ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Հրատապ ծրագրեր. հակակարկտային կայաններից մինչև վազքուղի



Արմավիրի մարզում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների լուծման նպատակով կառավարությունը 2016թ. մարզին երեք տարբեր որոշումներով հատկացրել է մոտ 150 միլիոն դրամ: Գումարի մեծ մասը հատկացվել է հակակարկտային կայանների ձեռքբերման համար:

Նախորդ տարի միայն 17 համայնքում 34 հակակարկտային կայան է տեղադրվել: Պայմանագրերը կնքվել են «Բարվա» ՍՊԸ-ի հետ, դրանց ընդհանուր գինը կազմում է 97 միլիոն 600 հազար դրամ:

«Հետքն» անդրադարձել էր, որ հակակարկտային կայանները մարզում գրեթե չեն պաշտպանում բերքը կարկտահարությունից: Տարածքներ կային, որ 100%-ով վնասվել էին, թեև տարածքում տեղադրված է եղել հակակարկտային կայան:

Մայիսի 12-ի, 18-ի, 23-ի, հունիսի 4-ի և 5-ի, 22-ի կարկտահարության հետևանքով տուժել էր մարզի 26 համայնքի 6795 հողօգտագործող: Վնասվել էր 5254,611 հեկտար հողատարածություն՝ 40-100%: Վնասի չափը կազմել էր 10 միլիարդ դրամ:

22 հազար տոննա բերքի կորուստով 3 միլիարդ 15 միլիոն դրամի վնաս կրել էր 2015-ին, 25 միլիարդ 268 միլիոն դրամի վնաս՝ 2013թ-ին:

2016թ. մայիս ամսի ուժեղ քամիներն ու տեղացած կարկուտը փոխել են կառավարության ծրագրերը: Այդ վնասների հետևանքները վերացնելու համար հունիսին Արմավիրի մարզպետարանին հատկացվել է 51 միլիոն դրամ, որից 3 միլիոն դրամ՝ Փարաքարի համայնքի հիմնական դպրոցի շենքի տանիքի վերանորոգման համար: Արմավիրի մարզպետարանից «Հետքին» տեղեկացրել են, որ նախագծահաշվարկային փաստաթղթերի մշակման համար 67,500 դրամ արժողության պայմանագիր է կնքվել «ՍՏ ԱՐՏ» ՍՊԸ-ի հետ: Վերջինս 20 հազար դրամով իրականացրել է նաև հեղինակային վերահսկողություն: Իսկ վերանորոգման աշխատանքների կատարման համար մոտ 1 միլիոն 697 հազար դրամի պայմանագիր է կնքվել «Լուսագանձ» ՍՊԸ-ի հետ: Տեխնիկական հսկողությունն էլ իրականացրել է անհատ ձեռնարկատեր Ղուկաս Սարգսյանը՝ 55 հազար դրամով:

Տանձուտի համայնքի մանկապարտեզի վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար հատկացվել է 1,5 միլիոն դրամ: Սակայն մրցույթում հաղթող ճանաչված անհատ ձեռնարկատեր Սերյոժա Մկրտչյանն այդ աշխատանքներն իրականացրել է մոտ 1 միլիոն 121 հազար դրամով:

Իսկ Դողս համայնքի միջնակարգ դպրոցի շենքի տանիքի ընթացիկ վերանորոգման համար հատկացվել էր 500 հազար դրամ: 10 միլիոն դրամ էլ հատկացվել էր Արտաշարի համայնքին՝ МТЗ-82 մակնիշի գյուղատնտեսական տրակտորի ձեռքբերման համար:

Էջմիածին քաղաքի թիվ 7 դպրոցի մարզադահլիճի տանիքի, վնասված պատուհանների և դռների վերանորոգման նպատակով մարզպետարանին հատկացվել էր 15 միլիոն դրամ: «Իմպերիալ Տուր» ընկերության հետ կնքվել է 12 միլիոն 798 հազար դրամի վերանորոգման աշխատանքների կատարման պայմանագիր: 250 հազար դրամով տեխնիկական հսկողության աշխատանքներն իրականացրել է դարձյալ Ղուկաս Սարգսյանը, իսկ 86 հազար դրամով հեղինակային հսկողությունը՝ Սերյոժա Մկրտչյանը:

Նախորդ տարի 20 միլիոն դրամ է հատկացվել նաև Վաղարշապատ քաղաքի նոր կառուցվող մարզադպրոցի տարածքում ֆուտբոլի մարզադաշտի և վազքուղու կառուցման նպատակով: «Էյ Վի Էն Գրուպ» ՍՊԸ-ի հետ կնքվել է 350 հազար դրամի պայմանագիր՝ նախագծահաշվարկային փաստաթղթերի կազմման համար, սակայն վերանորոգման համար նախատեսված 19 միլիոն 300 հազար դրամ գումարը հասցեատիրոջը չի գտել՝ մրցույթը չկայանալու պատճառով:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ