HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ԱրմենՏել»-ի նախկին աշխատակից Աշոտ Պողոսյանը հրաժարվեց առանց պաշտպանի ցուցմունք տալ Վ. Սաչկովի գործով նիստին

Ամալյա Մարգարյան

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում «ԱրմենՏել» ընկերության տեխնիկական բլոկի նախկին տնօրեն Վլադիմիր Սաչկովի գործով նիստը հետաձգվեց: Նիստին չէր ներկայացել ընկերության անվտանգության նախկին տնօրեն Աշոտ Պողոսյանի պաշպանը: Փետրվարի 6-ին 4 տարվա ազատազրկման դատապարտած Աշոտ Պողոսյանը ներկայացել էր դատարան, սակայն ինչպես նախորդ նիստին, այս անգամ ևս հրաժարվեց առանց պաշտպանի ցուցմունք տալ:

Դատավորը նշեց, որ վկա Գառնիկ Մարտիրոսյանի վերաբերյալ ոստիկանություն գրություն են ուղարկել, սակայն դեռևս պատասխան չեն ստացել: Իսկ մյուս վկա` Ռուբեն Նալչաջյանի գտնվելու վայրից նոր տեղեկություն չկա, հայտնի է, որ մեկնել է ՌԴ և չի վերադարձել:

Մեղադրող Հայկ Հակոբյանը խնդրեց դատարանին գործը շարունակելու համար հրապարակել Հայաստանից դուրս գտնվող վկաների նախաքննական ցուցմունքները, սակայն Վ. Սաչկովի պաշտպան Նարինե Ռշտունին նշեց, որ պաշտպանական կողմի դիրքորոշումը չի փոխվել, իրենք դեմ են վկաների նախաքննական ցուցմունքները հրապարակելուն. «Չպետք է հրապարակվեն այն վկաների ցուցմունքները, ովքեր չեն ներկայանում դատական նիստին»,- ասաց պաշտպանը: Դիմելով դատարանին՝ պաշտպանը խնդրեց նաև, որ նիստը անընդհատ չհետաձգելու համար դատարանը հրավիրի Աշոտ Պողոսյանի պաշտպանին:

Դատական նիստը հետաձգվեց, այն տեղի կունենա մարտի 6-ին:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի որոշ պաշտոնյաների և նույն կազմակերպության հետ անուղղակիորեն կապված անձանցից կազմված խումբը ստեղծել է մի կապուղի, որի միջոցով արտերկրյա օպերատորներից ստացվող միջազգային զանգերը շրջանցել են ընկերության հաշվարկային համակարգը: Ընկերության հաշվարկային համակարգը շրջանցած կապուղին գործել է 2011-2013թթ-ին: Խմբի գործունեության արդյունքում վնաս է հասցվել թե՛ ընկերությանը, թե՛, համապատասխանաբար, պետությանը՝ հարկերի մասով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter