HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Կապանի մարզադաշտի որակազրկումից ամենաշատը տուժում է կապանցի ֆուտբոլասերը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտոնագրման բաժնի պետ Արթուր Ազարյանը օրերս ՀՖՖ կայքին հայտնել էր, որ Կապանի մարզադաշտը զրկվել է 2016/17 մրցաշրջանի Հայաստանի ֆուտբոլի առաջնության խաղերի անցկացման իրավունքից: Սա իսկապես խնդիր է, եթե հաշվի առնենք, որ բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցում է ընդամենը 6 ակումբ, որոնցից 2-ն են մարզերից՝ Գյումրու «Շիրակն» ու Կապանի «Գանձասար-Կապանը»: Ու եթե «Շիրակը», բարեբախտաբար, այս առումով խնդիր չունի, հիմա կապանցիները պիտի իրենց հանդիպումները անցկացնեն Երեւանում՝ միայն իրավաբանորեն մնալով մարզային ակումբ ու թիմ:

Չիմացողների համար նշենք, որ բարձրագույն եւ առաջին խմբերում հանդես են գալիս նույն ակումբների առաջին ու երկրորդ թիմերը: Բացառություն է առաջին խմբի հետնապահ Երեւանի «Էրեբունին», որը գլխավոր թիմ չունի բարձրագույն խմբում: Այսինքն՝ մեր առաջնություններին մասնակցում է 7 ակումբ: Բարձրագույն խմբի թիմերից գործող չեմպիոն «Ալաշկերտն» իր հանդիպումներն անցկացնում է ձեռք բերած «Նաիրի» մարզադաշտում, «Փյունիկը» հանդես է գալիս Ավանի ֆուտբոլի ակադեմիայի՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոնի մարզադաշտում: Գավաթակիր «Բանանցը» խաղում է իր համանուն մարզահամալիրի դաշտում, իսկ «Արարատը»՝ նախկին «Միկա» մարզահամալիրի ստադիոնում, որը գործարար Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Արմավիայի» ու «Միկա Քորփորեյշնի» պարտքերի պատճառով անցավ պետությանը՝ ֆինանսների նախարարությանը, ապա՝ ՊԵԿ-ին: Հիմա այն այդպես էլ կոչվում է՝ ՊԵԿ-ի մարզահամալիր:

Ինչ վերաբերում է «Գանձասար-Կապանին», այս ակումբն իր հարազատ մարզադաշտից զրկվելուց հետո խաղերը կանցկացնի Երեւանի «Հանրապետականում»: Խնդիրն այն է, որ մինչ այս էլ կապանցիները մարզվում էին Աբովյանում՝ Կապան մեկնելով միայն պաշտոնական հանդիպումների համար: Այսինքն՝ ստեղծված իրավիճակից ամենաշատը տուժում է կապանցի ֆուտբոլասերը: Հիշեցնենք, որ մինչեւ 2014/15 մրցաշրջանի գարնանային փուլը Սյունիքի մարզկենտրոնի մարզադաշտում խաղում էր մեկ այլ թիմ՝ Կապանի «Գանձասարը» (իրավաբանական անձը՝ ««Գանձասար» ֆուտբոլային ակումբ» ՀԿ), որը մարզասերներին առավելապես հայտնի էր իբրեւ հանքարդյունաբերող ԶՊՄԿ-ի նախկին ղեկավար Մաքսիմ Հակոբյանի ակումբ ու թիմ։ Հակոբյանի պաշտոնանկությունից հետո կոմբինատի նոր ղեկավարությունը հրաժարվեց ֆինանսավորել ակումբը՝ շեշտելով, որ նման պարագայում ակումբի սեփականատեր պիտի դառնա ԶՊՄԿ-ն: Համաձայնության չգալով՝ ի վերջո ԶՊՄԿ-ն 2015-ի տարեսկզբին նոր ակումբ հիմնադրեց՝ ««Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբ» ՍՊԸ, որի գլխավոր ու դուստր թիմերն էլ հիմա խաղում են Հայաստանի առաջնություններում:

Ինչ վերաբերում է Կապանի «Գանձասար» մարզադաշտի (նախկին «Լեռնագործ») որակազրկմանը, ապա այս հարցը վաղուց էր հասունացել: 1963-ին կառուցված ստադիոնը բարոյապես ու ֆիզիկապես մաշված վիճակում է: ՀՖՖ արտոնագրման բաժնի պետ Արթուր Ազարյանը նշել է, որ արդեն երրորդ տարին է, ինչ ֆեդերացիան ակումբների տնային մարզադաշտերի ստուգում է իրականացնում՝ դրանց համապատասխանությունը ՀՖՖ ենթակառուցվածքային կանոնակարգին հաստատելու համար:

«Նախորդ երկու մրցաշրջանների ընթացքում մարզադաշտը վերապահումով էր հաստատվել եւ ակումբին հնարավորություն էր տրվել շտկել առկա թերությունները: Սակայն մինչեւ ներկա մրցաշրջանի մեկնարկը կատարված ստուգումը կրկին հայտնաբերել էր այդ նույն թերությունները։ Դրանք այնպիսի քանակի եւ տեսակի թերություններ էին, որ  ակումբը կամ մարզադաշտի ղեկավարությունը չէին կարող հասցնել շտկել դրանք մինչեւ առաջնության մեկնարկը։ Այդ պատճառով ՀՖՖ-ն ակումբի եւ մարզադաշտի համար սահմանել էր ավելի երկար վերջնաժամկետ՝ մինչեւ 2016 թվականի հոկտեմբեր ամիսը այդ թերությունները շտկելու համար։

Այդ թերությունները վերաբերում էին ինչպես խաղադաշտին, այնպես էլ հանդերձարաններին, երկրպագուների եւ լրագրողների համար նախատեսված նստատեղերին, սանիտարական պայմաններին։ Մասնավորապես, խաղադաշտի անհամաչափությունը, անհարթությունը, որոշակի տեղերում նույնիսկ խոտածածկի իսպառ բացակայությունը, նախավարժանքի համար նախատեսված տարածքի վատթար վիճակը եւ խաղադաշտի երկայնքով առկա մետաղյա բաց խողովակները մեծ վտանգ են ներկայացնում ֆուտբոլիստների համար։ Մարզադաշտի տրիբունան ապահովված չէ համարակալված, անհատական եւ թիկնակով նստատեղերով (տրիբունաներում փայտյա հին երկար նստարաններն են, որոնք մոտավոր հաշվարկով տեղավորում են 3500 հանդիսական- Վ.Ս.)։ Մարզադաշտում չկա որեւէ հարմարություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար։ Չկան նրանց համար հատկացված առանձին տեղեր։

Կանոնակարգին բացարձակապես չեն համապատասխանում մարզադաշտի հանդերձարանները։ Մասնավորապես, դրանք բավական փոքր են եւ չեն բավարարում ֆուտբոլիստների նվազագույն քանակի համար։ Թե ֆուտբոլիստների, թե մրցավարների հանդերձարանները ապահովված չեն ցնցուղներով, զուգարանով եւ մերսման սեղաններով։ Առկա սակավաթիվ ցնցուղները, զուգարանները եւ մերսման երկու սեղանները գտնվում են հանդերձարաններից դուրս եւ ընդհանուր են երկու թիմերի ու մրցավարների համար։ Այս հանգամանքն անընդունելի է ինչպես կանոնակարգային դրույթների, այնպես էլ անվտանգության նորմերի ապահովման տեսանկյունից։ Ընդ որում, պետք է նշել, որ զուգարաններն առանց զուգարանակոնքի են, իսկ սանիտարական նորմերը թե զուգարաններում, թե առհասարակ հանդերձարաններում որեւէ կերպ ապահովված չեն։ Մարզադաշտում առկա պատվավոր հյուրերի օթյակը ուղղակի ժամանակավոր եւ իրենից վտանգ ներկայացնող կառույց է, որտեղ բարձրանալու համար անհրաժեշտ է անցնել տեխնիկական գոտով, ինչը անընդունելի է կանոնակարգային բոլոր նորմերով, իսկ օթյակ տանող աստիճանները բավական վտանգավոր են։

Ինչեւէ, սահմանված վերջնաժամկետի շրջանակներում ակումբը եւ մարզադաշտը չեն կարողացել շտկել թերությունները եւ անգամ քայլեր չեն ձեռնարկվել այդ թերությունների շտկման ուղղությամբ։

Հաշվի առնելով այդ հանգամանքը, ինչպես նաեւ այն, որ Կապանի մարզադաշտը նախորդ երկու մրցաշրջանների համար նույնպես վերապահումով էր հաստատվել նույն թերությունների պատճառով, ՀՖՖ-ն նոյեմբերին որոշում կայացրեց որակազրկել Կապանի մարզադաշտը 2016/17 մրցաշրջանի բարձրագույն խմբի առաջնության երկրորդ հատվածի համար եւ մինչեւ  հայտնաբերված թերությունների շտկումը»,- ասել է Արթուր Ազարյանը։ 

Կապանի մարզադաշտը, թերեւս, բացառիկ երեւույթ է մեր ֆուտբոլում: Կարող է տարօրինակ թվալ, սակայն այն ունի երկու սեփականատեր: Ինչպես «Հետքի» հետ զրույցում երեք տարի առաջ ասել էր մարզկենտրոնի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, մարզադաշտի տրիբունաներն ու մյուս կառույցները պատկանում են Գառնիկ Օհանջանյանին, իսկ խոտածածկը՝ Կապան համայնքին:

Գառնիկ Օհանջանյանը ««Լեռնագործ» ֆուտբոլային ակումբ» ՀԿ-ի նախագահն է: Ըստ լուրերի՝ նա ստադիոնի մի մասը սեփականաշնորհել է 2004-ին, որտեղ «Գանձասար» ակումբը հանդիպումներ էր անցկացնում՝ վճարելով 1,7 մլն դրամ վարձ: Օհանջանյանը news.am-ին դեռ 2014-ին ասել էր, որ 1996-ին վերանորոգել է մարզադաշտը. «Պատերազմից հետո այդ ստադիոնը քանդված վիճակում էր, մենք մի քանի կապանցիներով հավաքվեցինք եւ միլիոններ ծախսեցինք՝ մարզադաշտը վերանորոգելու համար: Ուզում եմ ասել, որ ներդրումներ անելու համար կապ չունի՝ դու սեփականատեր ես, թե չէ: Հիմա Կապանում հարուստ մարդիկ շատ կան, ինչո՞ւ չեն օգնում ու վերանորոգում մարզադաշտը»: Օհանջանյանը նշել էր, որ Մաքսիմ Հակոբյանի վարձակալ ակումբը չի ուզում ներդրումներ անել. «Մի անգամ ես ներդրում արել եմ, բայց ոչ մի կոպեկի օգուտ չեմ տեսել, հիմա էլ ստիպում են 500 մլն դրամի ներդրում անել (նկատի ունի ՀՖՖ-ին- Վ.Ս.), ի՞նչ եմ ստանալու. ոչ մի բան: Ակումբի տված փողն էլ նույնիսկ խոտածածկի համար չի բավականացնում: Իսկ ակումբն էլ ասում է, թե մենք սեփականատեր չենք, ներդրումներ չենք անի, ու դրանից սկսվում է մեր կոնֆլիկտը, իսկ իրենք այդ միջոցներն ունեն»: «Գանձասարի» գործադիր տնօրեն Վլադիկ Առաքելյանն էլ կայքին ասել էր, թե իրենք նույնպես միջոցներ չունեն:

Մարզադաշտը մասնակի վերանորոգվել էր Եվրոպայի լիգայի 2009/10 խաղարկության մեկնարկից առաջ, որին մասնակցելու իրավունք էր ստացել «Գանձասարը»:

2016-ի մայիսին Կապանի քաղաքապետը փոփոխություններ է կատարել ««Լեռնագործ» ֆուտբոլային ակումբ» ՀԿ-ի հետ 2005-ի օգոստոսին կնքած հողի վարձակալության պայմանագրում: Հողի վարձակալության տարեկան գումարը 255 հազար դրամից դարձվել է 2 մլն-ից մի փոքր ավելի: Վարձակալության ժամկետը երկարացվել է մինչեւ 2040 թ. դեկտեմբերի 31-ը: Սահմանվել է, որ վարձակալը պարտավորվում է մարզահամալիրը ըստ անհրաժեշտության անվճար տրամադրել Կապանի համայնքապետարանին՝  համաքաղաքային միջոցառումներ կազմակերպելու համար:

Թե վարձակալն ու մարզադաշտին առնչություն ունեցող մյուս կողմերն (համայնքապետարանը, «Գանձասար-Կապան» ակումբը, այսինքն՝ ԶՊՄԿ-ն) ինչ ներդրումներ կանեն առաջիկայում, ցույց կտա ժամանակը: ՀՖՖ-ի արտոնագրման բաժնի որոշումը գործնական քայլեր կատարելու ազդակ է:

Մեկնաբանություններ (2)

Վարազ Սյունի
Ես պարզապես ցանկանում եմ հարցնել. Կապանում կա՞ մի բան,որ նորմալ-պրոֆեսիոնալ աշխատում է: Քիչ մնում քաղաքապետարանը սեփականաշնորհեն: ՀԳ. ՀՀ-ն վերանվանեք Երևանի քաղաք-պետություն:
Վարազ Սյունի
Էդքան հանքեր բա էլ ու՞մ համար են աշխատում ու պոչամբարներ «նվեր» թողնում,եթե Կապան համայնքը մի փոքր ստադիոն անգամ չի կարողանում կարգավորել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter