HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիբանանահայ. «Պիտի պայքարեմ, որ երեխեքս հասցնեմ ապահով ցամաք»

«Սա առաջին քայլն է դեպի արդարություն». լիբանանահայ Ժակ Բաքարեջյանն այսպես բնորոշեց Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Դատավոր Մեսրոպ Մակյանը  բավարարեց Ժակի ու նրա ներկայացուցիչների բողոքը. վերացվեց հետաքննության մարմնի կողմից պաշտոնական փաստաթղթեր ապօրինի ձեռք բերելու կամ իրացնելու, ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու հատկանիշներով քրեական գործի հարուցման մերժելու մասին որոշումը:

Հիշեցնենք, որ Ժակ Բաքարեջյանի կինը՝ Նաիրա Մկրտչյանը, կարողացել էր Լիբանանի քաղաքացի հանդիսացող իրենց երկու մանկահասակ երեխաների քաղաքացիությունը փոխել մի քանի օրում, ստանալ ՀՀ քաղաքացիության անձնագրեր ու լքել Հայաստանի սահմանը:

Հետաքնչական մարմինը, սակայն, հանցակազմ չէր տեսել Նաիրա Մկրտչյանի գործողություններում: Հետաքննիչը մերժել է քրեական գործ հարուցել երեխաների մոր նկատմամբ: Երևանի դատախազ Ր.Ասլանյանը հետքննիչի մերժումը իրավաչափ է համարել: Ժակ Բաքարեջյանի երկու ներկայացուցիչները՝ Սամվել Դիլբանդյանն ու Տիգրան Ղազարյանն հետքննիչի ու Երևանի դատախազի մերժումերը վիճարկում էին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Բողոքաբերները պնդում էին, որ երեխաների քաղաքացիության փոփոխության համար մայրը տվել է կեղծ տեղեկություններ, թե Լիբանանից Հայաստան է եկել միայնակ՝ առանց երեխաների հոր, ապա ներկայացրել է կեղծ փաստաթղթեր երեխաների համար ՀՀ քաղաքացու անձնագրեր ձեռքբերելու համար, հետևաբար, ըստ Ժակի ներկայացուցիչների, մանկահասակ աղջիկների մոր գործողություններում կան հանցագործության հատկանիշներ (ՔՕ հոդված 325 1-ին մաս, հոդված 326):

«Կեղծ տեղեկություններ ներկայացնելու հետևանքով երեխաների անձնագրերում բացակայում է նաև հայրանունը: Մինչդեռ երեխաներն ունեն հայր, որի մասին անպայման պետք է նշվեր անձնագրի 5-րդ էջում, իսկ ձեռքբերված կեղծ անձնագրի պայմաններում ստացվում է, որ երեխաների հայրը մահացած է կամ անհայտ կորած»,-նշված է երեխաների հոր ներկայացուցիչների բողոքում:

Ըստ Բաքարեջյանի ներկայացուցիչ Տիգրան Ղազարյանի, իրենց բողոքի բավարարումը «այս պայքարի մեջ առաջին քայլն էր և շատ սպասված որոշում: Իհարկե, դեռևս սա վերջնական լուծում չենք կարող համարել, քանի որ մյուս կողմը հնարավորություն ունի բողոքարկել Վերաքննիչ դատարանում»:

Նաիրա Մկրտչյանը «Հետքի» հարցին պատասխանելով՝ ասաց, որ դեռ չգիտի, թե ինչպես կվարվի. կբողոքարկի այս որոշումը, թե՝ ոչ: Ասաց, որ «մեկ է՝ գիտեմ, որ ոչ մի հանցավոր բան չեմ արել, վաղ, թե ուշ ամեն ինչ կպարզվի»: Նա չցանկացավ հարցազրույց տալ, նախորդ նիստում էլ հայտնել էր, որ չի ցանկանում լուսանկարահանում:

Իսկ Ժակ Բաքարեջյանը նշեց. «Իբրև ծնողք, իբրեև հայր պարտավոր եմ էրեխեքիս պաշտպանեմ: Կեղծիքները, որ եղել են, վտանգ ունեմ, որ նորեն կարան երկրից դուրս հանեն: Վտանգը միշտ սպառնում է երեխեքիս: Դրա համար պիտի փորձեմ էստեղ մնամ, պայքարեմ, երեխեքս հասցնեմ ապահով ցամաք»:

Ժակի վերջնական նպատակն է՝ երեխաների վերադարձը դեպի Լիբանան. «Մենք միասին՝ ընտանիքով եկել ենք որպես տուրիստ, բայց աս կեղծ քաղաքացիությամբ էրեխեքս զրկվել են հորից, հայրենիքից, քաղաքացիությունից»,-ասաց լիբանանահայ Ժակը:

Ժակ Բաքարեջյանի հայաստանյան պատմությունը սկսվել է 7 տարի առաջ՝ 2010-ին, երբ համացանցով ծանոթացել է ապագա կնոջ՝ երևանցի Ն. Մկրտչյանի հետ: «Կիրթ, բարեհամբույր, խելացի». այս բառերով է բնորոշում Ժակը կնոջը: 2010-ի վերջին նրանք ամուսնացել են Հայաստանում, ապա տեղափոխվել Լիբանան: Զույգի ամուսնությունը գրանցվել է և՛ մեր պետությունում՝ 2010-ին, և՛ Լիբանանում՝ Բեյրութում՝ 2011-ին: 2012-ին և 2014-ին Լիբանանում ծնվել են Ժակի ու Ն. Մկրտչյանի դուստրերը՝ Ն.Բ.-ն և Ս.Բ.-ն (երեխաների անուն ազգանունները չենք հրապարակում նրանց իրավունքները պաշտպանելու նպատակով): Երեխաները Լիբանանի քաղաքացի են, ունեն Լիբանանի Հանրապետության անձնագրեր: Սակայն 2015 թ-ին առանց երեխաների հոր՝ Ժակ Բաքարեջյանի համաձայնության, ոստիկանության ԱՎ վարչությունը երեխաների մոր՝  2015-ի սեպտեմբերի 11-ին ներկայացրած դիմումից հետո ընդամենը 20 օրում տրամադրել է մանկահասակ աղջիկների՝ ՀՀ քաղաքացիությամբ անձնագրերը՝ սակայն անվան, ազգանվան ու հայրանվան լատինատառերի մոտ 8 տառերի փոփոխություններով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter