HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Դավության. «Եթե նպատակ, ապա գործ»

Տեսողության խնդիր ունեցող Լուսինե Դավությանի առաջին ձայնասկավառակն իրականություն է դարձել: Լուսինեն դրա առաջին օրինակը նվիրում է իր մանկության տարիների երաժշտության ուսուցչին` երաժշտագետ-բանահավաք Զավեն Թագակչյանին: Պատմում է, որ հենց նա է սերմանել և դաստիարակել իր մեջ հայկական մաքուր ժողովրդական երգի ու երաժշտության նկատմամբ սերը:

Զավեն Թագակչյանը 

Լուսինեն երազել է երգի միջոցով վեր հանել հայկական անարատ մշակույթը, իսկ երբ երազանքը նաև նպատակ է դառնում, ապա այն անպայման իրականանում է: Իր սկավառակի երգացանկում ընդգրկել է «Կռունկ», «Լուսին», «Մերիկ», «Րուրի», «Շարանի» կատարումները:

Ձգտում, նպատակասլացություն և ուժ. Լուսինե Դավությանին մարտի 7-ի երեկոյան «Նարեկացի» արվեստի միությունում կազմակերպված ձայնասկավառակի շնորհանդեսին ներկաները հենց այս հատկանիշներով էին բնութագրում: 

«Եթե նպատակ, ապա գործ»,- խոստովանում է նաև ինքը` Լուսինեն: 

Նրա նպատակասլացությանը նպաստել է նաև արցախցու չորկողությունը, ասում են ընկերները:  Լուսինե Դավությանը Արցախից է: Հաճախել է Երևանի կույրերի երեկոյան միջնակարգ դպրոց: Այնուհետև սովորել է Երևանի պետական համալսարանի Փիլիսոփայության և հոգոբանության ֆակուլտետի Հոգեբանության բաժնում և գերազանցությամբ ավարտել այն: Հաճախել է Արթուր Գրիգորյանի երգեցողության դասերին և նրա հետ էլ ձայնագրել են առաջին կատարումները: Ձայնասկավառակն իրականություն է դարձել Գրիգոր Մանթաշյանի աջակցությամբ:

Ձայնասկավառակի որոշակի քանակը նվիրելուց զատ Լուսինեն որոշել է «արժանապատիվ վաճառել այն», որպեսզի հասույթը տրամադրվի կրկնակի հաշմանդամություն ունեցող շնորհաշատ երիտասարդներին:

«Հիմնադիր խորհրդարան»-ի, «Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանն ասում է, որ բացի համառությունից ու նպատակասլացությունից, ինքը Լուսինեին ճանաչում է նաև որպես այլոց մասին մտածող անձի. «Ես երբ Լուսինեին եմ մտաբերում, դա Լուսինեն է` այլ մարդկանց մասին մտածող, և այդ մտածմունքներն ամեն գնով իրականություն դարձնելու նպատակասլացություն և համառություն ունեցող աղջիկ»:

Լուսինեն և Ալեք Ենիգոմշյանը

Լուսինեի նպատակն է գործուն դարձնել հաշմանդամություն ունեցող անձանց տեղեկատվական զանգերի կենտրոնը, որը պատշաճ տեղեկատվություն կտա հաշմանդամություն ունեցող անձանց` նրանց հետաքրքած ցանկացած հարցի և իրավունքների վերաբերյալ:

Նախագիծը մի քանի տարի է` իրականացվում է, սակայն ոչ կանոնավոր կերպով, ոչ համակարգված, և ոչ էլ այն լրջության աստիճանի, ինչպես կցանկանար Լուսինեն: Համապատասխան միջոցներ չկան: 

«Հաշմանդամների զանգերի կենտրոնը հարիր տեղեկատվություն կտրամադրի կոնկրետ խնդիր ունեցող անձանց իրենց իրավունքների, անելիքների և հասանելիքի վերաբերյալ, ոչ թե լավ ծանոթ, հարուստ քավոր, ճարպիկ, բանիմաց ու տեղեկացված ծնողների երեխաներն ունենան ինչ-որ բաներ, այլ բոլորն անխտիր, որպեսզի 12-դ դարի հանճարեղ Ֆրիկի ասած` մեկին հազար ձի և ջորի, մեկին ոչ ուլ մի, ոչ մաքի, այ սա չլինի մեր մեջ»,- ասում է Լուսինեն:

Ուղղորդող տեղեկատվական զանգերի կենտրոնը շուտով պետք է գործի: Այդ կենտրոնի թե աշխատողները, թե օգտվողները հաշմանդամություն ունեցող անձինք են լինելու: 

Լուսանկարները` Գարեգին Աղաբեկյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter