HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատական նիստը խոչընդոտող «չըխկչըխկոցներ» ու մերժված միջնորդություններ. Եղիշե Խաչատրյանի սպանության գործի նախապատրաստման մասը «չի ավարտվում»

Նուբարաշենի խճուղում 58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանության գործով դատական նիստի ժամանակ ամբաստանյալների կողմնակիցները ցուցադրաբար լքեցին նիստերի դահլիճը: Վերջիններիս վրդովեցրեց տուժողի իրավահաջորդ Փառանձեմ Մեյթիխանյանի դիրքորոշումը պաշտպանական կողմի միջնորդություններից մեկի առնչությամբ:

Նախորդ դատական նիստին դատավոր Աննա Դանիբեկյանը որոշում էր կայացրել լրատվամիջոցների ներկայացուցիչներին թույլատրել տեսանկարահանում իրականացնել միայն դատական նիստի մեկնարկի պահից սկսած՝ 10 րոպե ժամանակով:

Այսօր տեղի ունեցած դատական նիստին դատավորը տեսանկարահանում իրականացնող լրագրողներից մեկին զգուշացրեց իր որոշման մասին, վերջինս էլ ընդդիմացավ՝ հայտարարելով, թե դատական նիստը դռնբաց է, և լրագրողները չեն կարող միայն  դատական նիստի առաջին տասը րոպեի ընթացքում նկարահանում իրականացնել, հատկապես այն դեպքում, երբ  դատական նիստի մեկնարկի պահից սկսած՝ շուրջ 30 րոպե դատավորը կողմերին ծանոթացնում էր նրանց դատավարական իրավունքներին, այսինքն՝ հանգամանքների, որոնք լուսաբանման համար այնքան էլ կարևոր չեն, որքան բուն դատական նիստի ընթացքում տեղի ունեցող իրադարձությունները:

Պաշտպանական կողմի փաստաբանները դատավորին հիշեցրին, որ նախորդ դատական նիստին դատավարության որևէ կողմ չի առարկել տեսանկարահանման դեմ, և չնայած այն հանգամանքին, որ դատավոր Դանիբեկյանը վերապահումով է թույլատրում տեսանկարարահանումը, միջնորդություն ներկայացրին նրան՝ վերանայելու իր որոշումն ու լրագրողներին թույլատրելու տեսանկարահանում իրականացնել ամբողջ դատական նիստի ընթացքում:

Դատավորը, սակայն, հայտարարեց, որ չնայած տեսանկարահանման վերաբերյալ կողմերի համաձայնությանը՝ տեսանկարահանող սարքերի «չըխկչըկխոցը» խոչընդոտում է դատական նիստի բնականոն ընթացքին:

Միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս տուժողի իրավահաջորդ  Փառանձեմ Մեյթիխանյանը, որը նախորդ դատական նիստին ոչ միայն դեմ չէր արտահայտվել դատական նիստի տեսանկարահանմանը, այլ լրագրողներին հորդորել էր դատական ամբողջ պրոցեսը նկարահանել, կարծիք հայտնեց, որ պաշտպանական կողմը դեմագոգիայով է զբաղվում, քանի որ նրանք կարող էին իրենց կարծիքը հայտնել նախորդ դատական նիստին, երբ դատավորը համապատասխան որոշում էր կայացրել:

Այս հանգամանքը զայրույթ առաջացրեց ամբաստանյալների  մտերիմների շրջանում, և վերջիններս, իրենց դժգոհությունը բարձրաձայն արտահայտելով, սկսեցին լքել նիստերի դահլիճը:

Դատավոր Դանիբեկյանը, տեսնելով դահլիճում տիրող անկառավարելի իրավիճակը, ընդմիջում հայտարարեց:

Քիչ անց  դահլիճում հայտնվեց Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

Վերջինս նշեց, որ եթե դատավորը նման որոշում է կայացրել, ինքը որևէ բան անել չի կարող: Ապա դատարանի նախագահը, անտեսելով հանգամանքը, որ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը գտնվում է ոչ թե ԱՄՆ-ում, այլ Հայաստանում, սկսեց դատավորի արարքն արդարացնել ԱՄՆ դատական պրակտիկայով, որտեղ, ըստ Օհանյանի, առհասարակ չի թույլատրվում դատական նիստի տեսանկարահանումը:

Քիչ անց դատական նիստը շարունակվեց: Դատավոր Դանիբեկյանը, սակայն, որևէ կերպ չանդրադարձավ տեսանկարահանման առնչությամբ պաշտպանական կողմի միջնորդությանը:

Դատավորն այսօր մերժեց դեռևս նախորդ դատական նիստին ամբաստանյալների պաշտպանների ներկայացրած՝ դատախազ Վարդգես Սարգսյանի բացարկի միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ: Հիշեցնենք, որ նրանք կասկածներ ունեն դատախազ Վարդգես Սարգսյանի անկողմնակալության վերաբերյալ:

Պաշտպանական կողմի մի շարք միջնորդություններ ևս մերժվեցին՝  ոչ ժամանակին արված լինելու պատճառաբանությամբ:

Մասնավորապես,  դատարանը մերժեց ամբաստանյալ Արարատ Նիկողոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի միջնորդությունը «Արմեն Սարգսյան» կեղծանունով վկայի՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքները տրամադրելու վերաբերյալ:

Այս  վկայի նկատմամբ պաշտպանական միջոց է կիրառվել, և անգամ նախաքննության ավարտից հետո նրա ցուցմունքները կողմերին  չեն տրամադրվել: Պաշտպան Սիմոնյանի խոսքով`ստացվում է, որ իր պաշտպանյալի մեղադրանքի հիմքում դրված է մի անձի ցուցմունք, ում Նիկողոսյանը հարցեր տալու հնարավորություն չի ունեցել:

Արտաշես Չիչոյանի պաշտպան Միհրան Պողոսյանը ևս միջնորդեց այս վկայի ցուցմունքներն իրեն տրամադրել, միջնորդությանը միացան նաև մյուս պաշտպանները:

Լուսանկարում ձախից՝ ամբաստանյալ Յուրի Հակոբյանը, նրա պաշտպան Արմեն Նադիրյանը, ամբաստանյալ Արտաշես Չիչոյանի պաշտպան Միհրան Պողոսյանը, Արտաշես Չիչոյանը

«Եթե այս միջնորդությունը չբավարարվի, այս դատավարությունը կկրի ձեւական բնույթ»,- ասաց Պողոսյանը:

Մեղադրող կողմը դիրքորոշում հայտնեց, որ դատավարության այս փուլում կարող են նոր ապացույցներ ներկայացնելու և գործին  կցելու միջնորդություններ ներկայացվել, իսկ այս պարագայում նման միջնորդություն չի ներկայացվել: Դատարանը միջնորդությունը համարեց ոչ ժամանակին արված:

Մերժվեց նաև ամբաստանյալ Խաչիկ Կոսյանի պաշտպան Վաչագան Քոսյանի միջնորդությունը՝ քննչական փորձարարություն նշանակելու վերաբերյալ:

Նշենք, որ Կոսյանը այս գործի շրջանակներում հայտնել է,  թե դեպքին նախորդող որ ժամանակահատվածում որտեղ է եղել: Ըստ Կոսյանի՝ ինքն անգամ ցանկության դեպքում չէր կարող տեղի ունեցածի ժամանակ դեպքի վայրում լինել, և այժմ առաջարկում է քննչական փորձարարություն նշանակել`հասկանալու համար, թե որքան ժամանակ կպահանջվեր, որպեսզի ինքն իր մատնանշած վայրից և մատնանշած գործողություններն իրականացնելուց հետո հասներ դեպքի վայր:

Այս միջնորդությունը ևս դատարանը ոչ ժամանակին արված համարեց:

Մերժվեց նաև Յուրի Հակոբյանի պաշտպան Արմեն Նադիրյանի միջնորդությունը նախաքննության ընթացքում հարցաքննված և Հակոբյանի անմեղությունն ապացուցող վկայություններ տված անձանց դատակոչի ցուցակում ընդգրկելու վերաբերյալ:

Նադիրյանը, հիշեցնենք, դեռևս նախորդ դատական նիստին բարձրաձայնել էր այն մասին, որ դատակոչի ցուցակում ընդգրկվել են միայն այն անձինք, որոնք իր պաշտպանյալի վերաբերյալ մեղադրական թեքումով ցուցմունքներ են տվել, իսկ արդարացնող ցուցմունքներ տված անձինք առհասարակ դատակոչի ցուցակում չեն ընդգրկվել:Այս հիմքով պաշտպանն անգամ բացարկ էր հայտնել դատախազ Վարդգես Սարգսյանին:

Դատավորը Նադիրյանի միջնորդության վերաբերյալ որոշում կայացրեց՝ նախ լսել դատակոչված վկաներին, ապա, եթե անհրաժեշտություն առաջանա, անդրադառնալ դրան:

Այսքանով դատական նիստն ավարտվեց: Հաջորդ նիստը մարտի 17-ին է:

Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 4-ին Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի դիմաց սպանվել է 58-ամյա Եղիշե Խաչատրյանը: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի մեղադրական եզրակացության համաձայն՝ այդ օրը` ժամը 23:00-ի սահմաններում, մի խումբ անձինք վիճաբանել են Եղիշե Խաչատրյանի հետ՝ երթևեկության կանոնները խախտելու համար դիտողություն անելու կապակցությամբ, ապա 75-ամյա մոր` Էմմա Աբրահամյանի ներկայությամբ հայհոյել ու բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա կենսական կարևոր օրգանի՝ գլխի, նաև՝ կրծքավանդակի և որովայնի շրջաններում։ Ստացած մարմնական վնասվածքներից Խաչատրյանը տեղում մահացել է: Ըստ գործի նյութերի՝ այս միջադեպի ընթացքում տուժել է նաև Էմմա Աբրահամյանը: Վերջինիս ևս հարված է հասցվել, որի հետևանքով 75-ամյա կինն ընկել ու միջին ծանրության մարմնական վնասվածքներ ստացել:Գործով մեղադրվում են 5 անձինք՝ Արտաշես Չիչոյանը, Արարատ Նիկողոսյանը, Խաչիկ Կոսյանը, Արթուր Զաքարյանն ու Յուրի Հակոբյանը:Վերջիններս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7 և 10-րդ մասերով (սպանություն մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով, պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ) և 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter