HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ապրիլյան քառօրյան սահմանել է հյուծող պատերազմի նոր նշաձող»

Երեք հարց քաղաքագետ, Քարվաճառ քաղաքի բնակիչ Ալեքսանդր Քանանյանին

-Փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը Արցախի և Ադրբեջանի սահմանին գիշերը դարձյալ  խաղաղ չէր: Հակառակորդը հրանոթներով կրակել է Թալիշ գյուղի ուղղությամբ: Վերջին օրերին լարվածության աճը զգալի է դարձել: Ի՞նչ եք կարծում՝ սա արդյո՞ք պատերազմի նախապատրաստություն է Ադրբեջանի կողմից:

-1994 թվականի հրադադարից ի վեր Ադրբեջանը մշտապես պատրաստվում էր նոր պատերազմի։ Իսկ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին ինքնիշխանազրկության և պետության հիմնասյունների քայքայման գործընթացներն այնքան են խորացել, որ մոտալուտ պատերազմը համարյա անխուսափելի է դարձել։ Անցած տարվա ապրիլյան քառօրյան սահմանել է մեր դեմ ծավալված հյուծող պատերազմի նոր նշաձող, որն այսուհետև պահպանվելու է պարբերաբար կրկնվելիք համանման տեղայնացված «քառօրյաների» տեսքով, որոնք իրենց հերթին անմիջապես վերաճելու են համապարփակ ռազմական բախման, եթե հայկական կողմն ինչ-որ պատճառով չկարողանա պահել առաջնագիծն ու սկսի նահանջել…

Միաժամանակ ներքին քաղաքական համընդհանուր հուսալքության պայմաններում Հայաստանում սպասվելիք խայտառակ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ խոշոր ռազմական սադրանք սանձազերծելու Ադրբեջանի ցանկությունը նույնպես կանխորոշում է ռազմական ակտիվության կտրուկ աճը։

-Արցախի հիմնահարցի շուրջ բանակցությունները տարիներ շարունակ, կարծես, պատրանք են ստեղծում, որ դիվանագիտական ճանապարհով հնարավոր է լուծել հարցը: Բանակցությունները կարելի՞ է այլևս սպառված համարել:

-Մեր տարածաշրջանում խաղաղությունը հնարավոր է միայն, եթե այդ պահին հնարավոր չէ պատերազմը։ Բանակցային գործընթացը կարող է ունենալ շատ գործառույթներ և նպատակներ, որոնց մեջ հռչակագրվող «համապարփակ խաղաղ կարգավորումը» միշտ չէ, որ առաջնային է։

Այսօր Հայաստանում և հարակից տարածաշրջանում համաշխարհային ուժի որևէ կենտրոն չունի անհրաժեշտ ծավալի գերակայություն՝ սեփական հայեցողությամբ խնդիրը «լիովին» կարգավորելու համար։

Երկար տարիներ բանակցային գործընթացն ավելի շատ սպասարկում էր ստատուս-քվոյի պահպանումը։ Ռուսաստանի սեպարատ փորձերը՝ հօգուտ Ադրբեջանի ԵԱՏՄ-ացման քայքայելու առկա ստատու-քվոն, որոնք արտահայտվել են Ադրբեջանին ահռելի քանակի հարձակողական սպառազինությունների մատակարարման ու ապրիլյան պատերազմը սադրելու լռելյայն թույլտվության միջոցով։ Ապրիլյան պատերազմից հետո բանակցային գործընթացն էլ ավելի է կենտրոնանալու եռակողմ ոչ հրապարակային համաձայնությամբ չարտոնված ռազմական գործողությունները կանխարգելելու առաջնահերթության վրա։ Ուստի, հայկական կողմի համար բանակցությունները կարող են լինել, ընդամենը, ռազմական գործողությունները մեզ համար ոչ ձեռնտու ժամանակահատվածում հետաձգելու օժանդակ միջոցներից մեկը։ Խաղաղության միակ իրական և արդյունավետ միջոցը երկրի ինքնիշխանության վերականգնումն ու ազգային պետության կերտումն է, այդ թվում և՝ բանակաշինության ոլորտում։

-Ի՞նչ փուլում է հիմնահարցը՝ ըստ Ձեզ:

-Հիմնահարցը փակուղում է 1991 թվականից, երբ Հայաստանի իշխանությունները, ապօրինաբար և կոպտագույնս ոտնահարելով Հայաստանի անկախության հռչակագիրը, ոտնձգել են ուրանալ Արցախի՝ ՀՀ ինքնիշխան տարածքի անքակտելի մաս լինելը։ Հիմնահարցի իրավական կողմը կկարգավորվի ՀՀ բոլոր սահմանադրությունների հիմքում ընկած անկախության հռչակագրի իրավական ուժի վերականգնմամբ։ Արտաքին քաղաքականության ոլորտում հիմնահարցը կլուծվի միայն կենսունակ, արդյունավետ և ինքնիշխան հայոց պետականության անշրջելի հաստատմամբ։ Առայժմ այդ ուղղությամբ մենք անսահմանորեն թերացել ենք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter