HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արվեստագետները ևս միացան զինհաշմանդամներից ձեռք բերվող բացիկների նախաձեռնությանը

Զինհաշմանդամներից տոնական բացիկներ ձեռք բերելու նախաձեռնությանը միացել են նաև արվեստագետները:

Մարտի 3-ին մի խումբ արվեստագետներ՝ Հովհաննես Թումանյանի անվան թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը, «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը, տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողների օգնությամբ բացիկներ պատրաստեցին, որոնք ևս կներկայացվեն վաճառքի: Այսօր Տիգրան Մանսուրյանը ևս միացավ «Բացիկներ հայ կանանց` վիրավոր զինվորներից» նախաձեռնությանը և հենց այս բացիկներով կշնորհավորի իր հարազատներին։

Ինչպես տեղեկացրել էինք, զինհաշմանդամներից բացիկներ ձեռք բերելու նախնական առաջարկ էին ներկայացրել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը և Երևանի ծաղկի սրահներից մեկը, սակայն այս օրերին դրանք գնելու պատրաստակամություն է հայտնել նաև պաշտպանության նախարարությունը` 325 բացիկ պատվիրելով, իսկ մշակույթի նախարարությունը մարտի 8-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք միջոցառմանը կտեղադրի ցուցանակ, որտեղ կվաճառվեն տոնական բացիկներ։

Այս պահի դրությամբ՝ բացիկների պատվերների քանակը նախատեսվածից ավելի է, այդ պատճառով նախաձեռնության կազմակերպիչ Հայկուհի Մինասյանը կարծում է՝  եթե չկարողանան պատվերների քանակը ապահովել, դրանցից ոմանք կտպագրվեն և զինծառայողները կշտրիխավորեն:

Հիշեցնենք, որ օրեր  առաջ «Հետք»-ի նկարահանած տեսանյութը իր ֆեյսբուքյան էջում տեղադրելով, Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել, հայտնելով, որ միանում է զինհաշմանդամներից ձեռք բերվող տոնական բացիկների նախաձեռնությանը. «Մեր վիրավոր զինվորներին աջակցելու Բժշկական համալսարանի ծրագրին միանում եմ նաև ես և մեծ սիրով հենց այս բացիկներով կշնորհավորեմ իմ հարազատներին: Միացեք և Դուք: Ողջ հասույթը տրամադրվելու է վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնի վերանորոգմանը»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter