Շաբաթ, 22 սեպտեմբերի

Նա ծնվել էր թախծոտ լինելու համար



Լուսանկարիչ Ջոն Քլերիջը «The Guardian» պարբերականի՝ Չեթ Բեյքերին նվիրված անդրադարձերից մեկում պատմում է, թե ինչպես է լոնդոնյան ջազ ակումբներից մեկում պատահաբար հանդիպել նրան և լուսանկարել: Երաժշտի ամենասիրված, ամենաիրական և ամենատխուր պատկերներից մեկը: «Մի երեկո ակումբ մտավ Չեթ Բեյքերը: Դա 1986 թվականն էր: Ես հարցրեցի նրան, թե կարո՞ղ եմ մի քանի լուսանկար անել և մինչ կպատասխաներ, ասացի. «Երբ ես 13 տարեկան էի, մի անգամ գնեցի ձեր քառյակի ձայնագրությունը: «Winter Wonderland» գործն էլ կար այնտեղ, Ռաս Ֆրիմենն էլ դաշնակարն էր…»: Եվ Չեթը ասաց. «Այո, այն ժամանակ նա էր, 1953 թվականին»: Նա հանկարծ դադար տվեց, աչքերը սառեցին՝ նրան տեղափոխելով հետ՝ դեպի հիշողության խորքերը: Հենց այդ պահը որսալով՝ ես լուսանկարեցի նրան»:

Խոսքը գլխավոր լուսանկարի մասին է, որը թեև Քլերիջի կարծիքով շատ ճնշող տպավորություն է թողնում, այնուամենայնիվ, մարդիկ պաշտում են: «Որովհետև այն իր խորքում իրական է»,- ասում է լուսանկարիչը:

Ամերիկացի հայտնի ջազային շեփորահար, երգիչ Չեթ Բեյքերի կյանքը 1950-ականների ընթացքում  սրընթաց դեպի առաջ էր սլանում և՛ ստեղծագործական, և՛ գործնական ուղղություններով: Նա հանդես էր գալիս սեփական քառյակով, հետո կվինտետով: Ձայնագրությունների մի հսկա շարք, որի մասին շատ ճանաչված արտիստներ կերազեին, շլացուցիչ համագործակցություններ, համերգներ և, նույնիսկ, ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ: 1955թ. «Hell’s Horizon» ամերիկյան ֆիլմով նա ազդարարեց իր դեբյուտը: Չնայած առաջին փորձը ֆիլմի ասպարեզում հաջողված էր, Բեյքերը խզեց պայմանագիրը ֆիլմարտադրող ընկերության հետ: Նա մերժեց մի շարք գայթակղիչ առաջարկներ՝ նախընտրելով շրջագայող երաժշտի «թափառաշրջիկ» կյանքն ու նրա զգացողությունները: 

Բեյքերը առաջնորդեց իր իսկ հիմնած ջազային հնգյակը դեպի երաժշտության մեծ օվկիանոս, ուր ծափահարություններն ու անհաջողությունները, ինչպես հետո կպարզվի, սրընթաց փոփոխությամբ պիտի ներխուժեին նրա զգայուն, տեղ-տեղ անառողջ կյանքի ու ստեղծագործության մեջ:

Նա իր կարիերայի ոսկե փուլում էր 1954-1956թթ. ընթացքում և մի քանի փայլուն համերգ ունեցավ Եվրոպայում, մասնավորապես ֆրանսիայում և Իտալիայում: Այդ ընթացքում Բեյքերը հանդես եկավ ոչ միայն որպես շեփորահար, վոկալիստ, այլև, երբեմն՝ դաշնակահար: Հետագայում նկարահանվեց ևս մի քանի ֆիլմում: Դրանցից մեկ-երկուսը իտալական արտադրության էին: Շատերն էին համոզված, որ եթե այս երաժիշտի կյանքն այլ ընթացքով չշեղվեր, հնարավոր է, որ նա իսկական կինոաստղ դառնար:

 Սակայն կյանքը Բեյքերի համար այլ ճանապարհ էր նախապատրաստել:

 1950-ականների վերջից այս աստղային կյանքը կտրուկ այլ ընթացք ստացավ: 1959թ.  Բեյքերը տեղափոխվում է Իտալիա, որտեղ էլ սկսում է տարվել հերոյինով (օգտագործել արդեն սկսել էր 1957թվականից): Այնքան և այնպես, որ այդ ախտը սկսեց լուրջ ազդեցություն ունենալ նրա գործարքների վրա:  Նա սկսեց խորը դեպրեսիաների մեջ ընկնել: Մենեջերներն այլևս սկսեցին հրաժարվել պայմանագրերից: Բայց խնդիրն այն էր, որ որքան վատանում էին երաժշտի գործերը, այնքան նա ավելի էր խրվում այդ անտանելի աշխարհի մեջ: Պատահում էր, որ նա հանպատրաստից վաճառում էր իր երաժշտական գործիքները՝ թմրադեղ գնելու համար: Այս աղետալի կախվածությունն ու սրընթաց անկումը նրան առավել տապալեցին, երբ իրավապահ մարմինները ստիպված եղան ձերբակալել և որոշ ժամանակ բանտարկել: Սկզբում Բեյքերը կալանավորվեց Իտալիայում, որտեղ մեկ տարուց ավել անցկացրեց ազատազրկման մեջ: Հետո նույն մեղադրանքով հայտնվեց անգլիական և գերմանական բանտերում: Վերջինս ավատվեց Գերմանիայից արտաքսումով՝ 1964թ., և Բեյքերը ստիպված կրկին ԱՄՆ վերադարձավ:

Շուտով նոր ու երաժշտի համար ավելի ծանր դեպք տեղի ունեցավ. թմրանյութի ազդեցության տակ և այն ձեռք բերելու մոլուցքով նա փողոցային կռվի բռնվեց մի օր: Դաժան ծեծկռտունքի հետևանքով երաժիշտը հարված ստացավ դեմքին, որից ոչ միայն լրջորեն վնասվեց դեմքը, այլև կորցրեց ատամները: Մի սոսկալի բան, որը նման երաժշտի կյանքում ամենամեծ հարվածը կարող է դառնալ՝ մահվան համարժեք: Երբեմնի փայլուն աստղն ու նորաձևության խորհրդանիշ Չեթ Բեյքերը մի քանի տարի շարունակ չէր կարողանում մոտենալ շեփորին: Այս դեպքն ավելի ընկճեց նրան ու նետեց խորը, արմատացող դեպրեսիաների մեջ:

 

Հարցազրույցներից մեկում նա պատմում է, որ այդ տարիներին անելանելի վիճակը ստիպում է իրեն անել ամեն գործ: Գոյությունը պահպանելու միակ ճանապարհն էր դա: «Ես երկար ժամանակ աշխատեցի գազի լցակայանում՝ առավոտյան ժամը 7-ից մինչև գիշերվա 11-ը, մինչև վերջնականապես հասկացա, որ պետք է մի ելք գտնեմ և վերադառնամ դեպի երաժշտությունը»,-պատմում է Բեյքերը:  

1966-1974թթ. նա իսկապես կարողանում է ուժերը հավաքել և վերադառնալ իր աշխարհը. մասամբ, իհարկե: Այնքանով, որքանով թույլ էր տալիս իր քայքայված առողջությունն ու նվագելու հնարավորությունը: Բեյքերը այս ընթացքում ունենում է ձայնագրություններ, որոնք հիմնականում կարելի է դասակարգել նույն՝ «West Coast Jazz»-ի շրջանակում: Մի երեկո նա պատահաբար մտավ ջազային մի ակումբ, որտեղ այդ օրը նվագում էր նրա կյանքում նշանավոր դեր ունեցած Դիզի Գիլեսպին: Վերջինս, նկատելով նրան, անմիջապես գործի անցավ՝ նյույորքյան ակումբներից մեկում դասավորելով մի քանի համերգ: Եվ սա նրա վերադարձի գործնական և փոքր-ինչ հաջողակ սկիզբը դարձավ: 

1973թ. Բեյքերը կրկին միացավ Մալիգենին և մեկ տարի անց նրանք մի փայլուն համերգ ունեցան «Քարնեգի Հոլլ»-ում: 1975թ. նա դարձյալ շրջագայում էր Եվրոպայում, ձայնագրվում՝ համագործակցելով տարբեր երաժիշտների հետ: Ապրում էր քաղաքից քաղաք, ակումբից ակումբ, համերգասրահից համերգասրահ` քոչվորի կյանքով, բայց կրկին երաժշտության հետ: Այն, որ տարիներն ու վարած անառողջ կյանքն իրենց սպիները թողել էին նրա ձայնի, դեմքի և, երբեմն, կատարման վրա, դա ակնհայտ էր: Այնուամենայնիվ, շատերի կարծիքով Բեյքերը այս «վերածննդի» շրջանում իր կարիերայի լավագույն փուլերից մեկում էր:

1978թ-ից սկսած՝ նրա կյանքում արդեն հաջորդում են համերգներով ու բազմաթիվ համագործակցություններով լի տասը տարիները: Դա համարվում է գործնական առումով ամենահաջողված փուլը, քանի որ մեծ թվով ձայնագրություններ (ընդ որում նաև կենդանի համերգներ), ալբոմներ և բազմաթիվ շրջագայություններ է ներառում աշխարհի տարբեր մայրցամաքներում: Բրիտանացի երաժիշտ Էլվիս Կոստելլոն, ով Բեյքերի երկրպագուն էր, 1983թ. առաջարկում է նրան նվագել իր «Shipbuilding» գործում: Բեյքերի շեփորի սոլոն ձայնագրվեց և այս երգի հետ ընդգրկվեց «Punch the Clock» ալբոմում: Այս երկու տարբեր երաժշտական աշխարհների համադրությունը Բեյքերին հնարավորություն տվեց նոր լսարանում հայտնվելու: Հետագայում նրան արդեն հաճախ կարելի էր տեսնել Կոստելլոյի համերգների ժամանակ: Դրանցից մեկում նա հանդես եկավ նաև այսպես ասած «կելտական սոուլի» հայտնի ձայնի՝ Վան Մորիսոնի հետ (Ճապոնիայում կայացած 1987թ. համերգը):

  

Թվում էր, թե ամեն ինչ այլևս իր տեղում է` իրեն վերգտած ու խաղաղված: Սակայն 1988թ. մայիսի 13-ին, առավոտյան ժամը երեքից երեքն անց տասն ընկած ժամանակահատվածում, Ամստերդամի հյուրանոցներից մեկի պատուհանի տակ հայտնաբերվեց Չեթ Բեյքերի դին: Դեպքի հետ կապված որևէ վկա այդպես էլ չգտնվեց: Իսկ հյուրանոցի համարում, ինչպես նաև երաժշտի մարմնում հայտնաբերված թմրադեղերի առկայությունը գործը փակեց համապատասխանող եզրակացությամբ՝ նա մահացել էր թմրադեղերի ազդեցությամբ պատուհանից ցած նետվելու պատճառով: Բեյքերի մարմինը կրկին «արտաքսվեց» ԱՄՆ՝ այս անգամ վերջնականապես այնտեղ հանգչելու: Սենյակը, որտեղ ապրելիս էր եղել նա, կոչվեց իր անունով և վերածվեց թանգարանային «No 210» -ի:

«Ամեն անգամ, երբ նվագում եմ, այն զգացողությունն ունեմ, որ դա վերջին անգամ եմ անում,- ասում էր Չեթ Բեյքերը իր կյանքի վերջին տարիներին,- Արդեն երկար ժամանակ այդպես եմ զգում: Ինձ շատ քիչ է մնացել ապրելու, ուստի կարևոր է, թե ում հետ եմ նվագում: Ով էլ, որ նա լինի, ուզում եմ հասկանա, որ ես տալիս եմ ամենը, ինչ ունեմ: Նույնը ես նրանցից եմ ակնկալում: Ինձ դուր է գալիս նվագելը, ես սիրում եմ այն: Երևի հենց դրա համար էլ ծնվել եմ»:

Չեթ Բեյքերի հեղինակած ամենահայտնի և լավագույն գործերն են համարվում` «Chetty՚s Lullaby», «Freeway», «Early Morning Mood», «Two a Day», «So Che Ti Perdero’ » («I Know I Will Lose You»), «Il Mio Domani» ("My Tomorrow"), «Motivo Su Raggio Di Luna" («Tune on a Moon Beam"), «The Route», "Skidadidlin», «New Morning Blues», «Blue Gilles», «Dessert» և «Anticipated Blues» գործերը: Վստահ եմ՝ լսելով նրա դիսկոգրաֆիան, այնտեղ կգտնեք նոր անուններ ևս, որոնք թվարկածների մեջ չեն լինի, բայց դա կարևոր չէ, քանի որ կլինեն հենց  ձերը: 

1988թ. նկարահանված «Let’s Get Lost» վավերագրական ֆիլմը փորձել է ստեղծել Բեյքերի դիմանկարը՝ ներկայացնելով նրան որպես 50-ականների մշակութային խորհրդանիշ  : 2015թ. ստեղծվեց նաև «Born to Be Blue» խաղարկային ֆիլմը՝ կրկին հանճարեղ շեփորահարի և նրա դրամատիկ կերպարի մասին: Նրանից ոգեշնչվել են նաև դերասաններ՝ նույնիսկ Բեյքերի հետ ոչ այնքան կապ ունեցող դերեր մարմնավորելիս:  Այլ ֆիլմեր, երգեր, գրական գործեր են ստեղծվել Չեթ Բեյքերի կյանքի և երաժշտության ազդեցությամբ: 

Այլևս պատմության երաժշտական էջերում իր անունը անջնջելիորեն դրոշմած Չեթ Բեյքերը ժամանակակիցների հիշողության մեջ մնալու է որպես ամենալուսավոր և միևնույն ժամանակ ամենատխուր գեղեցկությամբ անունը: Իրեն ուղղված անկեղծ ծափահարությունների, երաժշտության մեջ վերելքների ու վայրէջքների մեջ նա, իհարկե, ուներ իր խնդիրները: Դրանք հնարավոր է՝ ոչ միշտ են բացահայտ երևում կամ  հիշատակվում, սակայն Բեյքերի կյանքի որոշ դրվագներ թաքուն խոստովանություններ կարող են լինել նրանց գոյության մասին: Ոչ բացահայտ, բայց սառը պայքար՝ ինքնահաստատման, միմյանց մեծության հանդեպ բացահայտ չխոստովանած հարգանքի և այս ամենի հետևանքով կես-կես մնալու զգացողությամբ: Բեյքերը երաժշտության մեջ ուներ իր ներքին խնդիրները, որոնց մասին երբեք չի խոսել. մի պարզ պատճառով՝ դրանք իրենն էին և ուրիշ ոչ մեկինը: Եվ միգուցե հենց այդ փակ լինելն ու դրանք այդպես էլ լիարժեք չփշրելն էր նրա աչքերից դուրս նայող թախիծի, ճանապարհը կորցնելու ու կրկին հետ գտնելու քայքայիչ անընդհատության պատճառը: Նա մեծ երաժիշտ էր՝ բնությունից օժտված և թեև այդպես էլ Մայլս Դևիսի ու նրա նման լեգենդների նշաձողին չհասավ( նրան հաճախ են սիրում համեմատել հատկապես Դևիսի հետ), բայց միշտ հավատարիմ մնաց իր առաքելությանը՝ եթե նվագել, ապա հոգու միջով, եթե երգել, ապա հոգու ձայնով և տալ այն ամենը, ինչ պահված է այդ հոգու խորքերում: 

Գլխավոր լուսանկարը՝ Ջոն Քլերիջի


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ