HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական 17 ՏՏ ձեռնարկություն նոր կապեր կստեղծի Լոնդոնում

Մարտի 9-10-ը հայկական 17 ընկերություն Լոնդոնում մասնակցելու է հայ-բրիտանական դեմ առ դեմ (B2B) հանդիպումներին' British-Armenian B2B Networking Event միջոցառման շրջանակում: Հանդիպումներին ակնկալվում է բրիտանական ավելի քան 70 ՏՏ ձեռնարկության մասնակցությունը:

«Մասնակցող 17 ձեռնարկությունները մեր երկրում գործող լավագույն ՏՏ ընկերություններից են, և մենք հույս ունենք, որ նրանք Լոնդոնում կհաստատեն կայուն և արդյունավետ բիզնես կապեր: Ձեռնարկությունների եվրոպական ցանցը և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը կհետևեն և կաջակցեն, որպեսզի այդ կապերն ավելի ամուր և շարունակական լինեն»,- միջոցառմանը նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը:

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը նշեց, որ նախաձեռնության գլխավոր նպատակն է խթանել հայ-բրիտանական տնտեսական կապերը: «Հայաստանը հսկայական ներուժ ունի առաջնահերթ ուղղություն հռչակված ՏՏ ոլորտի զարգացման համար, և այդ ոլորտն օտարերկրյա ներդրողների համար մագնիսի է վերածվել, ինչը կարևոր խթան է աշխատուժի զարգացման համար, ինչպես նաև կարևոր խթան և արագացուցիչ է Հայաստանի տնտեսական հաջողությունների համար»,- ասաց դեսպանը:

Նախաձեռնությունն իրականացվում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ֆինանսավորմամբ' «BSC» Բիզնեսի աջակցման կենտրոնի հետ համատեղ: Աջակից կառույցներն են «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամը, Ձեռնարկությունների եվրոպական ցանցը, Newable, East Invest բրիտանական ընկերությունները, Լոնդոնի առևտրաարդյունաբերական պալատը, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանատունը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը:

Մեկնաբանություններ (1)

Arsen
B2B թարգմանվում է Business-to-Business.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter