HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Անընդհատ փորձում էին այլ կուրսանտներին քաշել կոնֆլիկտների մեջ». սպանված կուրսանտի գործով վկան՝ ամբաստանյալների մասին

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով այսօր դատարանում ցուցմունք տվեց հունվարի 28-ի, լույս 29-ի գիշերը զորամասի երկրորդ հարկում հերթապահ եղած Ասատուր Շահնազարյանը: Վերջինս դատարանին հայտնեց, որ իր հերթապահության օրը ծառայությունը թերի է կատարել և գնացել է քնելու:

Դատարանում հրապարակվեցին կուրսանտի՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքները: Վերջինս իր ցուցմունքներում բացասական է բնութագրել գործով ամբաստանյալներին, նշել, որ անընդհատ փորձում էին կուրսի այլ կուրսանտներին քաշել կոնֆլիկտների մեջ:

Վկան նախաքննական ցուցմունքներից մեկում խոսել է նաև սպանության նյութերի հիման վրա հարուցված և այդ գործի հետ քննվող, ամբաստանյալ Վարազդատ Սաֆարյանի մասնակցությամբ գործից՝ պատմելով Սաֆարյանի և Արտուշ Սիմոնյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին:

Մասնավորապես՝ Շահնազարյանը հայտնել է, որ վերը նշված կուրսանտների միջև կոնֆլիկ է առաջացել, Սաֆարյանը հարվածել է Սիմոնյանին, վերջինս էլ փորձել է պաշտպանվել: Մինչդեռ դատարանում Շահնազարյանը հայտնեց, թե Սաֆարյանը չի հարվածել Սիմոնյանին, այլ պարզապես քաշքշուկ է եղել նրանց միջև:

Ըստ վկայի՝ այս դրվագի վերաբերյալ նախաքննական ու դատաքննական իր ցուցմունքների միջև առկա հակասության պատճառն այն է, որ Արտուշ Հակոբյանն իրեն հետագայում է հայտնել, որ Վարազդատն իրեն չի հարվածել:

Գործով դատախազը հարց ուղղեց վկային, թե արդյոք վերջինս կաշկանդվածություն ունի ամբաստանյալների ներկայությամբ ցուցմունք տալիս: Շահնազարյանը բացառեց նման հանգամանքի առկայությունը:

Նախաքննության ընթացքում Շահնազարյանը հայտնել է նաև, որ երբ Հայկազ Բարսեղյանի սպանության մասին հայտնի է դարձել, ինքը Վարազդատ Սաֆարյանի վարքում տարօրինակություններ է նկատել:

«Վարազդատը սկսեց դողդողալ ու անկապ սրանից-նրանից ծխախոտ էր ուզում, ուրիշ որևէ մեկի վարքագծում որևէ փոփոխություն չեմ նկատել»,- գրել է Շահնազարյանը:

Դատարանում ցուցմունք տվեց սպանությունից ժամեր առաջ ամբաստանյալներից ոմանց հետ կերուխումի մասնակցած վկա Հարություն Բալդրյանը:

Վկայի խոսքով՝ հունվարի 28-ին` ժամը 22:30-ի սահմաններում ինքը, սպանության գործով ամբաստանյալներ Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը, Վարազդատ Սաֆարյանն ու ևս 4 կուրսանտներ զորամասի պահեստասենյակում հաց են կերել և մեկ շիշ օղի խմել` յուրաքանչյուրն, ամենայն հավանականությամբ, 2-ական բաժակ: Ըստ վկայի՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքի՝ օղու շիշը եղել է 700 գրամանոց, և այն կերուխումի ժամանակ դատարկվել է:

Բալդրյանի պնդմամբ՝ ինքը կերուխումի ժամանակ ամբաստանյալներ Գնել Թևոսյանին ու Նորիկ Սահակյանին, ինչպես նաև սպանված Հայկազ Բարսեղյանին չի տեսել, ժամը 23:00-ի կամ 24:00-ի սահմաններում հավաքվածները գնացել են քնելու, և միայն առավոտյան է իմացել, որ Հայկազ Բարսեղյանը պտտաձողից կախված վիճակում է հայտնաբերվել:

Վկայի՝ դատարանում տված ցուցմունքի համաձայն՝ ինքը կերուխումի ժամանակ չի լսել Հայկազ Բարսեղյանի վերաբերյալ որևէ խոսակցություն, նրան  հայտնի չէ նաև, որ սպանության նախորդ օրը Վաչե Սահակյանի ու Հայկազ Բարսեղյանի միջև որևէ միջադեպ է տեղի ունեցել:

Մինչդեռ նախաքննության ընթացքում տված ցուցմունքներից մեկում Բալդրյանը հայտնել է, որ Հայկազ Բարսեղյանի սպանությանից հետո՝ նույն օրը իրեն պատմել են Սահակյանի ու Բարսեղյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին: Թե ով է այդ միջադեպի մասին հայտնել Բալդրայանին, վերջինս նախաքննական ցուցմունքում չի նշել, չի հայտնել նաև միջադեպի մասին որևէ այլ տեղեկություն՝ պատճառաբանելով, որ ավելին չգիտի, չի հիշում, թե ով է իրեն ասել:

Հաշվի առնելով վկայի ցուցմունքում առկա այս հակասությունը՝ դատախազ Հայկ Հարոյանը միջնորդեց, որպեսզի հրապարակվեն վկայի նախաքննական ցուցմունները, որին դեմ արտահայտվեցին Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանն ու Վաչե Սահակյանի պաշտպան Արմեն Նադիրյանը: Պաշտպանական կողմի կործիքով՝ վերը նշված հանգամանքն էական հակասություն չէ, բացի այդ՝ վկա Բալդրյանն իր նախաքննական ցուցմունքում չի նշել իր տված ինֆորմացիայի աղբյուրը:

Դատավոր Դավիթ Հարությունյանը, այնուամենայիվ, բավարարեց դատախազի միջնորդությունը, նշեց, որ վկայի հայտնած ինֆորմացիայում աղբյուրի բացակայության հանգամանքը հետագայում դատարանի կողմից գնահատվելու ենթակա հանգամանք է և հրապարեց վկայի նախաքննական ցուցմունքը:

Առկա հակասության վերաբերյալ Բալդրյանը վերջնական ու միանշանակ բացատրություն չտվեց: «Ինչքան գիտեմ՝ չեմ լսել, բայց լսել էի, որ հակասություն է եղել Հայկազ Բարսեղյանի ու չեմ հիշում ում մեջ»,- եղավ այս կապակցությամբ Բալդրյանի միակ մեկնաբանությունը:

Նշենք, որ նախաքննության ընթացքում տված ցուցմուններում Բալդրյանն իր մասնակցությամ կերուխումի այլ հանգամանքեր ևս հայտնել էր, նշել, որ ուտելիքը և խմիչքը կուրսանտ Արթուր Վահանյանի մոտ է եղել, և կերուխումից հետո դրա մնացորդներն իր հետ տարել է ամբաստանյալ Մովսես Ազարյանը:

Նշել էր նաև, որ զորամասի մարտկոցում ինքը տեսել է օրվա օրապահին ու հերթապահին՝ Թելման Մխիթարյանին ու Խաչիկ Մինասյանին:

Ըստ վկայի՝ ինքը դեպքից հետո որևէ անձի որևէ բան չի հարցրել, ռազմական ոստիկանությունից է իմացել, որ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ձերբակալվել են Գնել Թևոսյանը, Վաչե Սահակյանը, Նորիկ Սահակյանն ու Մովսես Ազարյանը:

Ինչ վերաբերում է սպանության գործի հետ քննվող, Վարազդատ Սաֆարյանի մասնակցությամբ մյուս քրեական գործին, ապա վկան այս առնչությամբ որևէ էական հանգամանք չհայտնեց: Վերջինս նշեց, որ Վարազդատ Սաֆարյանի հետ մտերիմ հարաբերությունների մեջ է գտնվել, նրա և ինստիտիուտի այլ կուրսանտների մասնակցությամբ որևէ միջադեպ չի հիշում: (Սաֆարյանը մեղադրվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ  Արտուշ Սիմոնյանին, ինչպես նաև Վաչե Սահակյանի և Մովսես Ազարյանի հետ միասին նույն ինստիտուտի կուրսանտ Տիգրան Մանասերյանին ծեծի ենթարկելու մեջ):

Նշենք, որ գործում առկա են նաև հունվարի 28-ի երեկոյան զորամասի պահեստամասում արված լուսանկարներ, որոնցից որևէ մեկում Գնել Թևոսյանն ու Նորիկ Սահակյանը չկան: Բալդրյանը դատարանին հայտնեց, որ լուսանկարներն արվել են Մովսես Ազարյանի մոտ գտնվող հեռախոսով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter