HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիամ Չախոյան

Ըստ մեղադրող կողմի՝ ամբաստանյալը և նրա փաստաբանը տեղյակ չեն գործի հանգամանքներից․ «շղթայի մի կտոր վերջնականապես չի հայտնաբերվել»

Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության  դատարանում Համլետ Գասպարյանի գործով 2-րդ նիստն ընթացավ տուժող Նաիրա Վարդանյանի բացակայությամբ։

Երբ դատական նիստի սկզբում դատախազ Արծրուն Առաքելյանն ընթերցում էր մեղադրական եզրակացությունը, ամբաստանյալի պաշտպան Թամարա Բաղդասարյանը խնդրեց հրապարակել տուժողի կողմից հանցագործությունը կատարած անձի ճանաչման ամսաթվերը։ Դատախազը դրանք ընթերցեց․ «Տուժող Ն․ Վարդանյանի ճանաչումը կատարվել է 08․09․2016թ․, վկա Աբրահամյանի կողմից ճանաչումը կատարվել է 13․09․2016թ․։ Փաստաբան Թամարա Բաղդասարյանը, դատարանի թույլտվությունը ստանալով, հայտարարարեց․

«Հետաքննություն իրականացնող մարմինը անձի լուսանկարով ճանաչում է կատարել առանց վերջինիս դատավարական կարգավիճակ ունենալու․ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը չի ունեցել ո՛չ կասկածյալի, ո՛չ մեղադրյալի կարգավիճակ, դրանք վերջինիս առաջադրվել են ավելի ուշ՝ 16․09․2016թ․, հետևաբար, նշված ճանաչման արձանագրությունը և նշված քննչական գործողությունը անթույլատրելի ապացույցներ են և ենթակա են ապացույցների շարքից հանման»։

Դատախազն առարկեց՝ նշելով, որ «օպերատիվ օրենսդրության համաձայն գործողությունը թույլատրելի էր», սակայն պաշտպան Բաղդասարյանը հավելեց, որ միջնորդությունը կներկայացնի նաև գրավոր՝ հղում կատարելով Սահմանադրական դատարանի կողմից ընդունված համապատասխան որոշմանը։

Բաղդասարյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ վիճելի դեպքը տեղի է ունեցել 04․09․2016թ․, սակայն տուժողը դրա մասին հաղորդում է տվել միայն երկու օր անց։ Մեղադրող կողմն առարկեց այս հայտարարության՝ նշելով՝ «տուժողը կբացատրի, թե ինչու է դեպքի մասին հաղորդումը ներկայացրել երկու օր անց»։

Դատավոր Ա․Մկրտչյանը նիստերի քարտուղարից հետաքրքրվեց, թե ինչու տուժողը չի ներկայացել դատական նիստին։ Վերջինս պատասխանեց, որ ծանուցումն ուղարկվել է ժամանակին, սակայն վերջինիս կողմից այն ստանալու մասին հավաստում չի ստացվել, և հնարավոր է, որ տուժողը տեղեկացված չի եղել։

Ամբաստանյալի պաշտպանը դատարանին ներկայացրեց գործում եղած ապացույցներից մի քանիսի վերաբերյալ իր նկատառումները։  Առաջինը փաստաբանն անդրադարձավ Վիվիասել ՄՏՍ-ի կողմից քննիչի հարցմանն ի պատասխան ուղարկված գրությանը, որտեղ ներկայացված են ամբաստանյալի, տուժողի և վկաների բջջային համարները սպասարկող ալեհավաքներից ստացված տվյալները՝ դրանք համադրելով դեպքի վայրին ամենից մոտ տեղակայված ալեհավաքների հասցեների հետ, որոնց փաստաբանն արդեն անդրադարձել էր «Հետքին» տված հարցազրույցի ժամանակ։ Հիշեցնենք, որ ըստ փաստաբանի՝ գործում առկա ապացույցներով հաստատվում է, որ ոչ միայն ենթադրյալ հանցագործը, այլև տուժողն ու վկաները դեպքի վայրում չեն եղել․

«Հարգելի դատարան, սա պարզապես զավեշտ է,- եզրափակեց իր խոսքը փաստաբանը, - բայց տուժողը ևս չի գտնվել իր նշած դեպքի վայրում, վերջինիս հեռախոսը սպասարկվել է այլ հասցեներում տեղակայված ալեհավաքների կողմից»։ 

Ամբաստանյալ Համլետ Գասպարյանն իր հերթին ցանկացավ հայտարարություն հրապարակել․

«Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 4-ին՝ ժամը 8-ի սահմաններում, 6-ին հայտարաություն է տվել Նաիրա Վարդանյանը, և ստացվում է, որ ի սկզբանե թե՛ ոստիկանության և թե՛ քննչական մարմնի համար պարզ էր, որ շղթան գտնված է, բայց 10-ին եկել էին մեր տուն խուզարկության այն դեպքում, որ գործի նյութերով արդեն պարզ էր, որ շղթան գտնված է»։

Դատախազը հակադարձեց․ «Դա նախաքննության մարմինն է որոշում»։

Իր հերթին փաստաբանը հղում կատարեց դատարանի որոշման այն հատվածի վրա, որտեղ նշված է, որ խուզարկությունը թույլատրվում է շղթան և կախազարդը հայտնաբերելու նպատակով։

Դատախազն առարկեց՝ նշելով, որ գործի մանրամասները, թերևս, հայտնի չեն ամբաստանյալին և նրա պաշտպանին, քանի որ հայտնաբերվել է շղթայի միայն մի մասը, և «շղթայի մի կտոր վերջնականապես չի հայտնաբերվել», և հավելեց․ «Իսկ ինչ վերաբերվում է խուզարկությանը, ապա այն օրենքի սահմաված կարգով է կատարվել»։

Մեղադրող կողմը ցանկացավ անդրադառնալ նաև փաստաբանի այն պնդմանը, որ ալեհավաքների տվյալները «չեն բռնում»՝ նշելով․

«Մենք ունենք տվյալներ և տուժողը նախ կհարցաքննվի, և մինչև հիմա իրենք տեղյակ չեն, որ Բորյան 1-ի ալեհավաքը սպասարկում է Յան Ռայնիսի հասցեն։ Միջնորդում եմ՝ բերե՛ք գրություն գրենք համապատասխան կազմակերպությանը և պարզենք՝ Բորյան 1 հասցեն սպասարկո՞ւմ է այդ հասցեն, թե ոչ։ Այսինքն, իրանք պնդում են՝ վկան սուտ ա ասում, տուժողը սուտ ա ասում, մենակ իրանք են ճիշտ ասում»։

Պաշտպանական կողմը հակադարձեց՝նշելով, որ գործում արդեն կա նախաքննության մարմնի կողմից ուղարկված հարցմանն ի պատասխան ստացված համապատասխան տեղեկանքը, որտեղ հստակ նշված են բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, և լրացուցիչ հարցումների կարիք չկա։

Դատախազը շարունակեց պնդել իր փաստարկը՝ փաստաբանին առաջարկելով դրանք «ստուգել սեփական հեռախոսների միջոցով» դեպքի վայրում։

Դատարանը որոշեց բարձրացված հարցերը քննարկել հաջորդ դատական նիստին, երբ գործով տուժողը և վկաները նույնպես ներկա կլինեն։

Դատական նիստը հետաձգվեց մինչև մարտի 27-ը, ժամը 14։00-ն։

Հիշեցնենք, որ ըստ Համլետ Գասպարյանի պատմածի՝ 2016թ. սեպտեմբերի 4-ին երեկոյան ժամը 23:30-ի սահմաններում նա հորաքրոջ տանից դուրս գալիս, շքամուտքում վայր է ընկել և վնասել քիթը։ Վերջինիս ծեծի է ենթարկվել Ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնի աշխատակիցների կողմից, որոնք պահանջել են «խոոստովանել», թե ով և ինչի համար է հարվածել քթին։ Ավելի ուշ Համլետ Գասպարյանը մեղադրանք է առաջադրվել նույն օրը՝ ժամը 20։30-ի սահմաններում փողոցում մի կնոջ վրայից ոսկյա շղթա հափշտակելու համար։

Գասպարյաններն իրենց հերթին դիմել են ոստիկանություն՝ բողոքելով ոստիկանների վատ վերաբերմունքի և ծեծի դեմ։ 2016թ. դեկտեմբերի 29-ին Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել Գասպարյանների հաղորդման հիման վրա Ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արման Հովհաննիսյանի կողմից քաղաքացուն ծեծի ենթարկելու կապակցությամբ հարուցված վարույթը կարճելու մասին՝ մոր և Համլետի քաղաքացիական կնոջ ցուցմունքները որակելով որպես «կասկած»։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter