HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Պատմության թանգարանը չի ցանկանում վերադարձնել մարզերից բերված հուշարձանների մի մասը

Հայաստանի պատմության թանգարանը Հայաստանի Հանրապետության անկախությանը նվիրված ժամանակավոր ցուցահանդես կազմակերպելու նպատակով 4 տարի առաջ մարզերից Երեւան տեղափոխեց թվով 51 պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձան: «Քարերը ժողովելու ժամանակը» խորագիրը կրող ցուցանդեսում հիմնականում ներկայացվեցին խաչքարեր եւ հուշակոթողներ` վիշապ, դիմաքանդակ, խոյակ, տապանաքար, արեւի ժամացույց, եկեղեցու մակետ եւ այլն:

Կառավարության որոշման համաձայն՝ ցուցահանդեսի ավարտից հետո` 2016 թ. սեպտեմբերին, դրանք պետք է ամրացված եւ վերականգնված վերադարձվեին իրենց գտնվելու վայրերը: Մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը հայտնում է, որ 2016 թ. սեպտեմբերից մեկնարկել է 51 հուշարձաններն իրենց գտնվելու վայրերը վերադարձնելու գործընթացը: «Առայսօր տեղափոխվել է 16 հուշարձան, իսկ մնացած 35-ը կտեղափոխվեն եղանակային բարենպաստ պայմաններ հաստատվելուն պես»,- հայտնում է  Ա. Սամուելյանը:

Իրենց գտնվելու վայրերը վերադարձված 16 անուն հուշարձանների ցանկում ընդգրկվել են համեմատաբար ոչ հայտնիները: Թերեւս նրանք, որոնց «երկրորդ կյանքը» հնարավոր չի եղել ապահովել Պատմության թանգարանում, ինչպես խոստացել էր թանգարանի նախկին տնօրենը:

Մշակույթի նախարարության մի աշխատակցի ասելով՝ հնարավոր է, որ ոչ բոլորը վերադարձվեն մարզեր, որովհետեւ Պատմության թանգարանում դրանք բավականին մեծ, մոտ 30,000 դիտում են ունեցել: Աշնանը նախարարությունում այդ հարցը քննարկելու ժամանակ թանգարանի տնօրենն առաջարկել է քանդակների մի մասը պահել թանգարանում: Նախարարությունն այդ հարցով դեռեւս վերջնական որոշում չի ընդունել: Իսկ վերադարձված 16 հուշարձանների մասին հայտնեց, որ դրանց կոտրված մասերը վերականգնվել են, ամրակայվել, տեղերում պատվանդաններ են սարքվել եւ մարզային կառույցների աջակցությամբ տեղափոխվել են:

Հիշեցնենք, որ մարզերից հուշարձանները մայրաքաղաք տեղափոխելու մասին Կառավարության որոշմանը հետեւեց մասնագետների, հանրության, նաեւ մարզային բնակչության բողոքը: Անցկացվեցին բողոքի ակցիաներ, մամուլի ասուլիսներ, հարցը քննարկվեց Հանրային Խորհրդում, բողոք նամակով դիմեցին Կառավարությանը: Չնայած Կառավարությունը նույն որոշումով երաշխավորում էր հուշարձանների վերադարձն իրենց գտնվելու վայրերը, սակայն անցյալի փորձից ելնելով, թերահավատ էին, որ այն կկատարվի:

Հանրությանն ավելի զայրացրեց մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի պատասխանը, որ «խոսքը վերաբերում է ջարդված, քանդված, գետնի մեջ թաղված, անհայտ մի անկյունում դրված կամ գտնված հուշարձանապատկան քարի բեկորներին»:

Հնագետները շեշտեցին, որ պատմամշակութային հուշարձանը, երբ իր գտնվելու վայրից տեղափոխում են, այն էապես կորցնում է իր գիտական, մշակութային եւ հոգեւոր նշանակությունը: Մինչդեռ նախարարությունը պեղումներ կատարելու, հնագիտական կոթողները վերականգնելու փոխարեն ընտրել է դրանց թանգարայնացման ճանապարհը: Նշեցին, որ ոչ մի արդարացում չունեն այն պատճառաբանությունները, թե դրանք տեղում վերականգնելն անհարին է կամ դրանք անտերության էին մատնված եւ այսպես նրանք «երկրորդ կյանք» են ստանում:

Ազգագրագետները հիշեցրին, որ դրանք տվյալ բնակավայրի ժողովրդի ծիսական, առասպելական, ավանդույթային պատմության հետ են կապված: Ամեն մի «անտեր մնացած» հուշարձան, կամ ինչպես նախարար Հասմիկ Պողոսյանն անվանեց դրանք՝ «հուշարձանապատկան բեկոր», միայն գեղագիտական արժեքներ եւ անցյալի վկայություններ չեն, դրանք կենդանի միջավայր են` ուխտավայրեր, կրոնական եւ հասարակական հաղորդակցման տարածքներ:

Հանրությունը Կառավարության որոշման դեմ ընդվզեց հատկապես այն պատճառով, որ հիշյալ որոշումը հակասում էր Կառավարության ընդունած տարածքային համաչափ զարգացման գաղափարին: Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանները տեղափոխելու դեպքում կնվազի զբոսաշրջիկների հոսքը դեպի մարզեր: Ցուցադրության մեջ ընդգրկված մի շարք նմուշներ տեղերում նույնպես մեծ թվով այցելուներ ունեին: Սյունիքից Երեւան տեղափոխված 11 անուն հուշարձանները «քարի բեկորներ» չէին, բոլորն էլ հանրահայտ հուշարձանների տարածքից վերցված քանդակներ էին՝ Հարժիսից բերվածը վիշապը, Բղենո Նորավանքից` Աստվածածնի պատկերաքանդակը, Վերիշենի Սբ· Հռիփսիմե եկեղեցու բակի խոյակը, Դսեղից բերված արեւի ժամացույցը, եկեղեցու մակետը եւ այլն:

Դրանց իրական տերերը սպասում են իրենց սրբությունների վերադարձին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter