Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Խորոված` պոչամբարների կողքին



Սա հումոր չէ, իրականություն է: Ճոճկանի պոչամբարի մոտ հանգստի տաղավար է դրված: Ախթալայում էլ Նահատակի պոչամբարի մոտ` Մեծ Այրում գնացող ճամփեզրին կուտակված 96 հազար խմ պոչանքներից մի քանի քայլի վրա, տաղավար կա: Հանգստի տաղավարի կողքով է անցնում Ախթալայի լեռնահարստացման կոմբինատից դեպի Ճոճկանի պոչամբար գնացող պոչանքների խողովակը: Խողողովակների վթարների հետևանքով պոչանքներով աղտոտված է Ախթալայից Մեծ Այրում գնացող ճանապարհի այդ հատվածը: Տաղավարում ախթալացիները գարնան գալու պես խորոված են անում:

Մարդիկ էլ պոչանքի կողքին ուտում, խմում, միմյանց առողջություն և արևշատություն են մաղթում: Ախթալայի լեռնահարստացման կոմբինատին պատկանող Ճոճկանի պոչամբարը գտնվում է Ճոճկան և Մեծ Այրում համայնքների վարչական տարածքներում: Անծանոթ մարդու համար հեռվից պոչամբարը գեղատեսիլ լիճ է հիշեցնում: Շրջակայքում պոչամբարի վտանգների մասին նախազգուշացնող ցուցանակներ այդպես էլ չեն տեղադրվել: 

Ճոճկանի գյուղապետ Արկադի Թամազյանը տեղյակ էր այդ տաղավարից: «Նկատել եմ, ճոճկանցիները այդտեղ չեն նստում և չեն հանգստանում: Մենք հանգստանալու համար լավ անտառներ ունենք: Տաղավարը 2008թ. Մեծ Այրում-Ճոճկան մինչհամայնքային ճանապարհը ասֆալտապատելիս տեղադրել են ճանապարհի վրա աշխատող ասֆալտագործները՝ իրենց հանգստանալու և ճաշելու համար», - հայտնեց գյուղապետը:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ պոչամբարի վտանգներին անտեղյակ ԼՀԿ-ի պոչամբարի աշխատողները հենց պոչամբարում աշխատանքային ժամերին իրենց ուտելու համար նույնիսկ լոբի, վարունգ և լոլիկ էին ցանել: 

Մի քանի անգամ ավտոմեքենայով Մեծ Այրում բարձրանալիս ամառվա տապին նկատել եմ «Նահատակի» պոչամբարի հարևանությամբ տեղադրված հիշատակի աղբյուրը` հանգստի տաղավարով և խորովածի կրակարանով: Տաղավարում հանգստացող մարդկանց մեջ նկատել եմ նաև երեխաների և նրանց խորովածի կրակի բարձրացող ծուխը:

Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը նույնպես տեղյակ էր պոչանքի մոտ տեղադրված հանգստի տաղավարից: «Մասնավոր մարդ է կառուցել, մեր վարչական տարածքում է, մարդիկ չեն օգտագործում, բայց ոնց արգելեմ մարդկանց», - ասաց Հայկազ Խաչիկյանը:

Այն, որ տաղավարը օգտագործվում է, փաստում էր նաև խորովածի կրակարանի մեջ մնացած, կիսով չափ այրված փայտն ու կրակարանի տակ գտնվող փայտի  կույտը: 


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Վարազ Սյունի 03:09 - 3 մարտի, 2017
2016 թվին Հայաստանում արդյունահանվել է 33 մլն տոննա մետաղական հանքանյութ, որից նաև 3.5 տոննա ոսկի են ստացել, բայց՝ պետական բյուջեն սրանից ստացել է ընդամենը 23 մլրդ դրամ (մոտ 46 մլն եվրո): Հասկացա՞ք ինչ է կատարվում. հայաստանցու ազգային հարստությունը՝ ոսկին, հայի քթի տակից տանում են ու մահաբեր պոչամբարներ թողնում, բայց շարքային հայաստանցին շարունակում է մնալ աղքատ-չքավոր:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ