HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաստաբանն ահազանգում է. թարախակալում ունեցող կալանավորը չի տեղափոխվում հիվանդանոց

«Սասնա Ծռեր» խմբի անդամ, 6 ամիս «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող 30-ամյա Արթուր Սողոմոնյանի մոտ դեռևս անցյալ տարվա օգոստոսի 16-ին է ախտորոշվել Ֆուրունկուլյոզ հիվանդությունը: Արթուրի փաստաբան Մուշեղ Շուշանյանի տեղեկացմամբ, վերջին օրերին հիվանդությունը սրացել է. «Դնչի տակի մեծ թարախային բշտիկը պայթել էր, արյուն ու թարախ էր հոսել: Թարախակալումն ուղեկցվում է մարմնի թարախակալված մասերի ցավերով, ուժգին գլխացավերով, նաև՝ մազաթափությամբ»:

Ֆուրունկուլյոզը լատիներեն furunculus բառից է, որը նշանակում է «չիբան»: Այն թարախային, ստաֆիլոկոկային մաշկային հիվանդություն է: Լինում է սուր և քրոնիկ, տեղային ու տարածված: Մարմնի տարբեր մասերում, հիմնականում` մազածածկույթի տակ զարգանում են թարախային բշտեր: Հիվանդության պատճառները տարբեր են` թուլացած իմունիտետով օրգանիզմից մինչև վիտամինների պակաս, սննդակարգ ու միկրոտրավմաներ: Ցուցված է հակաբիոտիկային, հակաբորբոքային բուժում, ուլտրաձայնային թերապիա, դիետա, անհրաժեշտ է պարբերաբար փոխել անկողնային պարագաները, ծայրաստիճան ուշադիր լինել հիգիենայի հարցերում: Չի կարելի ինքնուրույն սեղմել բշտերը, այն կարող է բերել բարդացումների` ընդհուպ մինչև արյան վարակման: 

փաստաբան Մուշեղ Շուշանյանը

Փաստաբանը հիվանդության մասին իմացել է 2016-ի նոյեմբերի 26-ին

Արթուրն իր փաստաբան Մուշեղ Շուշանյանին հիվանդության մասին հայտնել է անցյալ տարվա նոյեմբերի 26-ին: Երկու օր անց փաստաբանը դիմումներ է ուղարկել պատասխանատու գերատեսչություններին` Քրեակատարողական վարչություն, «Նուբարաշեն» ՔԿՀ և ՄԻ պաշտանի գրասենյակ:

ՄԻ պաշտպանի գրասենյակը դեկտեմբերի 28-ին է ընդունել պաշտպանի բողոքը քննության առնելու մասին որոշում: Պաշտպանի գրասենյակից «Հետքին» պատասխանեցին, որ բողոքի քննությունը դեռ ընթացքի մեջ է:

Երեք պետական ատյաններին ուղղված`փաստաբանի դիմումի մեջ կարդում ենք. «Պաշտպանյալս տեղեկացրել է, որ վերոնշյալ առողջական խնդրի ի հայտ գալուց ի վեր անցած ավելի քան երեք ամիսների ընթացքում բազմիցս դիմել է իրեն բժշկական օգնություն տրամադրելու խնդրով, սակայն այդպես էլ որևէ բուժօգնություն նրան չի տրամադրվել. բժիշկ կանչելու նրա պահանջները հիմնականում մնացել են անարձագանք (որևէ բժիշկ և բուժաշխատող նրան տևական ժամանակ չի այցելել), մեկ անգամ նրան այցելել է բուժակ, ով լսելով գանգատները, հայտնել է, որ ոչնչով օգնել չի կարող, երկու անգամ քննության նպատակով նրանից վերցրել են արյուն, որոնց արդյունքների մասին ոչինչ չեն հայտնել մինչ օրս և, վերջապես, մեկ անգամ հաջողվել է հանդիպել բժշկին, ով ասել է, որ դեղեր կնշանակի, սակայն այդպես էլ որևէ դեղորայք չի տրամադրվել»:

Անհայտ է մնում` 3 ամիս ինչ բուժում է ստացել կալանավորը

Մաշկային հիվանդության մասին Արթուր Սողոմոնյանի բժշկական քարտում առաջին գրառումը կատարվել է 2016-ի օգոստոսի 16-ին, գրված է, որ նշանակվել է հակաբորբոքային բուժում: Սակայն թե կոնկրետ ինչ դեղորայք է ընդունել հիվանդը, նշված չէ:

Բժշկական քարտի երկրորդ գրառումը Ֆուրունկուլյոզ հիվանդության մասին առկա է միայն նոյեմբերի 30-ին. «այսինքն` իմ ներկայացրած դիմումներից հետո»,-նշեց փաստաբանը: Փաստորեն, անհայտ է մնում, թե օգոստոսի 16-ից մինչև նոյեմբերի 30-ը ինչ բուժում է ստացել Արթուր Սողոմոնյանը: Ինքը` կալանավորը պնդում է, որ այդ ընթացքում ոչ մի բուժում էլ չի ստացել: Փաստաբանի հարցադրումները վերոհիշյալ ժամանակահատվածում իր պաշտպանյալին տրամադրված դեղորայքի, բուժման մասին, այդպես էլ անպատասխան են մնացել:

Կալանավորին չեն տեղափոխում «Նուբարաշեն» ՔԿՀ բուժմաս կամ «Դատապարտյալների հիվանդանոց»

Չնայած հիվանդության առկայությանը, Արթուր Սողոմոնյանը պահվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Փաստաբան Մուշեղ Շուշանյանը «Նուբարաշեն» ՔԿՀ պետին դեռևս անցյալ տարվա դեկտեմբերի 12-ի նամակում, ի թիվս այլ հարցերի, բարձրացնում է այդ հարցը. «Ո՞րն է պատճառը, որ նա հիվանդության ի հայտ գալուց մինչ օրս չի տեղափոխվել «Նուբարաշեն» ՔԿՀ բուժմաս կամ «Դատապարտյալների հիվանդանոց»` նրա նկատմամբ անեմօրյա հսկողություն սահմանելու և պատշաճ բուժում տրամադրելու նպատակով»:  

Փաստաբան Շուշանյանը «Հետքին» ասաց` դիմել է, որ Արթուր Սողոմոնյանին տեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց» կամ գոնե «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժ մաս: «Այդ մասով դիմումս անպատասխան է մնացել, միայն գրեցին, որ հրաժարվել է բուժում ստանալ: Մյուս անգամ էլ պատասխանեցին, թե բացատրական աշխատանքից հետո համաձայնվել է դեղորայք ընդունել»:

Քրեակատարողական վարչությունից «Հետքին» հայտնեցին, որ Արթուր Սողոմոնյանը «գտնվում է բուժանձնակազմի դինամիկ հսկողության ներքո, ստացիոնար բուժման կարիք չունի»:

Դեկտեմբերի վերջին կատարած ներարկումները օգուտ չեն տվել

Փաստաբան Շուշանյանը նշեց, որ իր դիմումից հետո դեկտեմբերի 15-ին Արթուրին այցելել է ՔԿՎ-ի նեղ մասնագետ մաշկաբանը, քանի որ «Նուբարաշենում» մաշկաբան չկա: Երկու հակաբիոտիկի անուն է տվել: «Սակայն Արթուրը հայտարարել է, որ չի վստահում ՔԿՀ-ի բուժանձնակազմին, թույլ չի տվել ներարկում անել` մինչև որ ես ինքս խորհրդակցեի այլ մասնագետի հետ: Գտա մաշկաբան, խորհրդակցեցի: Նա ասաց, որ բուժում նշանակելուց առաջ բակտերոլոգիական անալիզ պիտի անցկացվի, որ նոր կարողանանք բուժում նշանակել: Պահանջեցի այդ հետազոտությունը անել»,- նշեց Մուշեղ Շուշանյանը: Սակայն քանի որ ԲԱԿ անալիզը երկար ժամանակ է պահանջում, բժիշկը թույլատրել է երկու հակաբիոտիկներից մեկը ընդունել: «Այս անգամ ՔԿՀ-ում ասել են, որ այդ դեղամիջոցը պիտի ինքը` կալանավորն ապահովի: Գրեցի երրորդ դիմումը: Նոր դրանից հետո դեկտեմբերի 27-ից մի քանի օր ներարկեցին հակաբիոտիկ, որը, սակայն, բացարձակ որևէ արդյունք չտվեց»,- ընդգծեց փաստաբանը:

Այց կալանավորին Գլխավոր դատախազությունից

Մուշեղ Շուշանյանն այսօր ևս այցելել է իր պաշտանյալին: «Նուբարաշեն» ՔԿՀ-ից դուրս գալով` Շուշանյանը մեզ տեղեկացրեց, որ փետրվարի 21-ին Սողոմոնյանին այցելել են Գլխավոր դատախազությունից: «Այցելած դատախազի անունը չէր հիշում, բայց վերջինն ասել է, որ իր մասին մամուլի հրապարակումներին է ծանոթացել, այցելել է, որպեսզի անձամբ տեղեկանա իրավիճակի մասին»,- փոխանցեց պաշտպանը: Ապա, նրա փոխանցմամբ, դատախազն առաջարկել է գրավոր ներկայացնել պատմածը: Արթուր Սողոմոնյանը ներկայացրել է իր առողջական վիճակի բացասական դինակմիկան:

Սրտխառնոց և փսխում. դեղորայքը փաստաբանին դեռ հայտնի չէ

Դատախազի այցի հաջորդ օրը երեք բժիշկ է այցելել կալանավորին, որոնց թվում` ՔԿՎ-ի մաշկաբանը: Փաստաբանը, փոխանցելով պաշտպանյալի պատմածը, նշեց, որ ՔԿՀ-ի բուժմասում աջ ականջի մոտ մաքրել են թարախային բշտիկը, ապա բարձրացրել նորից խուց, ասել, որ հակաբիոտիկային սիստեմա են միացնում: «Սակայն միացնելուց մի քանի րոպե անց ուժեղ սրտխառնոց է սկսվել, Արթուրը փսխել է: Խցակիցները ձայն են տվել, ներս են մտել, անջատել սիստեման: Թե կոնկրետ ինչ հակաբիոտիկ է միացվել, անհայտ է»,- ասաց պաշտպան Շուշանյանը` տեղեկացնելով, որ վաղը պատրաստվում է այդ մասին հարցում-դիմում ուղարկել «Նուբարաշեն» ՔԿՀ:

Փաստաբանի փոխանցմամբ` փետրվարի 24-ին Արթուրին այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ գլխավոր բժիշկը և ևս մեկ բժիշկ: «Արթուրը դարձյալ նշել է, որ նորմալ բուժումը հիվանդանոցային պայամաններում կարող է իրականացվել, սակայն, Արթուրի պատմելով, բժիշկներն ասել են` դա հնարավոր չէ»,- ասաց փաստաբանը:

«Արթուրը մեր ընտանիքի միակ կերակրողն էր»

Մենք խոսեցիք նաև Արթուրի քրոջ՝ Իրինա Սողոմոնյանի հետ, ով պատմեց, որ եղբոր տեսակցությունների արգելանքը դուրս գալուն պես 2 անգամ տեսակցել են նրան «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ դեկտեմբերի 28-ին և հունվարի 30-ին: Ըստ քրոջ պատմածի` թարախային բշտերը ավելացել էին երկրորդ անգամ: Եղբայրը նաև սրտի ցավերից է բողոքել:

Իրինան պատմեց, որ եղբոր 30-ամյակը լրացել է բանտում, ընտանիքի միակ կերակրողն է եղել: Մեծացել են առանց հոր: Արթուրն ունի երկու քույր ու մայր: Ապրում են Սպիտակ քաղաքում: Արթուր Սողոմոնյանը սկզբում Ռուսաստանում է աշխատել, հետո վերադարձել է ու տեղափոխվել Երևան աշխատելու: «Մեծացել ենք առանց հոր: Ինքն էր մեր պահողը»,- ասում է Իրինան, ով խնդրում էր իր խոսքը տեղ հասցնել` եղբորը տեղափոխել հիվանդանոց. «Ախր շատ դժվար ա` ինքնուրույն ոնց պիտի մշակի վերքերը»:

Հ.Գ. Փաստաբան Մուշեղ Շուշանյանն ասաց, որ Արթուր Սողոմոնյանը համաձայնություն տվել է` իր հիվանդության վերաբերյալ հանրությանը իրազեկելու հարցում:

լուսանկարը` Արթուր Սողոմոնյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter