HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարության պահանջը կատարելու համար Կարեն Փարեմուզյանն անհնարինը դարձրել է հնարավոր

Կառավարությունը համայնքապետերից պահանջում է ապահովել բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշներ՝ 100 և ավելի տոկոս:

Իր հրավիրած բյուջետային քննարկումներին մարզպետ Արթուր Նալբանդյանը հորդորում է համայնքապետերին ամեն գնով կատարել կառավարության պահանջը: Համայնքապետերը, այլ ելք չգտնելով՝ կեղծում են հողի հարկի եկամուտների հավաքագրման տոկոսները:

Ալավերդի համայնքի 2016թ-ի բյուջեն եկամուտների գծով կազմել է 402 մլն. 178 հազար դրամ: Եկամուտների հավաքագրումն էլ կազմել է 100,1 տոկոս: Բյուջեի սեփական եկամուտները կատարվել են 106 տոկոսով, հողի հարկը կատարվել է 101,2 տոկոսով: Այս մասին փետրվարի 24-ին 2016թ.-ի իր տարեկան հաշվետվությամբ հայտնել է քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը: Վերջինս ներկայացրել է նաև  հողի հարկի հավաքագրման վերջին տարիների դինամիկան։

«2015թ.-ին նախատեսված է եղել հողի հարկի 4մլն. 613 հազար դրամ եկամուտներ, 2016թ.-ին նախատեսվել է 4 մլն. 713 հազար դրամ, 2017թ.-ին նախատեսել ենք 4 մլն 773 հազար դրամ եկամուտներ»,-հայտնել է Կ. Փարեմուզյանը: Դինամիկայով քաղաքապետի հրապարակած 2015 և 2016թ.թ. հողի հարկի նախատեսված իրական եկամուտները ճիշտ չեն ներկայացվել: Նախկին քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը Ալավերդու 2015թ.-ի իր կանխատեսած բյուջեում հողի հարկի եկամուտները նախատեսել է 5,9 մլն. դրամ: Դա վկայում է նաև alaverdi.am կայքում տեղադրված, համայնքի ավագանու կողմից հաստատված 2015թ.-ի բյուջեն: Համայնքի 2015թ.-ի քաղաքապետի տարեկան հաշվետվությունը ներկայացրել է  նորընտիր քաղաքապետ Կ. Փարեմուզյանը, որն էլ 2015թ.-ի հողի հարկի եկամուտները ներկայացրել է ճիշտ՝ 5,9 մլն. դրամ: Տեղեկացրել է նաև, որ հեղինակած 2016 բյուջեում հողի հարկի եկամուտները նույնպես պլանավորված է 5,9 մլն. դրամ: Մեր ձեռքի տակ է քաղաքապետի  այդ  հաշվետվության տեքստը, որտեղ նշված է վերոնշյալ փաստերը: Համայնքի ավագանու կողմից հաստատված 2015թ. և 2016թ.-ի բյուջեներում հողի հարկի պլանավորված եկամուտները տարեվերջին փոխվել են, որի մասին, սակայն քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը փետրվարի 24-ի իր հաշվետվության մեջ  չի նշել:  

«Մենք ունենք Մադան գյուղական թաղամաս, որտեղից մեկ լումա անգամ հողի հարկ չի գանձվել, թաղամասի հողատերերի  հողի հարկի պարտքը արդեն 3-4մլն. դրամի է հասնում: Մենք հողի հարկերի բազայում  լուրջ խնդիրներ ունենք նաև Ակներ և Սանահին գյուղական թաղամասերում, այդ պատճառով տարեվերջին նվազեցրել ենք 2015 և 2016թթ, բյուջեներով հողի հարկի պլանավորված եկամուտները»,-հայտնեց քաղաքապետարանի եկամուտների հաշվառման, հավաքագրման և գույքի կառավարման բաժնի պետ Արա Աբելյանը:

Հիշեցնենք, որ  տարածքային կառավարման և զարգացման  նախարարությունը 2015թ.-ի փետրվարին կատարած իր ուսումնասիրությամբ պարզել է, որ Ալավերդի համայնքի  հողի հարկ վճարող 2100 հարկատուից 1415-ը բյուջեին հարկ չեն վճարում: «Վերջինիցս 270-ը` սոցիալապես անապահով են, 456-ը` բացակայում են համայնքից, 599 հարկատու մահացել է, իսկ հողերի ժառանգությունը ոչ ոք չի ճանաչել, 90-ը`սեփականության վկայականներ չունեն»,- նշվել է ուսումնասիրության արձանագրությունում:

«Հետքը» այս  ուսումնասիրությանը անդրադարձել է 2015թ.-ի մարտի 2-ի իր հրապարակմամբ: Համայնքի զարգացման 2017-2021թ.թ. հնգամյա  ծրագրում Կարեն Փարեմուզյանը հայտնել է, որ  համայնքում ընդհանուր 3130,3 հա  գյուղատնտեսական նշանակության հողատարածք կա, որից 2661,7 հա-ը  համայնքային սեփականություն է, որտեղ կարելի է պտղատու այգիներ և ջերմոցային տնտեսություններ հիմնել: Այդ հողերը պատկանում են Ակներ և Սանահին գյուղական թաղամասերին: Կարեն Փարեմուզյանի ասելով գյուղացիները այդտեղ  հիմնականում զբաղվում են տնամերձ այգիների մշակմամբ, սեփականաշնորհված հողերը բառացիորեն չեն մշակվում: Ինչպես նկատում ենք տարածքային կառավարման և զարգացման նախարարության ուսումնասիրությունը համարժեք է Ալավերդու գյուղական  թաղամասերի սեփականաշնորհված հողերի օգտագործման վիճակին: Նախկին քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը 2015թ.-ի մարտի 2-ին «Հետքին» պարզաբանել է, որ  հողի հարկի տարեկան եկամուտներն իր կողմից պլանավորվել է 2100 հարկատուի հաշվարկով:

«Հարկ վճարում է 35%-ը, այսինքն 525 հողատեր,  դրա համար էլ թերակատարվում է հողի հարկի հավաքագրումը»,-բացատրել է Ա. Վարոսյանը: Վերջինս «Հետքին» հավաստիացրել է, թե  իր կողմից  հարկ չվճարող հողատերերի 4 վարչական վարույթ է ներկայացվել, բազմաթիվ գործեր են ուղարկվել ԴԱՀԿ, սակայն խնդիրը չի լուծվել:

«Ոչ պարտաճանաչ հարկատուների նկատմամբ կազմվել է 75 վարչական վարույթ, և ԴԱՀԿ է ներկայացվել 36 գործ: Ընդհանուր 36 գործից մենք ակնկալում ենք 6 մլն. 455 հազար 600դրամ, որից արդեն գանձվել է 292 հազար  դրամ: Մնացած գումարը գործընթացի մեջ է»,- հաշվետվությամբ հայտնել է  Կարեն Փարեմուզյանը:  Հիշենենք, որ 2012թ.-ին  կառավարությունը Ալավերդի համայնքի բյուջեի հողի հարկի ապառքից հողատերերին զիջել մինչև 2008թ.-ի ունեցած 60 մլն. դրամ ապառքները, սակայն դրանք շարունակվում են կուտակվել: Այսօր Արա Աբելյանը  հայտեց, որ 2017թ.-ի հունվարի 1-ի դրությամբ համայնքի բյուջեին հողատերերի ապառքներն ու տույժերը կազմում են 25 մլն. դրամ: Հողի հարկի բազայում տիրող վիճակով ուղղակի անհնարին է 100 տոկոս  եկամուտների հավաքագրում: Կառավարության պահանջը կատարելու համար քաղաքապետ Կարենը Փարեմուզյանը անհնարինը դարձնում է հնարավոր, իսկ հողատերերի աննմշակ հողերի և Ալավերդի համայնքի հողի հարկերի բազայում տիրող վիճակն այդպես էլ  չի հայտնվում կառավարության տեսադաշտում:

Գլխավոր լուսանկարում՝ անմշակ հողերով Ակներ թաղամասը

Մեկնաբանություններ (5)

Վաչե
Անգործությունը քողարկելու մի ձև էլ էսա,սովետ միության նման հավելագրումներով պլան են կատարում:
Սերգո
Դրա համար էլ երկիրը թղթի վրա գրած թվերով զարգանումա,աճումա...Սաղ թվեր կեղծելով են զբաղված,դրա համար էլ բան չի փոխվում
Մարատ
Տենաս կառավարությունը գիտի ոնց են իրա հանձնարարությունները կատարում քաղաքապետ -գյուղապետերը,որ մի հատ էլ բարեփոխումներա ուզում անի իրան խաբողների հետ:
Մարիամ
Սա նախ և առաջ ավագանու անսկզբունքայնության հետևանք է,առանց իրանց որոշման համայնքի ղեկավարը նման կեղծիքներ չի կարող անել:
Արշավիր
Համայնքներում հարկերի հավաքագրման հավելագրումների այս մեխանիզմը նոու հաու չէ,այն վաղուց դարձել է ավանդական,և ուսումնասիրություններ կատարելու դեպքում նման պրակտիկա կհայտնաբերեք շատ այլ համայնքներում:Համայնքապետերը 100 տոկոս հավաքագրում ապահքվելու Կառավարության պահանջը իրականացնելու ձևը վաղուց են գտել ու հաջողութամբ կիրառում են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter