HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկու նորություն. գնդակ և ջեռուցում

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Այս անգամ որոշեցի գրել այս ձմռանը կատարված երկու իրադարձության մասին: Չզարմանաք, որ «իրադարձություն» եմ ասում: Իրոք, բանտում 21-րդ տարին անցկացնողիս համար իրադարձություններ են, բայց նաև գիտակցում եմ՝ ազատության մեջ գտնվողի համար միգուցե սովորական, աննկատ բաներ են:

Հեռուստացույցով ֆուտբոլ նայել չեմ սիրել, բայց մանկուց թաղի տղաներով ագահաբար ֆուտբոլ էինք խաղում: Հաճախ էլ մնում էի դաշտում ու «21» խաղում, մինչև մութն ընկնում էր, ու մայրս ձայն էր տալիս:

20 տարի, 5 ամիս ոտքս գնդակի չէր կպել: Դիմեցի մեկուսարանի պետին՝ խնդրանքով, որ թույլատրվի գնդակ ունենալ: Թույլատրեց, և այժմ, ինչպես մանկության տարիներին, առանց հագենալու «21» եմ խաղում զբոսախցում. սկզբից հազիվ 5 անգամ էր ստացվում (բնական է՝ հետ էի վարժվել 20 տարվա մեջ), հիմա արդեն հասել եմ 150-ի: Խցակցիս հետ միասին կանգնում ենք երևակայած դարպասներին`մեկս մի պատի մոտ, մյուսը`դիմացի և հերթով տուգանայիններ ենք խփում: Խաղը ավարտվում է ոչ թե մայրիկիս կանչով, որտեղ ընթրիքի սեղանը պատրաստ սպասում է, այլ զբոսանքի համար տրամադրված մեկ ժամի ավարտով:

Մի քանի օր առաջ, երբ խցակցիս հետ զբոսախցում գնդակով խաղում էինք, դուռը բացվեց, ներս մտան «Միջազգային Կարմիր Խաչի» երկու ներկայացուցիչ՝ բանտի աշխատակիցների ուղեկցությամբ: Նրանցից մեկը ամերիկացի էր, մյուսը՝ Վրաստանից, անունը՝ Զուրաբ: Վերջինն անասելի նման էր ռուս դերասան Սաշա Բելովին: Ծանոթացանք ու երբ ասացինք, թե ում է նման, երկար ծիծաղեց, խոստովանեց, որ մի քանի անգամ այդ դերասանի տեղն են իրեն ընդունել: Երկար զրուցեցինք, իմացանք, որ ցմահ դատապարտյալների համար նախատեսված սպորտային սենյակը իրենց կազմակերպության նախաձեռնությամբ ու ֆինանսավորմամբ է իրականություն է դարձել: Հյուրերն իմացան, որ զբոսանքի ժամանակ գնդակով խաղում ենք, այցելում ենք սպորտային սենյակ, մարզվում: Իսկ նախկինում ցելոֆաններով էինք գնդակ սարքում, ինքնաշեն կշռաքարեր բարձրացնում՝ ջրի 5 լիտրանոց շշերից սարքած:

Եվս մի նորության մասին եմ ուզում գրել, որը տեղի ունեցավ «Նուբարաշեն» բանտում այս ձմեռ: Խոսքը ջեռուցման մասին է: 21-րդ տարի այստեղ գտնվելով՝ չէի տեսել, որ խցերը տաքացվեին: Այս ամառ, երբ խողովակներ էին անցկացնում խցերում, թե՛ բանտի աշխատակիցները, թե՛ խողովակ անցկացնողներն ասում էին՝ ջեռուցում ենք քաշում, ձնեռը տաք կլինեն խցերը: Անկեղծ՝ կասկածում էի, չնայած խցիս պատուհանից տեսնում էի, որ կլոր բանտի դիմաց ջերմատուն է կառուցվում, անգամ արևի էներգիայով սնվող սարքեր էին դնում: Եվ ահա մոտ 21 տարի անց խուցը տաքացվում է:

Այնպես որ, երբ դրական փոփոխություններ են լինում, անհնար է դրանք չնկատել, օբյեկտիվ չլինել:

Հ.Գ. Ափսոս, որ չեմ կարող լուսանկարել թե՛ սպորտային սենյակը, թե՛ գնդակը, թե՛ ջեռուցման խողովակները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter