HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

44 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր է ներկայացվել Ազգային ժողով

Ազգային ժողովում այսօր քննարկվում է Հայաստանի հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2016թ. նոյեմբերի 9-ին ստորագրված «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» (ընթացիկ գործառնություններ) վարկային համաձայնագիրը, որը ներկայացրել է հանրապետության նախագահը:

Հիմնական զեկուցող, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը, ներկայացնելով համաձայնագիրը, ասաց, որ դրանով նպատակ է դրվել բարելավել Ալավերդի-Վանաձոր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհը:

Ծրագիրը բաղկացած է երկու մասից և ֆինանսավորվելու է երկու վարկային համաձայնագրով: Մեկն արդեն վավերացվել է Ազգային ժողովի կողմից դեռևս 2016թ-ին և իրագործման փուլում է գտնվում: Դրանով վերանորոգվելու է Վանաձոր քաղաքի սկզբնամասից մինչև 38կմ ճանապարհահատվածը: Իսկ մյուսով, որն այժմ քննարկվում է խորհրդարանում, վերանորոգվելու է 38կմ-ից մինչև Բագրատաշենի անցակետի ճանապարհահատվածը:

Փոխնախարարի խոսքով՝ ճանապարհն ամբողջությամբ հիմնանորոգվելու է և լինելու է շատ անվտանգ և հարմարավետ:

Ծրագրի շրջանակում հիմնովին վերանորոգվելու են ճանապարհի վրա գտնվող թվով 3 թունելները, որոնք Ա. Առաքելյանի խոսքով՝ չէին համապատասխանում ստանդարտներին: Ամբողջովին կհիմնանորոգվի 12 կամուրջ, իսկ ճանապարհի արագությունը կավելանա 2,5 անգամ:

Ճանապարհը հարակից է Լոռու և Տավուշի մարզերի 30 համայնքների, անցնում է հուշակոթողների կողքով և կառավարության ներկայացուցչի ասելով՝ զբոսաշրջային նշանակություն ևս ունի:

Զեկուցողը նշեց, որ վարկային համաձայնագրով պարտավորության չափը 44 միլիոն եվրո է: Ֆինանսների նախարարության կողմից ընտրվել է լողացող տոկոսադրույքը, որը շուրջ 1% է կազմում: Կստեղծվի շուրջ 500 աշխատատեղ:

Նախատեսում են ծրագիրն ավարտել 2018-2019 թվականներին:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը զեկուցողից հետաքրքրվեց` այդ 44 միլիոն եվրոն ավելանում է 5,9 միլիարդ դոլար վարկային պարտավորություններին, թե արդեն եղած պարտավորությունների մեջ է մտնում: Արամ Մանուկյանը նաև հետաքրքրվեց, թե ընդհանուր վարկային պարտավորության մեջ որքան են կազմում տրանսպորտային ուղղվածության վարկերը:

Պատասխանելով հարցին` փոխնախարարը նշեց, որ վարկային միջոցներ սպառող հիմնական գերատեսչություններից են, սակայն կոնկրետ վիճակագրություն չի կարող նշել: Արթուր Առաքելյանը չնշեց, թե արդյոք 44 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիրը ներառված է արդեն առկա վարկային պարտավորությունների մեջ, թե նոր է ավելանալու: Նա նշեց, թե պատրաստ չէ, լրացուցիչ կտեղեկացնի:

«Ախր այդ պարզ հարցը, որ ասում եք կտեղեկացնեմ: Այսինքն մինչև հիմա չգիտեք այդ 40 միլիոնը մեր պետական պարտքի վրա ավելանում է, թե ներառված է: Գիտեմ, դժվար է պատասխանել՝ ավելանում է, որովհետև գիտեք դրա արձագանքն ինչն է լինելու: Բոլոր նախարարությունները՝ ձեր խնդիրները լուծելու համար վերցնում եք ձեր սիրուն ծրագրերը, իսկ պետության պարտքնն արդեն անցել է ՀՆԱ-ի 50%-ը, բյուջեի չգիտեմ քանի տոկոսը, իսկ 6 միլիարդը մուծելու են մնացած բոլորը, բացի նրանք, ովքեր վերցրել են: Սրա համար եմ հարցնում և գիտեմ ինչու եք դժվարանում պատասխանել», - ասաց Արամ Մանուկյանը:

Պատգամավորը նշեց, որ շուրջ 6 միլիարդ դոլար կազմող պետական պարտքն արդեն կարմիր գիծն անցած թիվ է:

Արթուր Առաքելյանը հաստատեց, որ այո, այս համաձայնագրով պարտքն ավելանում է: Սակայն նշեց, որ իր գերատեսչությունը չի զբաղվում վիճակագրությամբ, այդ իսկ պատճառով չի նշել, որպեսզի չսխալվի:

Մեկնաբանություններ (1)

Վալյա
Էդ դատարկ դահլիճում ով էր վարկային պայմանագրով զբաղվում?Ձրիակերներ..միայն փող են ստանում..

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter