HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրի. պատմում է Արսեն Վարդանյանը

Արսեն Վարդանյան

Մանկության խաղերից մեկը հոլն է: Գյումրեցիները կսեն՝ ֆռռիկ: Պտտեցնում են հատուկ թելով: Ըդոր էլ կսենք՝ ղայթան: Ինքը սովորական թել չէ, պպտացրած է ու փոքր ժամանակ հիմնականում տատիկներն ու մեծերը կսարքեին փոքրերի համար: Ըդիկ նաեւ պարծենալու ու հպարտանալու առիթ էր, թե ում ղայթանն է ամենալավը: Որովհետեւ նաեւ ղայթանից է կախված, թե քու ֆռռիկդ ինչղ կֆռռա: Բացի ֆռռցնելուց՝ պուդուկ կխաղայինք ֆռռիկով: Կանոններ կան: Մեկը բդի հոլը ֆռռցնե, մյուսը բդի հարվածե արդեն ֆռռացող ֆռռիկի գլխին: Հենց փոս կառաջանար՝ ըդիկ արդեն կոչվերգը պուտուկ: Առավոտից իրիկուն իրար հետ կռիվ էնելու առիթ կդառնա էդ պուտուկ խաղը: Մեկը կսե հենց նոր զարգեցի փոս էղավ, էն մյուսը կսե սիգ շուտվա փոս է ֆռռիկիս վրա ու ըդպես... Հետո որոշեցինք պլաստիրինով էդ արտաքին շերտը փակել՝ նոր խաղալ: Դե օր արդար էղնի, ամեն թազա զարգածը տեսնինք:

Փորձառուները կան, օր իրար հետ խաղալուց պուտուկ կխաղան մինչեւ մյուսի ֆռռիկը ջարդի: Ով ջարդեց դիմացի խաղացողի ֆռռիկը՝ ըդիկ արդեն տիտղոսակիր ֆռռիկ կդառնար, ջարդողը ջարդված ֆռռիկի քիթը կվերցներ իրան: Կարգն է ըդպես: Որ ֆռռիկն էլ օր հաղթող էր դարձել՝ մականուն ձեռք կբերեր՝ կսեին Գոնչ ֆռռիկ է: Առանձնահատուկ ձեւով կմշակեին ֆռռիկի արտաքին տեսքը: Տո էլ ներկել, տո էլ նակլեյկա էնել ու եսիմ ինչ հետաքրքիր բաներ, օր ֆռռիկդ ֆռռցնելուց սիրուն ազդեցիկ տեսք ունենա:
Էն ժամանակ կապռոնից ֆռռիկներ էլ կային, քանիմ հոգի ունեցող կար՝ հետները չէինք խաղա: Դե փետից ֆռռիկներով ջարդել չէր էղնի իրանց ֆռռիկները, իրանք միշտ հաղթող կդառնային պուտուկ խաղալուց՝ կամացից սկսեցինք հետները չխաղալ: Հավասարը հավասարի հետ կխաղայինք:

Կային որակով ու անորակ ֆռռիկներ: Լավ բդի ֆռռար ֆռռիկը, մենք օր գուզեր իրա ֆռռիկը գովար, կսեր՝ ծո, լը աշե ինչղ կըվընգա: Իբր լավ է էլի: Էն մյուսն էլ բողոքելու տեղ օր կունենար կամ բանմ սրտով չէր էղնի, կսեր՝ ուրա թե կըվընգա, մոզգդեգը: Այսինքն լավ չի պտտվի:

Ղայթանն ընտրելուց թելի չափ կա, ձեռիդ հարմար չափ բդի ընտրես, օր կռնանաս լավ ֆռռցնել:

Տարբեր երկրներում ֆռռիկը որպես ռազմական խաղ կօգտագործվի: Տարբեր տեսակներ կան աշխարհում: Հատկապես հետաքրքիր են թաիլանդական տեսակները: Խաղալու ժամանակ մարդու գլխու վրա թաս կդնեն ու հեռվից ֆռռցնելով բդի ֆռռիկը քցես մարդու գլխուն դրած թասի մեջ:

Լեննական մեծերը կսեն, օր ամենալավ ֆռռիկ սարքողը Ծերտն է եղել: Մականունն է, անունը դժվարացան հիշեն: Դոխնոց է ունեցել, դոխնոցը աղավնիներին պահելու տեղն է: Ըդեղ նաեւ իրա չարխի ստանոկն է եղել: Ամեն անգամ գործ էնելուց միշտ վրեն ծերտ է եղել ու ըդպես մարդու մականունը Ծերտ է մնացել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter