Շաբաթ, 22 սեպտեմբերի

«ԱրմենՏել»-ի անվտանգության նախկին տնօրենը ցուցմունք տվեց



«ԱրմենՏել»-ի գործով մեղադրյալ, տեխնիկական բլոկի նախկին տնօրեն Վլադիմիր Սաչկովի գործով մարտի 6-ի նիստին ցուցմունք տվեց ընկերության անվտնագության նախկին տնօրեն Աշոտ Պողոսյանը:  Հիշեցնենք՝ Աշոտ Պողոսյանը դատարանի կողմից փետրվարի 6-ին դատապարտվեց 4 տարվա ազատազարկման:

Պողոսյանը պատմեց, որ ենթարկվել է գլխավոր տնօրենին և «Վիմպելկոմ»-ի ԱՊՀ երկրներում անվտանգության գծով տնօրենին: Իր լիազորությունների շրջանակը եղել է մուտքուելքի անվտանգության սպասարկումը: Տարբեր երկրներից ժամանած մասնագետներին Աշոտ Պողոսյանն ապահովել է համապատասխան թույլտվություններով: Դիմավորել, անցագրերը ձևակերպել և ներկայացրել է համապատասխան տնօրինությանը:

Աշոտ Պողոսյանը հայտարարեց, որ պնդում է այն ցուցմունքը, որը տվել է դատարանում, քանզի դատարանում տված ցուցմունքը փոքր-ինչ տարբերվում է նախաքննական մարմնին տված ցուցմունքից: Այդուհանդերձ, պնդեց նախաքննական մարմնին տված ցուցմունքի այն մասը, որ Մոսկվայի գործուղման մեջ լինելու ժամանակ հանդիպել է «Վիմպելկոմ» ՓԲԸ-ի ԱՊՀ երկրներում անվտանգության տնօրինության ղեկավար Ալեքսանդր Զուբովին և նրանից «ԱրմենՏել»-ում կապուղի ստեղծելու մասին ցուցում ստացել: Աշոտ Պողոսյանը շեշտեց, որ այդ ցուցումը Զուբովը միայն իրեն է տվել, սակայն ձեռնարկատիրական գործունեության մասին խոսք չի եղել, ոչ էլ հետո է դրա մասին խոսվել: Իրեն ցուցում է տվել ՀՀ ԱԱԾ-ի համար կապուղի ստեղծել, որի մասին ինքը մանրամասներ չի ճշտել, քանի որ իր լիազորությունների մեջ չի մտել: Թե ինչ կապուղի էր, ինչի համար և ինչ սարքավորումներով պետք է իրականացվեր, իրեն չի էլ հետաքրքրել:

Զուբովի` ԱԱԾ-ի նոր կապուղու մասին ցուցումից հետո Աշոտ Պողոսյանի մոտ հարցեր չեն առաջացել, քանի որ Զուբովն իր վերադասն է եղել և թե ում հետ ինչ համաձայնության է եկել վերադասը, ինքը տեղյակ չի եղել:

Կապուղու համար Զուբովը հրավիրել է մասնագետի, որը եկել է Երևան և զբաղվել այդ հարցերով:

Սաչկովի ներգրավվածությունն այս գործում ճշտելու համար մեղադրող Հայկ Հակոբյանի հարցերին, Աշոտ Պողոսյանը պատասխանեց, որ Զուբովը վերադաս տնօրեն էր և բոլոր տնօրեններին կարող էր հանձնարարություններ տար, սակայն «ԱրմենՏել»-ի այլ աշխատակիցներից որևէ մեկը տեղյակ է եղել այս կապուղու ստեղծմանը, թե ոչ, ասաց` չի հիշում: Չհիշեց նաև «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի իմացության մասին: Ասաց՝ ստեղծված կապուղու հետ անվտանգության առնչվող հարցը եղել է մասնագետին դիմավորելը, տեղավորելը, անցագիր տալը, որով որ ինքը զբաղվել է:

Ստեղծված կապուղու համար ժամանած մասնագետը եղել է Ալեքսեյ Պիսարևը, ով ժամանել է Մոսկվայից: Զուբովի ցուցումով, Աշոտ Պողոսյանը դիմավորել է Պիսարևին, մուտքի անցաթուղթ տվել, որ աշխատի ընկերության տեխնիկական տարածքում, հեռախոսաքարտ է տրամադրել, ներկայացրել Սաչկովին և հեռացել: Հետագայում, ըստ Աշոտ Պողոսյանի, Պիսարևը ևս երկու անգամ եկել է Հայաստան: Պաշտպանական կողմի հարցին, թե արդյոք Պիսարևը ճանաչել է Սաչկովին, Աշոտ Պողոսյանը պատասխանեց՝ ոչ:

Այս կապուղու հետ կապված հանձնարարություն է եղել սենյակ տրամադրել: Աշոտ Պողոսյանի հիշելով՝ Իգոր Կլիմկոն է ասել սենյակը տրամադրել, ինքն էլ ազատել է Ֆրունզե հասցեի համապատասխան սենյակը, որը նախկինում տեսահսկման օպերատորների համար հանգստյան սենյակ է եղել, օգտագործվել է նաև որպես պահեստ: Այդ սենյակի մուտքը հասանելի է եղել օպերատորներին, երբ այն ծառայել է որպես հանգստի սենյակ, սակայն երբ դարձրել են պահեստ, օպերատորները նույնպես չեն կարողացել մուտք գործել:

Այդ պահեստային սենյակում համակարգչային տեխնիկա է եղել՝ մոնիտորներ, պրոցեսորներ, ստեղնաշարեր և այլ գործիքներ, որոնք տեսահսկման համար է օգտագործվել: Անվտանգության բաժնի ինժեները դրանք անհրաժեշտության կամ փչանալու դեպքում փոխել է: Սենյակն ազատելու հրահանգից հետո անվտանգության աշխատակիցները տեղափոխել են այդ իրերը:

Աշոտ Պողոսյանը պնդեց, որ անձամբ ինքը երբևէ այդ սենյակում չի եղել: Մինչդեռ, ըստ Աշոտ պողոսյանի, «ԱրմենՏել»-ի տնօրենները ցանկացած տարածք մուտք կարող են գործել:

Աշոտ Պողոսյանն առնչություն է ունեցել նաև RFC-ի հանձնարարականների հարցում: Ինչ-որ բանի նկատմամբ մուտք ունենալու համար RFC հանձնարարական է բացվում ընկերությունում: Աշոտ Պողոսյանը «ԱրմենՏել»-ի Միջօպերատորական համագործակցության բաժնի պետ Կարինե Եղիազարյանից հարցրել և իմացել է, թե ինչպես է բացվում այդ հանձնարարականը և փոխանցել է ընթացակարգը Զուբովին: Աշոտ Պողոսյանին չի հետաքրքրել, թե RFC-ի վերաբերյալ Զուբովն ում է հանձնարարել` Սաչկովին, Կլիմկոյին, թե մեկ այլ անձի: Սակայն շուտով այն բացվել է: Եվ Զուբովը հանձնարարել է հեռահար հասանելիության մուտք տրամադրել Պիսարևին: 

Թե ժամանած Պիսարևի գործը ում հետ է կապված եղել, Աշոտ Պողոսյանը պնդեց, որ չգիտի: Ասաց, որ Պիսարևն աշխատել է տեխնիկական բլոկի հետ:  Կապուղու մյուս միացում-անջատումները ևս Զուբովն է հանձնարարել:

Աշոտ Պողոսյանի վկայությունից հետո մեղադրող Հայկ Հակոբյանը միջնորդեց հրապարակել Աշոտ Պողոսյանի նախաքննական ցուցմունքը, քանի որ, ըստ նրա, էական հակասություններ եղան Աշոտ Պողոսյանի խոսքում: Չնայած պաշտպանական կողմը պնդեց, որ Աշոտ Պողոսյանը դատարան էր բերվել և հարցաքննվեց բոլոր հարցերի վերաբերյալ՝ տալով սպառիչ պատասխաններ, և անհրաժեշտություն չկա հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը, դատավոր Արմեն Բեկթաշյանը բավարարեց միջնորդությունը: Բացի դրանից, Աշոտ Պողոսյանի պաշտպան Մանվել Գրիգորյանը ևս նշեց, որ Աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված՝  նա Աշոտ Պողոսյանի նախաքննական ցուցմունքի հրապարակումը հետաձգեց հաջորդ դատական նիստին:

Մեղադրողը նաև միջնորդեց Մինսկի կոնվենցիայի պահանջներին համապատասխան դատարան հրավիրել ՌԴ-ում գտնվող վկաներին և հարցաքննել նաև նրանց: Այդ միջնորդությանը կողմերը չառարկեցին:  


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ