HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորում ավագանու նիստը կրկին չկայացավ. քաղաքապետը «մեծահոգություն է դրսևորում»

Գայանե Սարգսյան

Վանաձոր համայնքի ավագանու` այսօր նշանակված արտահերթ նիստը կրկին չկայացավ: Նշելով, որ ՏԻՄ օրենքը թույլ է տալիս ավագանու նիստեր գումարել նաև 9 անդամի ներկա լինելու դեպքում` Վանաձորի համայնքապետ Մամիկոն Ասլանյանը նիստի չկայանալը հիմնավորեց այսպես.

«Մենք առաջնորդվելով մեր մարդկային սկզբունքներով, քաղաքի համար մտահոգված լինելու մեր նախընտրական խոստումներին համաձայն, (մենք հակված ենք ավագանու նիստերն ու քաղաքի կառավարումը տեղի ունենա մասնակցային սկզբունքի հիման վրա, որ քաղաքին վերաբերող ցանկացած խնդիր պետք է քննարկվի և լուծվի ընդհանուր համախմբվածության մթնոլորտում), մեր ֆրակցիան խորհրդակցելով ՀՅԴ-ի ֆրակցիայի հետ` որոշեցինք այսօր ևս չապահովել նիստի իրավազորությունը, որպեսզի մեր ավագանու ընդդիմադիր գործընկերներին ևս մեկ կամ մի քանի անգամ շանս կամ ժամանակ տանք, որպեսզի Վանաձոր քաղաքին վերաբերող խնդիրների լուծման համար մեր ընտրված ավագանու անդամները նույնպես ներկայանան ավագանու նիստերին»:

Մ. Ասլանյանի խոսքով շարունակելու են  «հանդուրժողականության և համբերատարության մթնոլորտում գործել այնքան, ինչքան դա թույլ է  տալիս Վանաձորի վիճակն ու օրենքի առաձգականությունը», սակայն ինչպես ինքն է նշում, «այդ հանդուժողականությունն ու համբերությունը ունի նաև իր սահմանը»:

Հարցին՝ այսինքն ուզում է ասել, որ այս քայլով մեծահոգություն է դրսևորում ընդդիմադիր ավագանու անդամների նկատմամբ, քաղաքապետի պատասխանը կարճ էր. «Այո, մեծահոգություն ենք դրսևորում»:

«Հրավիրել նիստ, հետո ասել, որ մենք մեծահոգի ենք...Եթե հրավիրել եք ու օրենքը թույլ է  տալիս, անեիք, ինչո՞ւմ է խնդիրը»,- հակադարձում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Քրիստ Մարուքյանը:

Նույն ՏԻՄ օրենքի հետ կապված` Ք. Մարուքյանի ու Մ. Ասլանյանի մեկնաբանությւնները խիստ տարբեր են.

«Կուզեի լրագրողները դեբատի հրավիրեն, եթե կան իրավաբաններ, ովքեր կասկածում են, ովքեր մտածում են, որ օրենքի այս դրույթը խոցելի տեղեր ունի, ես պատրաստ եմ իրավաբանների հետ մասնակցել դեբատների, որպեսզի չստացվի, որ մենք օրենքը մեկնաբանում ենք յուրովի»,- ասում է քաղաքապետը:

Ք. Մարուքյանը, սակայն, բանավեճերի կողմնակից չէ.

«Օրենքների մեկնաբանության լիազորությունն ու իրավասությունը տրված է ՀՀ սահմանադրական դատարանին, այսինքն՝ որևէ մեկը կամայական մեկնաբանություններով չի կարող օրենքը իրեն հարմարեցնել և իր հարմարության տակ գործածել: Հիմա բանավիճենք ինչի՞ մասին, թե օրենքի որ կետում ինչ է գրվա՞ծ,- նշում է նա ու հավելում,- եթե օրենքը մեկը մեկնաբանում է ըստ իր ցանկության և կատարում է գործողություններ, այդ կատարված գործողությունների օրինականությունը կարող է վիճարկել մյուս կողմը, որը գտնում է, որ այդպես օրենքը թույլ չի տալիս: Հիմա դրա ինչի՞ մասին բանավիճենք»:

Համայնքապետի խոսքով` մինչ ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրություններն ամենայն հավանականությամբ ևս մեկ անգամ կհրավիրվի ավագանու նիստ: Կանցկացվի՞ այն, եթե ավագանու ընդդիմադիր անդամներն այդ անգամ էլ  չներկայանան, թե ոչ,  քաղաքապետը դժվարացավ ասել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter