Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Տիգրան Մուկուչյան. «Հասարակությունը պետք է մերժի ընտրակաշառքի ցանկացած դեպք»



Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, «Հետքի» հետ զրույցում խոսելով ապրիլի 2-ին սպասվող խորհրդարանական ընտրությունների մասին, ասաց, որ հասարակությունը պետք է մերժի ընտրակաշառքի ցանկացած դեպք, ինչն ամենակարևորն է: Նրա խոսքերով՝ յուրաքանչյուրի կողմից պետք է մերժելի լինեն այդ հանգամանքները, որովհետև յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ իր սեփական քվեն ունի արժեք և կարևոր արժեք է առաջին հերթին հենց իր համար:

Տ. Մուկուչյանի կարծիքով, եթե ընտրակաշառքի մասին փաստեր կան, պետք է արագ բարձրաձայնել այդ մասին, ներկայացնել փաստեր և տվյալ պարագայում, թե ընտրական հանձնաժողովը, թե իրավապահ մարմինները օրենքով սահմանված բոլոր միջոցները կձեռնարկեն, որպեսզի նկատված իրավախախտումները կանխվեն, հետևանքները վերացվեն:

Տիգրան Մուկուչյանի ասելով՝ ընտրողները ևս պետք է դրսևորեն որոշակի ակտիվություն:

«Իրավունքների պաշտպանության համար չպետք է մտածել, որ ինչ-որ մեկը պետք է նստի ու փորձի զբաղվել բոլորի իրավունքների պաշտպանությամբ: Իհարկե, կան մարմիններ, որոնք հետևում են այդ ամենին, բայց երբ քաղաքացին ինքն է հայտնաբերում որոշակի իրավախախտում, ոչ թե պետք է լինել դրա մասնակիցը, այլ պետք է բարձրաձայնել դրա մասին»,-ասում է ԿԸՀ նախագահը՝ հավելելով, որ ընտրախախտումների մասին բարձրաձայնելու դեպքում պատկան մարմինները հնարավորություն կունենան իրականացնելու լիարժեք ու պատշաճ գործողություններ:

Տիգրան Մուկուչյանն ասում է, որ կաշառքն ամենաբարդ բացահայտվող հանցագործություններից է, որովհետև գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ երկու կողմն էլ ունեն շահագրգռվածություն: Եվ այդ առումով բացահայտելը բավականին բարդ է:

«Այստեղ առաջին հերթին պետք է լինի մերժումը նշված երևույթի նկատմամբ և երկրորդը՝ դրա մասին բարձրաձայնումը: Որվհետև, եթե մենք իրոք մերժում ենք այդ երևույթը, դրա դեմ պայքարը պետք է լինի մեր քաղաքացիական ակտիվ վարքագծի դրսևորումը: Մերժումը միայն խոսքով չի լինում, մերժումը պետք է լինի նաև գործողությամբ»,-ավելացրեց Տ. Մուկուչյանը՝ հույս հայտնելով, որ հենց այդ գործիքները կնպաստեն, որպեսզի այն իրավախախտումները, որ տեղի են ունենում ընտրական տեղամասերից դուրս, չեզոքացվեն կամ՝ էականերեն նվազեն:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ