Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Քասախից՝ Երեւանի էլիտար շենքեր․25 տարվա գյուղապետն իրեն աչքաթող չի արել



Քասախի գյուղապետ Արա Մկրտչյանը 1996 թվականից ղեկավարում է համայնքը ու այդ ընթացքում հասցրել է սեփականության եւ համատեղ սեփականության իրավունքով հողամասեր ու բնակարաններ ձեռք բերել։

Եթե դիտարկենք Քասախ համայնքի ղեկավարի հայտարարագրած դրամական միջոցները, կարելի է կարծել, թե նա ընդհանրապես սոցիալական աջակցության կարիք ունի։ Արա Մկրտչյանը հայտարարագրել է ընդամենը 473 եվրո գումար։

Հայտարարագրի եկամուտներ բաժնում Արա Մկրտչյանը գրառել է 5 միլիոն 833 հազար դրամի չափով եկամուտ՝ ստացված որպես աշխատավարձ, ինչպես նաեւ 1 միլիոն դրամ այլ եկամուտներ, որը գյուղապետին վճարել է ոմն Սեդրակ Հովհաննիսյան։

Քասախի գյուղապետն ունի 2007 թվականի արտադրության Toyota Prado եւ 1994 թվականի արտադրության ԳԱԶ 31-29 մակնիշի ավտոմեքենաներ։

Ինչպես արդեն նշել ենք, Արա Մկրտչյանի անշարժ գույքը բավականին մեծ է թե քանակով, թե մակերեսով։ 

Էլիտար բնակարան՝ Երեւանի կենտրոնում

Արա Մկրտչյանը հայտարարագրել է երկու բնակարան՝ Երեւան քաղաքի Արամի 48 շենքում եւ Քասախ գյուղում։

Ընդ որում, Արամի 48 շենքը՝ Երեւանի ամենակենտրոնում, որտեղ Արա Մկրտչյանն ընդհանուր համատեղ սեփականությամբ 75 քմ մակերսեով բնակարան ունի, նորակառույց, այսպես ասած էլիտար շենք է։ Հայտարարություններից կարելի է պատկերացում կազմել, որ այս շենքում բնակարանները բավականին թանկ արժեն։ Շենքում օրավարձով վարձակալության հանձնվող բնակարանների գինը նվազագույնը 80-90 դոլար է՝ 1 օրվա համար եւ հասնում է մինչեւ 120 դոլարի։

Մամուլում տեղ գտած լուրերի համաձայն՝ այս շենքում բնակարան ունի նաեւ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը։

Արա Մկրտչյանը նաեւ բնակելի տուն ունի ծննդավայր Քասախում, 1036 քմ մակերեսով։

Նա Քասախում ունի նաեւ անասնագոմ (1946 քմ մակերեսով), շինություն (97,4 քմ), ինչպես նաեւ 5 միավոր հողամաս, որոնց ընդհանուր մակերեսը գերազանցում է 6,65 հեկտարը։ Քասախի գյուղապետը 12,5 հեկտար հողամաս էլ ունի Արագածոտնի մարզի Քուչակ համայնքի վարչական տարածքում։

Ինչպես «Հետք»-ը տեղեկացավ Քուչակի գյուղապետ Հովիկ Ամիրյանը, Արա Մկրտչյանն այդ հողամասն օգտագործում է որպես արտ, խոտհարք ու արոտավայր։ 

ՀՀԿ-ին հավատարիմ

Արա Մկրտչյանը վերջին 27 տարիներին զբաղվել է բացառապես համայնքի կառավարմամբ՝ նա Քասախի անփոփոխ գյուղապետն է։ 1991 թվականին եղել է Քասախ գյուղական խորհրդի նախագահը, իսկ 1996 թվականից, ինչպես արդեն նշեցինք՝ գյուղապետ։

«Հետք»-ը փորձեց կապ հաստատել Մկրտչյանի հետ եւ պարզաբանում ստանալ կուտակված ունեցվածքի ծագման վերաբերյալ։ Սակայն արդեն քանի շաբաթ է՝ Քասախի գյուղապետի հեռախոսներն անջատված են, իսկ նա աշխատանքի չի ներկայանում։ Գյուղապետարանի աշխատակազմից տեղեկացանք, որ Արա Մկրտչյանը փետրվարի 1-ից մինչեւ մարտի 30-ը արձակուրդում կլինի, այն էլ՝ «հերթական արձակուրդում»։

Մեր տեղեկություններով՝ Արա Մկրտչյանը աշխատանքից հաճախ բացակայում եւ «հերթական» արձակուրդներ է վերցնում իր առողջական խնդիրներով պայմանավորված պատճառներով։

Արա Մկրտչյանի պաշտոնական կենսագրության մեջ նշված չէ՝ նա կուսակցական է, թե ոչ, սակայն Քասախի գյուղապետը Սերժ Սարգսյանի քաղաքականության երկրպագուն է եւ ընտրություններին անմնացորդ քարոզչություն է արել վերջինիս համար։ Անգամ՝ խախտելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը։

2013 թվականի փետրվարի 4-ին, նախագահական ընտրություններին ընդառաջ, տողերիս հեղինակը այն ժամանակ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավը լուսաբանող լրագրողների խմբում այցելել էր Քասախ, ու չնայած Արա Մկրտչյանը իրեն հատուկ կարգով բացակայում էր աշխատավայրից, նրա աշխատասենյակում կախված էր Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ անձամբ նախագահության թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզչամիջոց հանդիսացող շարֆը՝ «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսով։

Ընդ որում, ինչպես պատկերված է գլխավոր լուսանկարում, ՀՀԿ-ի օգտին քարոզող շարֆը գցված էր պետական դրոշի վրա, ծածկելով այն։

Ավելին, Քասախի գյուղապետարանի շենքում, դիմում-բողոքների համար նախատեսված արկղի մեջ գեղեցիկ դասավորված էին Սերժ Սարգսյանի քարոզչական բուկլետները՝ կրկին «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսով։

Որպես հետգրություն նշենք, որ 2017 թվականի հունվար ամսվա դրությամբ, Քասախում 211 ընտանիք սոցիալական նպաստ է ստանում։

Արա Մկրտչյանի հայտարարագրած 13 անշարժ գույքի, հատկապես՝ երեւանյան էլիտար բնակարանի ֆոնին, սա հազիվ թե ոգեւորիչ է։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ