HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարդու՝ բնական իրավունքների ու պետության պոզիտիվ պարտավորությունների շուրջ

Կորյուն Կյուրեղյան, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի ուսանող, ՄԱՀՀԻ Առաջնորդության ակադեմիայի և Ժողովրդավարության առաջին երեկոյան դպրոցի շրջանավարտ

ՆԱԽԱԲԱՆ

Յուրաքանչյուր քաղաքակիրթ հասարակության մեջ պետության գլխավոր նպատակը պետք է լինի մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը: Պետություն և անհատ փոխհարաբերություններում գերակայությունը պետք է տրվի  անհատին: Մարդու իրավունքները մարդուն իր աշխարհ գալու օրվանից տրված իրավունքներն են, որոնք նա ստանում և կրում է մինչև մահ: Ժողովրդավարական երկրի  հենքն իրավունքի գերակայությունն է, դրանով է չափվում այդ երկրում ապրող մարդու որակը, մակարդակը և կեցությունը: Իրավունքը բաժանվում է պոզիտիվի և բնականի: Այս  իրավունքներից իրենց կարևորությամբ առանձնանում են բնական իրավունքները, որոնք մարդուն տրված են ի ծնե, և որոնք պետք է հիմք հանդիսանան պոզիտիվ իրավունքի համար: Եթե օրենքը հակասում է բնական իրավունքին, ապա այն չունի գոյության իրավունք:

Վերջին տարիներին, առավել ևս վերջին շաբաթներին ու օրերին, Հայաստանում առավել մեծ քննարկման առարկա են դառնում բնական իրավունքները, ըստ որում՝ ամենատարբեր իրադարձությունների բերումով: 2016թ. ապրիլյան պատերազմն օրակարգ բերեց զինվորների իրավունքներին, այդ թվում՝ նրանց բնական իրավունքներին վերաբերող հարցեր: Իսկ 2016թ. «Սասնա ծռեր» զինված խմբի գործողությունների ու հաջորդած բողոքի զանգվածային միջոցառումների, այդ թվում՝ Սարի թաղի հայտնի դեպքերի ժամանակ ձերբակալված անձանց ձերբակալման, պահման պայմաններն օրակարգ են բերել խոշտանգումների, արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի, կյանքի համար անհրաժեշտ բժշկական ծառայությունների մատչելիության և այլ խնդիրներ: Վառ օրինակներից մեկն այս օրերին հանրության շրջանում «Հաց բերող» անվամբ հայտնի Արթուր Սարգսյանի վտանգված առողջության շուրջ ստեղծված իրավիճակն է: Պավլիկի և իր որդու՝ դատապարտյալների համար նախատեսված հիվանդանոցում պահվելու հակասանիտարական պայմանները և արդյունավետ բուժօգնություն ցուցաբերելու ցանկության բացակայությունը : Սակայն դրանք միակը չեն :

Այս և այլ սրված խնդիրները ստիպում են համալիր հայացք նետել մարդու բնական իրավունքների խնդրին՝ ավելի լայն՝ միջազգային ու ներպետական իրավունքի համատեքստում՝ վերստին անդրադառնալով պետության պոզիտիվ պարտավորությունների խնդրին:   

ԿՅԱՆՔԻ ԻՐԱՎՈՒՆՔ

Կյանքի իրավունքը մարդու բնական և անօտարելի իրավունքն է: Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը սահմանում է՝

Յուրաքանչյուր մարդու կյանքի իրավունքը պահպանվում է օրենքով: Ոչ ոք չի կարող կանխամտածված կերպով զրկել կյանքից այլ կերպ, քան ի կատար ածելով մահավճիռը, որ կայացնում է դատարանը՝ կատարված հանցագործության համար, որի վերաբերյալ օրենքով նման պատիժ է նախատեսված:

Կյանքից զրկելը չի համարվում սույն հոդվածի խախտում, եթե այն ուժի գործադրման հետևանք է, որը միանգամայն անհրաժեշտ է՝

ա) ցանկացած անձի անօրինական բռնությունից պաշտպանվելու համար.

 բ) օրինական կալանավորում իրականացնելու կամ օրինական հիմունքներով ձերբակալված անձի փախուստը կանխելու համար.

 գ) խռովությունը կամ ապստամբությունն օրենքին համապատասխան ճնշելու համար [3]:  

Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 6-րդ հոդվածի համաձայն՝ ապրելու իրավունքը յուրաքանչյուր մարդու անքակտելի իրավունքն է: Այդ իրավունքը պահպանվում է օրենքով: Ոչ ոքի չի կարելի քմահաճ ձևով զրկել կյանքից. այն երկրներում, որոնք չեն վերացրել մահապատիժը, մահվան դատավճիռները կարող են կայացվել միայն ամենածանր հանցագործությունների համար [4]:  

Աշխարհի մոտ 100 պետություն, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունը, իրենց ազգային օրենսդրությամբ վերացրել են մահապատիժը որպես բացառիկ պատժամիջոց: Ազգային բարձրագույն իրավական փաստաթղթի՝ ՀՀ Սահմանադրության 24-րդ հոդվածում ասվում է՝ յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք, ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել կյանքից, ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի [1] :

Ինչ վերաբերվում է այն դեպքերին, երբ անձն իր կյանքը պաշտպանելիս սպանում է հանցագործին, ապա անհրաժեշտ պաշտպանության հարցը գրեթե բոլոր պետություններում լուծվում է հօգուտ պաշտպանվողի: Ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի: Սա բացատրվում էր նրանով, որ մարդուն կյանքը տրվում է ի վերուստ՝ Արարչի կողմից, ուստի միայն նա է ի զորու խլելու այն: Պատճառներից մեկն էլ այն է, որ պետության պատժիչ մարմինները ոչ միշտ են ճիշտ կատարում օրենքի պահանջները, որի արդյունքում ամեղ մարդիկ  են դատապարտվում կամ զրկվում կյանքից: 1976-1978թթ. ԱՄՆ–ում մահապատժի է  ենթարկվել  486 մարդ, որոնցից յուրաքանչյուր 7–ից մեկը եղել է անմեղ [5] : Պետությունը, որտեղ արգելված է մահապատիժը, չպետք է հանցագործին հանձնի այն պետությանը, որի օրենսդրությամբ նախատեսված է մահապատիժ:

Արգելվում է նաև էֆթանազիան, որը ներառում է սեփական կյանքն ավարտելու ձևերն ու միջոցները (ակտիվ և պասիվ էֆթանազիա): Էֆթանազիայի արգելումն օրենքով կարելի է համարել մարդու ազատ կամահայտնության իրավունքի խախտում: Էֆթանազիայի համոզված կողմնակից էր Ամերիկայում հայազգի Ջեք Գևորգյանը՝ «բժիշկ մահը», որը պայքարում էր դրա օրինականացման համար: 1990-1998թթ. նա 130 հիվանդի օգնել է հեռանալ կյանքից: Շատ բժիշկներ դեմ են էֆթանազիային քանի որ եղել են դեպքեր, երբ անհույս հիվանդները խնդրել են իրենց նկատմամբ էֆթանազիա կիրառել, սակայն ապաքինվելուց հետո զղջացել են սխալի համար՝  երախտապարտ լինելով բժիշկներին: Այնուամենայնիվ, 2001թ. ապրիլի 10-ին Նիդերլանդների Սենատն ընդունեց օրենք, որը թույլատրեց էֆթանազիան 3 պայմանների առկայության դեպքում՝

  1. Կյանքից հեռանալու՝ հիվանդի ազատ արտահայտված ցանկությունը
  2. Ծանր հիվանդության փաստը
  3. Երեք անկախ բժիշկների եզրակացությունը հիվանդության անբուժելիության վերաբերյալ:

Էֆթանազիան լայն աջակցություն ունի հոլանդական հասարակությունում։ 2015թ. գրանցվել է կյանքից ինքնակամ հեռանալու 5516 դեպք, ինչը երկրում բոլոր մահերի 3.9 տոկոսն է:

 Արիստոտելն ինքնասպանությունը համարում էր անպատվություն, իսկ հետագայում էֆթանազիան դարձավ անհաջողակ արիստոկրատների և զինվորական հրամանատարների (օրինակ Ադոլֆ Հիտլերը) համար կյանքից հեռանալու արժանավայել ձև:  

Ազգերի կողմից դատապարտվում է որոշ պետությունների այնպիսի վարքագիծը, որն ուղղված է ամբողջ սոցիալական հանրությունների կյանքի իրավունքի ժխտմանը: Միջազգային հանրության կողմից այն բնորոշվում է որպես ցեղասպանություն (գենոցիդ, հունարեն՝ genos՝ ցեղ, և լատիներեն՝ caedare՝ վերացնել): Ցեղասպանությունը պետական իշխանության կողմից բնակչության առանձին խմբերի կազմակերպված և կանխամտածված ոչնչացումն է՝ պայմանավորված ազգային, ռասսայական,  կրոնական և այլ հատկանիշներով:

Կյանքի իրավունքի խախտման վերաբերյալ Եվրոպական դատարանի մոտեցումը տարբերվում է այլ երաշխավորված իրավունքից, որով պայմանավորված՝ գործերի լսման հարցում դրսևորվում է առաջնայնություն և հրատապություն: 

ԱՆՁԻ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ 

 Պետության գերխնդիրը պետք է լինի մարդու արժանապատվության պաշտպանությունը: ՀՀ Սահմանադրության 3-րդ  հոդվածը սահմանում է՝

 1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է: 
2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են: 
3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք: [1]: Մարդու արժանապատվությունը հավասարազոր է հարգվելու իրավունքի և ուրիշներին հարգելու պարտականությանը, այն հանդիսանում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնական աղբյուր: Այս իրավունքն առավել հաճախ նսեմացվում է պաշտոնատար անձանց ոտնձգություններով, չնայած նրան, որ հենց իրենք են կոչված պաշտպանելու այն: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի Նախաբանը սկսվում է հետևյալ նախադասությամբ՝ «Քանզի մարդկության ընտանիքի բոլոր անդամներին հատուկ արժանապատվության և հավասար ու անօտարելի իրավունքների ճանաչումն աշխարհի ազատության, արդարության և խաղաղության հիմքն է, գլխավոր ասամբլեան հրապարակում է սույն մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը»[2]:

Արժանապատվության ոտնահարման առավել խոցելի զանգված են անազատության մեջ գտնվողները: Պատիժը մեր երկրում ունի դաստիարակչական նշանակություն, ուստի չպետք է պատճառի ֆիզիկական տանջանք և ուղեկցվի անձի արժանապատվության նսեմացմամբ: Այդ առումով ամենախոցելի օղակներից են քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող անձինք: Մեր երկրի քրեակատարողական հիմնարկներում կալանավորները գտնվում են անմարդկային պայմաններում (գերծանրաբեռնված խցեր, սանիտարահիգիենիկ պայմանների բացակայություն). կալանավորները քնում են 3 հերթափոխով, և այս ծանր պայմաններից են հիմնականում ծագում ներքին տարաձայնություններ:  

Չնայած վերջին տարիներին նկատված դրական միտումներին՝ անձի արժանապատվության ոտնահարումների առումով դեռևս խնդիրներ կան նաև բանակում, երբ որոշ զինվորական սպաներ զինվորների  նկատմամբ երբեմն ցուցաբերում են վատ վերաբերմունք՝ վերջիններիս վիրավորելով և անգամ ֆիզիկական բռնության ենթարկելով, չմտածելով, որ նման կերպ կոտրում են զինվորի ոգին, հետևաբար մարտունակությունն ու ծառայելու ցանկությունը: Իսկ ընկճված զինվորից լավ ծառայություն չի կարելի ակնկալել:

Սեփական արժանապատվության պահպանման և իրավունքի երկիր ունենալու մեծագույն մղումներով սկիզբ են առնում ըմբոստություններ, բարձրաձայնվում են իրավունքի հարցեր, որոնք նույն բիրտ ու կոպիտ մեթոդներով ճնշվում են, և չի կարևորվում մարդն իր իրավունքներով ու արժանապատիվ  ապրելու  ցանկությամբ:

Սասնա Ծռերի հետ կապված վերջին դեպքերում հանրային մակարդակով կատարյալ չփայլեց նաև ոստիկանությունը. ոստիկանների անօրինական, բռնի գործողությունները խաղաղ ցույցի դուրս եկած քաղաքացիների նկատմամբ, որոնք կատարում էին իրենց՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքը, այն է՝ յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք:  (Հոդված 44) [1]: Մեր երկիրը, մեղմ ասած, թերանում է մարդու արժանապատվության պահպանման հարցում:

Այս երկու հիմնական իրավունքների (կյանքի և արժանապատվության) պահպանմանն ու ապահովմանը պետք է ուղղված լինեն պետության ռեսուրսները, քանի որ դրանցից թեկուզ մեկի խախտումը կնշանակի, որ պետությունը թերացել է իր գործառույթների կատարման մեջ, այն է՝ ապահովել մարդու բարօրությունը, նրա բարոյականությունը, նյութական ու ֆիզիկական բարեկեցությունը, իրավական ու սոցիալական պաշտպանությունը և այլն:

Ցավոք, մեր հասարակության իրավատեղյակության մակարդակը նույնպես ցածր է, որի պատճառով մարդիկ երբեմն տեղյակ չեն, թե ում կամ որտեղ դիմել իրենց խախտված իրավունքների վերականգնման համար: Եվ հենց այդ վատ տեղեկացված լինելուց էլ օգտվում են պաշտոնյաները:

Վերջերս Բելառուսում հարցում է անցկացվել, որի արդյունքում հարցվածների գրեթե երկու երրորդը չգիտեին, թե որ մարմին պետք է դիմել, եթե իրենց իրավունքները խախտվել են: Միայն հարցվողների 14,5%-ն է ակտիվորեն տեղյակ, թե ինչ պետք է անի և ում դիմի: Այն անձանցից, ում իրավունքները խախտվել են, գրեթե կեսը միջոցներ չի ձեռնարկել խախտված իրավունքները վերականգնելու համար՝ համոզված լինելով, որ խնդրի լուծման համար միջոցներ ձեռնարկելը չի հանգելու դրական արդյունքի [6]: Սա խոսում է համակարգային լուրջ բացթողումների և անպատասխանատվության մասին:

Ելնելով այս ամենից՝ պետության գերխնդիրներից մեկն էլ պետք է լինի մարդու կյանքի իրավունքի պաշտպանությունը, և ոչ միայն կյանքի, այլ բարեկեցիկ, արժանապատիվ  կյանքի: Մենք դեռ հեռու ենք քաղաքացիական հասարակություն կոչվելուց, որին հատուկ է ինքնակազմակերպումն ու ինքնակառավարումը, ուստի առանց պետության միջամտության հնարավոր չէ իրականացնել կառավարում: Պետությունը ստանձնում է մարդկանց բարօրության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու պարտականությունը, ընդունում է օրենքներ, որոնք կյանքի չեն կոչվում և պարբերաբար  խախտվում են, իսկ այդ խախտումների չափով էլ կարող ենք բնորոշել պետության  հոգածության սահմանը:

Մեր Սահմանադրության հենց առաջին հոդվածում նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է [1]: Սոցիալական է համարվում այն պետությունը, որն իր առջև խնդիր է դնում հոգ տանել սոցիալական արդարության, իր քաղաքացիների բարեկեցության և սոցիալական պաշտպանվածության մասին: Սոցիալական պետության խնդիրն է յուրաքանչյուր քաղաքացու համար ապահովել մարդուն արժանավայել նվազագույն կենսապայմաններ: Սա նշանակում է որ պետությունը պետք է ամրագրի աշխատանքի իրավունքի ապահովումը: Իտալիայի Սահմանադրության առաջին հոդվածում նշվում է. «Իտալիան աշխատանքի վրա հիմնված ժողովրդավարական պետություն է»[7]: Նրա Սահմանադրության մեջ չի նշվում, որ Իտալիան սոցիալական պետություն է: Նույն սահմանադրության 4-րդ հոդվածը սահմանում է. «Հանրապետությունը ճանաչում է բոլոր քաղաքացիների համար աշխատանքի իրավունքը և ստեղծում է պայմաններ, որպիսիք այդ իրավունքը դարձնում են իրական» [7]: Պետության կողմից իր քաղաքացիների համար աշխատանքի իրավունքի իրական ապահովումն Իտալիան դարձնում է սոցիալական պետություն:

Մինչդեռ ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության ընտրության իրավունք, ինչն ինքնին չի նշանակում, որ պետությունը պարտավոր է ապահովել քաղաքացուն աշխատանքով [1]: Իսկական սոցիալական պետությունը պետք է աշխատատեղեր ստեղծի, իսկ մեր երկրի մեծաքանակ աշխատատեղեր ունեցող ձեռնարկությունների մեծ մասը պատկանում է անհատ ձեռնակատերերին: Իտալիայի Սահմանադրության 43-րդ հոդվածի համաձայն՝ պետությունն իրավասու է ցանկացած ժամանակ ոչ պետական սեկտորին պատկանող ձեռնարկությունները, որոնք հասարակության համար առավել կարևորություն են ներկայացնում, պետականացնել և պետականորեն կազմակերպել դրանց տնտեսական գործունեությունը[7]:

Իսկ մեր պետության Սահմանադրության 60-րդ հոդվածում նշվում է՝ . Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:  [1]: Սա նշանակում է, որ պետությունը և պետական մարմիններն իրավասու չեն միջամտելու քաղաքացու՝ իրեն վերապահված սեփականատիրական իրավունքների իրականացմանը: Չնայած դրան՝ նույն հոդվածում նշվում է նաև, որ սեփականության օտարումը հասարակության և պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ՝ գերակա հանրային շահերի դեպքերում, օրենքով սահմանված կարգով, նախնական համարժեք փոխհատուցմամբ: Սակայն մեր «սոցիալական» պետության կողմից նման հանրային շահ մինչ այժմ արձանագրված բոլոր դեպքերում հստակ չի ձևակերպվել: Եվ այն բոլոր սոցիալական հիմնախնդիրները, որոնք վկայակոչվեցին, ուղղակիորեն ազդում են մարդու  արժանապատիվ ապրելու և կյանքի  որակը  բարելավելու նպատակին:

Ժողովուրդն ու պետությունը պետք է շարունակեն համագործակցել իրար հետ՝ հասնելու այն արդյունքին, որի համար ստեղծվել է պետությունը: Մարդու իրավունքների ապահովման գերխնդիրը միշտ չպետք է մոռացության տալ և քայլեր ձեռնարկել այն կյանքի կոչելու համար, պետք է հետ կանգնել այն ձևական մոտեցումներից, թե միայն օրենսդրական ձևակերպումները բավարար են պետությանն իր քաղաքականությունն արդարացնելու համար: Այս առումով քաղաքացիական հասարակության ինստիտուտների դերը հսկայական է:

ՀՂՈւՄՆԵՐ

[1] Տե՛ս  Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ի հանրաքվեով, ՀՀ Սահմանադրության առաջին փոփոխությունները կատարվել են 2005թ. նոյեմբերի 27-ի հանրաքվեով, երկրորդը՝ 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեով, http://concourt.am/armenian/constitutions/index.htm

[2] Տե՛ս Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր, ընդունվել և հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1948թ. դեկտեմբերի 10-ի թիվ 217 Ա (III) բանաձևի համաձայն, http://www.arlis.am/DocumentView.aspx?docID=1896

[3] Տե՛ս  ՀՀ Միջազգային պայմանագիր, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիա, փոփոխված 11-րդ արձանագրությամբ, 4-ը նոյեմբերի, 1950թ., Հռոմ, http://www.arlis.am/DocumentView.aspx?docID=20870

[4] Տե՛ս Միջազգային դաշնագիր քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին, http://www.arlis.am/DocumentView.aspx?docid=18500

[5] Տե՛ս The wrong men on death row, https://eagleman6788.wordpress.com/2013/01/06/the-wrong-men-on-death-row-a-growing-number-of-bad-convictions-challenges-the-death-penaltys-fairness-2/

[6] Տե՛ս Belarus: public opinion about human rights and advocacy, https://freedomhouse.org/report/special-reports/belarus-public-opinion-about-human-rights-and-advocacy

[7] Տե՛ս  Constitution of the Italian Republic, https://www.senato.it/documenti/repository/istituzione/costituzione_inglese.pdf

 «Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում» ծրագիր (NED)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter