HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եզդիաբնակ գյուղն արդեն 24-րդ տարին ջուր չունի, իսկ նախարարությունում խնդրին մատների արանքով են նայում

Արագածոտնի մարզի Թլիկ եզդիաբնակ գյուղը 1993-ից խմելու ջուր չունի, ջուրը գնում են ջրատար մեքենայից, իսկ ոռոգման ջուրը, որն օգտագործում են անասունի ու կենցաղի համար, ստանում են Ախուրյան գետից՝ պոմպով: Գյուղացիները երկուսի համար էլ վճարում են: Բացի դրանից՝ տարեկան մի քանի անգամ, ըստ թլիկցիների, պոմպը կամ դրա շարժիչը ստիպված են լինում փոխել, ինչի համար նույնպես գումար է անհրաժեշտ:

Սահմանամերձ Թլիկում
արդեն 23 տարի 
ապրում են
առանց ջրի ու խանութի
«Անիի ավերակներից բեթար»՝ Ախուրյանի հայկական ափին

Փետրվարի 22-ին կառավարությանը նամակ էինք ուղարկել՝ հարցնելով, թե արդյոք տեղյակ են Թլիկի ջրի խնդրից և արդյոք ուսումնասիրել են պատճառները: Թլիկցիները «Հետքին» հայտնել էին, որ գյուղ այցելած վերջին պաշտոնյան եղել է նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը, ում գյուղում տեսել են 2014-ին: Կառավարությանը հարցրել էինք, թե ինչ քայլեր է նախատեսում ձեռնարկել, արդյոք կան կոնկրետ ծրագրեր, թե բնակիչներն անորոշ ժամանակով շարունակելու են սպասել:

Մարտի 1-ին հարցմանը պատասխանել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի ղեկավար Մասիս Բաղդասարյանը: Պատասխանն աբսուրդի ժանրից է. «Խնդիրը քննարկվել է «Ազատություն TV»-ի «Ըստ էության» հաղորդաշարի եթերում, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի, ՀՀ Արագածոտնի մարզպետարանի, ինչպես նաեև գյուղի բնակիչների ներկայացուցիչները»:

Բաղդասարյանը նշել է նաև, որ իրենց նախարարության ունեցած տեղեկատվության համաձայն՝ Թլիկ համայնքը դեռևս չի դիմել «Վեոլիա Ջուր» ընկերությանը՝ ջրամատակարարման կազմակերպման հարցը ընկերության առաջիկա ծրագրերում ընդգրկելու համար (ներկայում Հայաստանում այս ընկերությունն է կատարում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման աշխատանքները- հեղ.), իսկ Արագածոտնի մարզպետարանի ներկայացուցչի նախաձեռնությամբ նախապատրաստվում է հանդիպում՝ հարցի լուծման հնարավոր ուղղությունները քննարկելու համար:

Այս պատասխանը ենթադրում է, որ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը չի տիրապետում Թլիկի ջրի երկարամյա խնդրի մանրամասներին, ինչի պատճառով էլ հղում է կատարում լրատվամիջոցում տեղի ունեցած քննարկմանը: Եվ սա այն դեպքում, երբ նշված քննարկմանը գյուղացիներն, ըստ էության, չեն ստացել իրենց հուզող հարցերի հստակ պատասխաններ:

Գյուղացիների մոտավոր հաշվարկներով ջրամատակարարման հարցը լուծելու համար անհրաժեշտ է մոտ 40 մլն դրամ: Այնինչ Մ. Բաղդասարյանի պատասխանից հետևում է, որ այսքան տարի կառավարությունում տեղյակ էլ չեն սպասվելիք ծախսերից ու, թերևս, չունեն ոչ մի հաշվարկ: Շեշտենք, որ 1997-ին Թլիկի համար Ախուրյանի ջրերն օգտագործելու պոմպ է տեղադրել «Փրկենք երեխաներին» կազմակերպությունը: «Մինչեւ 1997-ը ջրի սով էր, «Փրկենք երեխաներին» կազմակերպությունը եկավ, նասոս իջացրինք, ձորից ջուրը բերում ենք, բայց խմելու ենթակա չի: Երեխեքը փորլուծ ընկան, մարմինները դուրս տվեց, հիմա մենակ անասունի ու լվացքի համար ենք օգտագործում»,- «Հետքին» պատմել է թլիկցի Սուրիկ Խալատյանը: Այսինքն՝ պոմպի տեղադրումն էլ կառավարության շնորհքը չէ:

Երեկ «Հետքը» զրուցել է թլիկցի Ալիկ Մստոյանի հետ, ով հայտնել է, որ դեռևս չեն հանդիպել մարզպետարանի ներկայացուցչի հետ: Բնակչի ասելով՝ բազմիցս դիմել են պաշտոնյաներին, բայց որևէ արձագանք չեն ստացել: Ժամանակին դիմել են նաև իրենց ընտրատարածքի պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Մնացական Մնացականյանին, ով մինչեւ 2012-ին ԱԺ մտնելը 10 տարի Թալինի քաղաքապետն էր: Վերջինս, Ալիկի փոխանցմամբ, թլիկցիներն ասել է, որ հարցի լուծումն իր ուժերից վեր է:

Ա. Մստոյանի ասելով՝ գյուղացիներն այսքանից հետո առանձնապես հույսեր չունեն մարզպետարանի ներկայացուցչի հետ հանդիպումից, ինչը, ըստ «Հետքի» զրուցակցի, կարծես փրփուրներից կառչել լինի: Փոխարենը թլիկցիները տրամադրված են կոշտ քայլերի: Ալիկ Մստոյանի տեղեկացամբ՝ եթե ջրամատակարարումը գյուղում չվերականգնվի, ճանապարհ են փակելու, կառավարության մոտ ցույց են կազմակերպելու:

«Հետքը» Թլիկի ջրի խնդրի մասին կրկին հարցում է ուղարկել կառավարություն, այս անգամ՝ վարչապետ Կարեն Կարապետյանին: Թեմային դեռ կանդրադառնանք: 

Մեկնաբանություններ (1)

Տ. Մարգարյան
Պետության համար որևէ նշանակություն չունի, թե մարդիկ անմարդկային պայմանների են դատապարտված: Էդ գործի մեջ իրենց համար փող չկա, ատկատ չկա, եթե ծարավ կոտորվեն էլ, կարո՞ղ է, օրինակ, Տարոն Մարգարյանը իր ծառայողական Մերսեդեսը աճուրդի հանի՝ հենց այդ գյուղի ջրագիծը կառուցելու համար: Հետո գյուղացիները ոչ մի հայեցակարգ չեն ներկայացրել ժիլետավոր վարչապետին՝ ծարավ լինելու իրենց տեսլականը ներկայացնելու համար: Եթե ներկայացնեն՝ քննարկումներ կկազմակերպվի՝ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, փորձագիտական կարծիք կկազմվի, կներկայացվի ֆինասավորման... Թե չէ՝ ՋՈՒՐ ՉՈՒՆԵՆՔ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter