HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոչը սփյուռքին

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը հրապարակել է Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների բաց նամակը սփյուռքի մեր հայրենակիցներին՝ անհատներին, կազմակերպություններին և ոչ ֆորմալ խմբերին` ակտիվ դիրքորոշում ստանձնելու Հայաստանի քաղաքական կյանքում.

«Մենք` Հայաստանի քաղաքացիական հասարակության և իրավապաշտպան մի խումբ կազմակերպություններս, սույն բաց նամակով դիմում ենք սփյուռքի մեր հայրենակիցներին՝ անհատների, կազմակերպությունների և ոչ ֆորմալ խմբերի` ակտիվ դիրքորոշում ստանձնելու Հայաստանի քաղաքական կյանքում:

Միշտ զգացել ենք մեր երկրի հանդեպ սփյուռքի մեծ սերը և իրապես երախտապարտ ենք արտերկրի մեր հայրենակիցների կողմից բազում տարիներ Հայաստանի ժողովրդին ցուցաբերած հսկայական ու երկարատև աջակցության համար: Այդուհանդերձ, 1991թ. Հայաստանի անկախությունից ի վեր ապրում ենք անմխիթար պայմաններում, ինչի ականատեսն եք նաև դուք. աղքատություն, բնակչության քանակի նվազում և ազգային ինքնիշխանության աստիճանական նահանջ: Շարունակաբար կեղծվող ընտրություններն ու քաղաքական կոռուպցիան գրեթե ողջ սոցիալ-տնտեսական իշխանությունը կենտրոնացրել են ոչ ներկայացուցչական օլիգարխիկ վերնախավի ձեռքում:

Բնական ռեսուրսները սպառվում են՝ ծառայելով կարճատև և փոքր խմբային շահերին, աղքատությունն ու սոցիալական անարդարությունը ահագնացող չափերի են հասնում` մի խումբ որոշում կայացնողների բարեկեցության աճին զուգահեռ: Քաղաքացիների քաղաքական ու քաղաքացիական իրավունքները պարբերաբար ոտնահարվում են, անարդարության դեմ խաղաղ հավաքները դաժանորեն ճնշվում են, կախման մեջ գտնվող դատական իշխանությունն արդար դատավճիռներ չի կայացնում՝ ավելացնելով քաղաքական բանտարկյալների թիվը: Ավելին, 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմը բացահայտեց, թե ինչպես է անվերահսկելի ու անպատժելի կոռուպցիան մսխում հայոց բանակի ռեսուրսներն ու սպառնում Հայաստանի անվտանգությանը:

Անկախությունից 25 տարի անց նման պայմաններն այլևս անընդունելի են: Առաջին հայացքից թերևս ոչ այդքան ակնհայտ, սակայն հենց ժողովրդավարության պակասով են պայմանավորված մյուս գրեթե բոլոր ազգային խնդիրները: Հիրավի 21-րդ դարում ժողովրդավարությունն է ընկած պետության կառուցման հիմքում:

Մենք՝ ներքոստորագրյալներս, աշխատել ու անխոնջ պայքարել ենք հանուն Հայաստանում օրենքի գերակայության և ժողովրդավարության: Զարգացրել ենք ենթակառուցվածք ու ակտիվացրել մեր քաղաքացիների ջանքերը ընտրությունների դիտորդության ուղղությամբ, ինչը ժողովրդավարության միակ ամենահիմնարար գործընթացն է Հայաստանում: Բայց մեր ռեսուրսները սահմանափակ են:

Հղելով այս կոչը, ցանկանում ենք հայտնել, որ մեծապես զգում ենք ձեր կարիքը ոչ թե ձեր նվիրատվություններով ու արտերկրից ուղարկվող փոխանցումներով, այլ՝ ձեր ոգու ու  ֆիզիկական ներկայությամբ Հայաստանում՝ ընտրական տեղամասերում ներգրավվելով դիտորդական առաքելությունում և ստանձնելով ձեր դերը Հայաստանի ժողովրդավարության այս պատմական փնտրտուքում:

Առաջիկա խորհրդարանական ընտրությունները երկրի համար հույժ կարևոր են: 2015թ. սահմադրական հանրաքվեի արդյունքում, որն ինքնին ուղեկցվել է լայնածավալ կոռուպցիայով, Հայաստանն սկսում է անցում կատարել դեպի խորհրդարանական հանրապետություն: Սա նշանակում է, որ առաջիկայում նախագահական ընտրություններ չեն լինի և խորհրդարանական ընտրություններն են կանխորոշելու Հայաստանի ապագան:

Մենք կոչ ենք անում սփյուռքի բոլոր կազմակերպություններին, հաստատություններին ու ակտիվ անհատներին միանալ մեզ մեր ջանքերում և աջակցել՝ հանուն արդարության, մարդու իրավունքների պաշտպանության, ազատ ու արդար ընտրությունների, հաշվետու կառավարման, քաղաքացիական իրավունքների ու արժանապատվության: Կապ հաստատեք մեզ հետ, եկե՛ք մեզ մոտ` միասին անցնելու այս խրթին ճանապարհը:

Հայաստանի ապագան ժողովրդավարական է, և այդ ապագան սկսվում է այսօր ձեր մասնակցությամբ և համախմբմամբ:

Միացե՛ք մեզ:

Մեր ընտրական դիտորդական առաքելությանը կարող եք միանալ՝ այցելելով http://citizenobserver.am կայք կամ գրելով [email protected] հասցեին: Կոչ ենք անում սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին, անկախ տարիքից, քաղաքացիությունից, քաղաքական պատկանելությունից կամ հայերենի իմացությունից, միանալ մեզ մեր ջանքերում:

Ստորագրել են.

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Իրավունքի Եվրոպա միավորում
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Գորիսի լրագրողների ակումբ
Համայնքների համախմբման և աջակցության կենտրոն
«Սոսե» ՀԿ
Հայաստանի երիտասարդ կանանց քրիստոնեական ազգային ասոցիացիա
Եվրասիա համագործակցության հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղ
Խաղաղության երկխոսություն ՀԿ
Կանանց ռեսուրսային կենտրոն
Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ
Ընդդեմ իրավական կամայականության
«Երաշխիք» քաղաքացիական հասարակության կենտրոն
«Լոռեցիների միավորում» ՀԿ
«Լոգոս» ՀԿ

Նամակը բաց է միանալու համար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter