առաջացմանը:

«Կապարը, մկնդեղը և քրոմը երեքն էլ  մուտագեն և քաղցկեղածին են: Հիմա ձյունը կհալվի և խարամի ծանր մետաղները ջրով և հողով կփոխանցվեն մարդկանց և երեխաներին»,- հայտնեց բնապահպան Կարինե Դանիելյանը:

 «Կապարի հետ մկնդեղի պարունակությունը 5 անգամ ավելացնում է երեխաների` քաղցկեղով հիվանդանալու վտանգը: Կապարը հասունացման շրջանում երեխաների օրգանիզմում հայտնվելու դեպքում կուտակվում և պատճառ է դառնում նրանց մտավոր հետամնացության»,- հայտնեց ակադեմիկոս Արմեն Սաղաթելյանը:

Զավեշտալի է, բայց բնապահպանական բազմաթիվ խնդիրներ ունեցող Ալավերդու քաղաքապետը տեղյակ չէ այս ամենից, իսկ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը Բնապահպանության նախարարության բարեհաճ վերաբերմունքի ներքո շարունակում է աղտոտել բնությունը։  

Մեկնաբանություններ (11)

Aram
Հարգելի քաղաքապետապաշտպաններ՝ ,որևէ ցանկություն չունեմ պաշտպանել տիկին Փարեմուզյանին,կամ որևէ մեկին,նախ և առաջ նշում եք,որ գործարանը թափոնները լցնում 1 գետը,կամ ափին,էնքան անտեղյակ եք,որ չգիտեք ՏԻՄ մասին օրենքը,այնտեղ հստակ սահմանվում է համայնքի իրավասությունները,այսինքն էտ շլակը,որ լցնում են ետելա քաղաքապետարանի ամենաթողության շնորքը,չսահմանված վայրում դա լցնելու համար,կարող են վարչական տուգանք կիրառել:Բոլորովին չեմ ուզում ասել,որ միակ մեղավորը քաղաքապետնա,էտ գործարանի գործունեությունը վերահսկում է համայնքը,բայց քանի որ սա հայաստանն է այստեղ վերևից են տալի:Իսկ էս դեպքում տվածա դրա համար ինչ ուզում են անում են
Karen
Հոգնացրիք արդեն էս ըլանի նյութերով ու կոմենտերով, էնա խոսալու ու քննարկելու տեղ չտաս. գազ են տալիս: Դե գրել ա, գրել Փարեմուզյանը, մի բանի մասին պետք ա գրերշլակի մասին ա գրել, էսա ալավերդցիք ջնջվելու են երկրի էրեսից, աշխարի վերջն Ալավերդու համար էկել ա, հավաքվեք: Դրել եք զավոդը, քաղաքապետարանը, շլակը, թույնը, ռակը, էլ լավ բան չկա էս քաղաքում: Թե թեմաների մեջ չի մտնում քաղաքի լավ բաների մասին ասելը: Իբր որ քաղաքապետի վախտով ա Ալավերդին սենց մաքուր էղել: Թարգեք ժողովուրդ ամեն մարդ իրա գործն ա անում ու նենց չի որ ալավերդցոց դարդը լրագրողներին են տվել. էսա պետք ա սաղ պռոբլեմները լուծեն: Սաղ վախտ էլ շլակ են փռել ու սառույց մաքրել,, թե Վարոսյան Արտոի վախտով շլակը թույն չեր. Ձուկը որդեղից հոտել ա ընդեղից բռնեք.
Սերգեյ Գասպարյան
Մինչև հիմա չեք ճանաչել Լարիսա Փարեմուզյանին: Եթե Լարիսան էս հոդվածում սխալ բան է գրել, էդ քաղաքափետը չի կարողանում գրավոր հայտնել խմբագրին:Թե խուլիգանություն անելը ավելի լավ է ստացվում Ձեզ մոտ: Եթե հոդվածն էլ ըլանի ա, բա ինչի եք էդպես վառվում: Լարիսան վախեցող ու նահանջող չի, քաղաքապետ ուշքի արի:
Ani
Ինքան անտեղյակ են,չգիտեն որ իրոքալավերդու համար աշխարհի վերջը ավելի մոտա,ախր էնքան վատ ու անտեղյակ,անգրագետ մարդիկ են փորձում պաշտպանել,որ մարդ չի ուզում բան ասի,ախր էս նյութը էտքան էլ վիրավորական չի մեր քաղաքապետի համար,ինչքան որ ծանր են տանում: Ով ունի Լարիսա Փարեմուզյանի Mail ի հասցեն????????????
Գարիկ
Հարգելի Անի /եթե իհարկե Անի ես/ դու հաստատ կունենաս իրա մեյլի հասցեն. . . Նյութն էլ իրոք մի բան չէր , թե ասեմ վայ վայ էս ինչ են գրել, վաղեմի թեմաներ , շլակ, գործարան ու քաղաքներ, որոնց ճանապարհները ձմռանը բաց են պահվում դրանց միջոցով , իսկ պաշտպաններին թե նյութ գրողի թե քաղաքապետարանի չգիտեմ ինչի ինձ թվում ե դուք նույն մարդն եք , դուք գրում եք դուք պատասխանում եք , ու ամենաամոթալին դա էլ չէ, այլ այն , որ մեր քաղաքը խայտառակ եք անում , մեքենայով մեկ-մեկ շրջում եմ. այո դեռ տեղեր կա քիչ քանակությամբ շլակ կա , բայց մաքուր է , քաղաքը ավելի քան մաքուր է , անգամ ձեր ասած 110 տոննա շլակից հետո , անգամ հին անցած ժամանակների համեմատ, բայց ինչ որ մեկը փորձում է մեր քաղաքի անունի հետ խաղալ անհարմար է
Գուրգեն
Էս անշառ հոդվածի վրա էս ինչ եք խառնվել իրար,բա որ ուրիշ թեմաների անցնի էն վախտ ինչ եք անելու,իսկ եթե անցնի կամ թողան անցնի,ինչքան գրի կգրի,նենց որ հանգստացեք:
Արարատ
Ընկեր Փարեմուզյան Ալավերդու տեղը չիմացողները կասեն էս ինչ մեղք են ալավերդցիք, ոչ քաղաքապետն ա քաղաքապետ, զավոդն էլ կողքից մի ուրիշ պատուհաս ա: Այ որ շլակի համար պայքարդ սկսած ըլնեիր անցած քաղաքապետերի ժամանակից կարող ա մի բանի հասած ըլնեիր, թե չէ դրել ես սաղին անտեղյակ ես հանում: Ոնցոր թե էլ ոչ մեկը չգիտի ինչն ա անվտանգ ու ինչը վտանգավոր: մեծ էշին ախոռում ես թողել, հլա պայքարի, որ քաղաքի ճամփեքին ու գետի ափերին զավոդը չկիտի շլակը ու նոր ցուցումներ տուր քաղաքապետարանին թե ինոչվ ձունը հալացնի: իսկ Ալավերդում մարդկանց առողջության վրա բնապահպանական աղետալի ազդեցության համար ճիշտ հասցեով գնա, ում խաթեր ալավերդցիք էս օրի են: էսա մեծ տառերով գրեմ ՄԵՆՁ ԷՇԻՆ ԱԽՈՌՈՒՄ ԵՍ ԹՈՂԵԼ, էս մասի մտածի
Aram
Այս խնդիրը շատ ավելի ահավոր է և պետք է անհապաղ կասեցնել այդ գործընթացը:Ըստեղ են ասել,ունքը բուժելու փոխարեն,աչքն էլ են հանում:Համոզված եմ,որ խնդիրը շատ հեշտ լուծելի է և ցանկության դեպքում հնարավոր է կասեցնել մեր ապագայի խեղումը
Լարիսա Փարեմուզյան
Ելենային ---- Դուք Ալավերդու ձյան առատ տեղումներից չմաքրված ճանապարհներների վթարներին տեղյակ չեք: Չգիտեք նաև , թե քաղաքի ճանապարհներին՝ սառույցի վրա որքան մարդ է ընկել և վնասվածքներ ստացել: Հիշեցնեմ Ձեզ ընդամենը , որ քաղաքապետը ՏԻՄ օրենքով լուրջ պարտավորություններ ունի բնակչության բնապահպանական անվտանգության ապահովման գործում: Այդ պատճառով ենք մենք մեր հարցերը ուղղում ուղիղ իրեն: Թողեք մարդը աշխատի, մի՞թե իսկապես նա այնքան թույլ է, որ Ձեր անհեթհեթ պաշտպանության կարիքն ունի: Ձեր տրամաբանությամբ հնարավոր չէր ձյան տեղումների ընթացքում և ճանապարհը անվտանգ պահել և բնակչությանը ծանր մետաղներով չթունավորել: Ուրեմն իմացեք, Ալավերդուն անհրաժեշտ է այնպիսի քաղաքապետ, որ և մեկը և մյուսը կարողանա ապահովել: Ներեցեք, Ելենա, ես հասկանում եմ , որ դուք ուղղակի բնապահպանական վտանգներից անտեղյակ մարդ եք: Իսկ Ալավերդիում բնակչության և տեղական իշխանության անտարբերության պատճառով մարդկանց առողջության վրա բնապահպանական աղետալի ազդեցությունները սարսափելի են:
Ելենա
Լարիսան ինչ խոսք, շլակի վտանգավորության մասին որ գրել է, լավ է արել: Սաստիկ ձմեռ ու սառնամանիք էր այս տարի Ալավերդիում: Ես չեմ արդարացնում, բայց եթե մեր այսքան վտանգավոր ճամփեքին, այդ անտանելի սառույցներինՓառք Աստծու, ոչ մի պատահար չեղավ, դա կոմունալի լավ աշխատանքիշնորհիվ էր: Համոզված եմ, եթե մի դժբախտ դեպք լիներ, պիտի ասեին քաղաքապետն է մեղավոր: Շլակի վտանգավորությունն ու անտեր վիճակն առաջին հերթին գործարանինն է: Ամբողջ տարին էնգելս տաղամասի ճանապարհն ու գետը ողողված են դրանց այլանդակությունով: Հիմա երկու ամիս սառույցից ազատվել են, այնպիսի տպավորություն եքստեղծել, թե ուր որ է մարդիկ կմեռնեն: Գործարանին հսկելու ու սպառնալու, վիչակից հանելու համար պետական բարձր իշխանավորները թող հետեվեն ու առաջն առնեն: Թե չէ, բոլորն էլ լավ տեղյակ են շլակի վտանգների ու հետեւանքների մասին: Ալավերդիում պետք չէ աշակերտական հարցեր տալ՝ տեղյա?կ եք թե չէ, գիտե?ք որ....եվ ամանատիպ այլ հարցադրումներ: Այո տեղյակ են, միգուցե անհարկի են համարում մշտապես նույն թեմային հոգնեցուցիչ անդրադարձերը: Բայց ճիշտը նա է, որ ոչ ոքի չպաշտպանել, Հռոմի պապից կաթոլիկ չձեւանալ: Կերավ այս քաղաքն ու մարդկանդ այդ արդյունաբերական հսկան՝ անընդհատ շեշտելով ու կպճելով մարդկանց թույլ տեղին.աշխատանք ունենալուն:
Քրսիտինա
2014թ. մայիսին հետազոտության մանրամասն արդյունքները ուղարկվել են այն ժամանակվա քաղաքապետին ՝ Արտավազդ Վարոսյանին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter