HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Թորոսգյուղում կառուցվել է պասիվ արեւային ջերմատուն

Կիսահալ ձյան ու ցեխի շաղախը հաղթահարելով մարդիկ ու մեքենաները ձգվում են գյուղի բարձունքում հանգրվանած ջերմատան տարածք: Շիրակի մարզի Թորոսգյուղ համայնքում հերթական հաջողված ծրագրի արդյունքները տեսնելու են շտապում աջակից կազմակերպությունների ներկայացուցիչներն ու համայնքի բնակիչները: Պասիվ արեւային ջերմատունը մեկ տարի առաջ ստեղծված «Թորոս» սպառողական կոոպերատիվի կողմից իրականացվող 2-րդ ծրագիրն է, որ ֆինանսավորել է Ռումինիայի կառավարությունը Ռումինիայի զարգացման համագործակցության ծրագրի՝ RoAid-ի եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի միջոցով:  

Թորոսգյուղի 260 քմ օգտագործելի մակերեսով կաթիլային ոռոգման համակարգով պասիվ արեւային ջերմատան կառուցման աշխատանքներն իրականացվել են 2016թ-ի նոյեմբերին: ՊԱՋ-ի կառուցման համար բավական հետաքրքիր տեխնոլոգիա է կիրառվել՝ ծղոտ եւ ցեմենտ, որոնք ապահովում են ջերմային էներգիայի պատշաճ պահպանում, իսկ պոլիէթիլենային երկշերտ ծածկը դրսի օդից մեկուսացնող ծածկոցի դեր է կատարում։  Ջերմամեկուսացման նման հատուկ մեթոդի կիրառումը երաշխավորում է ՊԱՋ-ում ջերմաստիճանի կայունությունը։ «Թորոս» սպառողական կոոպերատիվի ղեկավար Մյասնիկ Հակոբյանն է փաստում՝ անգամ -30 աստիճանի ցրտի պարագայում ջերմոցում կարողացել են կայուն ջերմաստիճան ապահովել առանց հավելյալ ջեռուցիչների:

Ջերմատունը թույլ է տալիս առանց արհեստական ջեռուցման ապահովել գյուղատնտեսական մթերքների արտադրություն տարվա բոլոր եղանակներին: ՊԱՋ-ում տեղադրված է կաթիլային ոռոգման համակարգ, ինչպես նաեւ պասիվ սառեցմամբ պահեստային տարածք՝ նախատեսված աճեցված բերքը պահելու համար: Ծրագրի հիմնական շահառուն «Թորոս» սպառողական կոոպերատիվն է, որ ունի տարբեր տնային տնտեսություններ ներկայացնող 21 անդամ՝ ներառելով գյուղում բնակվող ընտանիքների մոտ 40%-ը(21 ընտանիք՝ 111 մարդ):

«Ցանկացած ծրագիր, որ արվում է գյուղական համայնքներում եւս մեկ քայլ է տվյալ գյուղի զարգացման ու կայացման ճանապարհին,-ասում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կլիմայափոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը,- Կլիմայի փոփոխության տեսակետից տնտեսության ամենախոցելի ճյուղերից մեկը գյուղատնտեսությունն է: Արոտավայրերի և խոտհարքերի վրա կլիմայի բացասական ազդեցությունը բարձր լեռնային, աղքատ համայնքներին զգալի տնտեսական կորուստներ է պատաճառում, մարդիկ չստանալով օգուտ՝ հեռանում են գյուղից։ Մենք համարում ենք, որ խնդրի լուծումներից մեկը պասիվ արևային ջերմատների (ՊԱՋ) կառուցումն է: Երբ մարդը կարողանում է ստեղծել եկամտի կայուն աղբյուր, ապա արտագաղթելու մտադրությունից սովորաբար հրաժարվում է»:

2013թ. –ին «Բիոջեռուցման լուծումների հետազոտողներ» (ԲՋԼՀ/RBHS) ՀԿ-ն, Հայաստանում առաջին անգամ փորձարկել է պասիվ արևային ջերմատունը Գեղարքունիքի մարզի Կուտ գյուղում (ծովի մակարդակից 2150 մ բարձրության վրա): Հաշվի առնելով Կուտում արձանագրված արդյունքները՝ 2014-2016թթ. ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը վերամշակել է նախագիծը և փորձարկել նույն մոդելը Վայոց ձորի մարզի Հորբատեղ գյուղում:

Սկզբունքը, որով ընտրվում են գյուղերը մի քանիսն են: Պետք է լինեն լեռնային՝ առնվազն ծովի մակերեւույթից բարձր1600-1800 մ, հաշվի է առնվում կլիման՝ արեւային օրերի թվի գերազանցություն ամպամած օրերի համեմատ, որ շատ կարեւորում է հատկապես ձմռանը: Համայնքում պետք է առկա լինի ֆերմերների իրավաբանական միություն եւ վճարունակության ցածր աստիճան՝ այսինքն ընտրվում է համայնքն ըստ կարիքավորության: Կարեւոր հանգամանք է, որ շրջանը լինի անասնապահական: Ջերմատների ծրագրերը միտված են ապահովել բանջարանոցային կուլտուրաների մշակում եւ օգտագործում շուրջ տարին, ինչից սովորաբար զրկված են լինում լեռնային բնակավայրերը: «Շատ կարեւոր է բնակիչների ծրագրին մասնակցելու պատրաստակամությունը: Համայնքը պիտի 10 տոկոս ներդրում կատարի: Դա ստիպում է սրտացավորեն նայել ստացած նվերին,-ասում է Դիանա Հարությունյանը,-կապ չունի ներդրումը դրամական է, աշխատուժի, թե մեկ այլ տեսքով, ասենք ծղոտի հակերի»:

«Երբ մեր կառավարությունը որոշեց Հայաստանում ծրագիր ֆինանսավորել, մենք խորհուրդ տվեցինք ընտրել պասիվ արեգակնային ջերմատների ծրագիրը, որովհետեւ արդեն իսկ տեսել էինք նախորդ համայնքներում ստացած դրական արդյունքները,-ասում է Հայաստանում Ռումինիայի դեսպանության հյուպատոսական բաժնի ղեկավար Չեզար Բիֆոլարոն,-մեզ համար կարեւոր է, որ ծրագիրը լինի արդյունավետ եւ շատ մարդիկ կարողանան օգտվել դրանից: Ռումինիայում նմանատիպ ծրագրեր իրականացվում են, սակայն առանձին կազմակերպությունների միջոցով եւ կառավարության աջակցության կարիք չի լինում սովորաբար: Հայաստանում սա թվով 3-րդ եւ էկոլոգիային վերաբերող առաջին ծրագիրն է, որ ֆինանսավորվել է մեր կողմից: Մենք ուզում ենք տեսնել մաքուր արդյունք ծրագրի ավարտից հետո՝ ստեղծված աշխատատեղեր եւ էկոլոգիապես մաքուր սնունդ»:

Չնայած ՊԱՋ-ի կառուցման ծախսերը ավանդական ջերմատների համեմատությամբ ավելի բարձր են, ՊԱՋ-ի օգուտները (ինչպիսին է գործառնական ծախսերի ցածր մակարդակը) բացատրվում են ջեռուցման համար բացարձակապես արևային էներգիայի օգտագործմամբ: Էլեկտրական էներգիայի սպառումը սահմանափակվում է լուսավորության և օդափոխման ծախսերով: ՊԱՋ-ի գործառնական ծախսերը շատ ավելի ցածր են ավանդական ջերմատների ծախսերից, որն էլ իր հերթին հանգեցնում է ՊԱՋ-ի շահագործման կենսափուլի ընդհանուր ցածր արժեքի (կառուցում և գործարկում՝ 7-10 տարի)։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter