HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սասնա ծռեր» խմբի անդամ Թաթուլ Թամրազյանը հրաժարվել էր դատարան ներկայանալուց

Ամալյա Մարգարյան

2016թ․ հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու ընթացքում փոխհրաձգության ժամանակ հրազենային վիրավորում ստացած «Սասնա ծռեր» խմբի անդամ Թաթուլ Թամրազյանն այսօր հրաժարվել էր ներկայանալ Վերաքննիչ քրեական դատարան: Վերաքննիչ դատարանում քննվում էր պաշտպան Մոնիկա Մարգարյանի ներկայացրած՝ Թաթուլ Թամրազյանին ապօրինի անազատության մեջ պահելու վերաբերյալ բողոքի քննությունը։ Փաստաբանի և իր պաշտպանյալի բողոքն ընդդեմ քննչական ծառայության անգործության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրաջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր, ուստի Մոնիկա Մարգարյանը և Թաթուլ Թամրազյանը  բողոքարկում են այդ որոշումը։

Դատական նիստին չէր ներկայացել Թաթուլ Թամրազյանը, նա գտնվում է դատապարտյալների հիվանդանոցում և միջնորդությամբ հրաժարվել էր ներկայանալ նիստին։

Մեղադրյալի դիմումը ռուսերեն էր, ուստի դատարանը՝ նախագահությամբ Մանուշակ Պետրոսանի, որոշեց դիմումը գրավոր թարգմանելուց հետո շարունակել նիստը, թեև նիստին ներկայացել էր թարգմանիչ։ Մոնիկա Մարգարյանն առարկեց դատավորի որոշման դեմ՝ պնդելով, որ սույն նիստի ընթացքում կարող է կատարվել բանավոր թարգմանություն։

Նիստը հետաձգվեց մինչև մարտի 13-ը։

Նիստից հետո Մոնիկա Մարգարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ որևէ տեղեկություն չունի՝ ինչո՞ւ է իր պաշտպանյալը հրաժարվել ներկայանալ նիստին։

«Ես գրեթե մեկ ամիս չեմ կարողանում մուտք գործել դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկ՝ ապօրինի խուզարկությունների պատճառով։ Հետևապես տեղյակ չեմ, թե ինչու է նման դիրքորշում հայտնել իմ պաշտպանյալը, ինչու չի ցանկացել ներկայանալ»,-նշեց փաստաբանը։

Մոիկա Մարգարյանը հատնեց, որ չի կարողանում անգամ հեռախոսային խոսակցություն ունենալ Թաթուլ Թամրազյանի հետ։

«Թաթուլ Թամրազյանը 2016-ի հուլիս 17-ից մինչև օգոստոսի 6-ը անազատության մեջ է պահվել ապօրինաբար, քննիչը մերժել էր, քրեական գործ չէր հարուցել, քննիչի անգործությունը բողոքարկել էինք, սակայն առաջին ատյանի դատարանը չէր ընդունել։ Հիմա էլ բողոքարկել ենք վերաքննիչ դատարան»,-հավելեց  պաշտպանը։

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Թաթուլ Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter