Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Դսեղի զարգացման համար հատկացված 302,3 մլն դրամը ծախսվել է անարդյունավետ



Դսեղի գյուղապետարանը 2016թ.-ին IFAD կազմակերպության 80 մլն դրամ ներդրումային ծրագրով Լորուտի Իքատակ հանդամասում Մարցիգետ թափվող Սարիբուլաղ գետակից սնվող 9,5 կմ երկարությամբ ջրագիծ է կառուցել՝ «Դսեղի ծովերի» ջրի մակարդակը բարձրացնելու և գյուղի վարելահողերի ոռոգման խնդիրը լուծելու համար:

«Մենք այդ ծրագիրը իրականացրինք՝ հույս ունենալով, որ  2017թ.-ին կլուծենք գյուղի ներքին ցանցի վերակառուցման խնդիրը», -ասում է նախկին գյուղապետի տեղակալ Սամվել Անտոնյանը: Վերջինս 2016թ.-ի հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններին առաջադրվել է գյուղապետի թեկնածու, սակայն չի ընտրվել:

Ընտրված գյուղապետ Գառնիկ Հովսեփյանը Դսեղի զարգացման 2017-2021թթ-ի հնգամյա ծրագրում չի նախատեսել Դսեղի ոռոգման ջրի ներքին ցանցի վերակառուցումը: Սա նշանակում է, որ նորակառույց ջրագիծը չի շահագործվի, իսկ IFAD-ի կողից 2016թ-ի Դսեղում ներդրած 80 մլն դրամը նորից կդառնա անարդյունավետ ծախս:

Վերջին 9 տարիներին 302,3 մլն դրամ է ծախսվել «Դսեղի ծովերի» ջրի մակարդակը բարձրացնելու և  գյուղի ոռոգման խնդիրը լուծելու համար: Դրանից 222,3 մլն դրամը անարդյունավետ ծախսվել է հենց Գառնիկ Հովսեփյանի պաշտոնավարման տարիներին:

«Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը («ԳՏՏԶ ԾՎԿԳ») Դսեղի ծովերի» ջրի մակարդակը բարձրացնելու և գյուղի ոռոգման խնդիրը լուծելու համար 2007-2008թթ-ին նույն Սարիբուլաղ գետակից սնվող, մինչև «Դսեղի ծովեր» 9,5 կմ երկարությամբ, վայրկյանում 300 լիտր ջրի ելքով ջրագիծ է կառուցել: Այդ ջրագծի ներդրումային գումարը կազմել է 141 մլն 380 հազար դրամ: Այնուհետև «Դսեղի ծովերից», մինչև Չկալով գյուղի տակ ընկած Դսեղի վարելահողերը ոռոգելու նպատակով 81 մլն դրամ ներդրումով կառուցվել է  4,5 կմ երկարությամբ ջրագիծ:

Գառնիկ Հովսեփյանը

լուսանկարը՝ Լոռու

մարզպետարանի կայքից

Այս ջրագծերն այժմ գոյություն չունեն: Դրանց  հետ կապված փորձեցինք տեղեկություն ստանալ գյուղապետ Գառնիկ Հովսեփյանից. «Ես Ձեզ վատություն ունե՞մ արած, ի՞նչ եք ուզում ինձանից, կարո՞ղ է դուք մեր գյուղի մասին ավելի շատ եք մտածում, քան ես: Էդ փողերը մեզանից չի ծախսվել, ինչ եք ուզում ինձանից»,- պատասխանեց նա:

Դսեղում 2016թ.-ին  IFAD կազմակերպության 80 մլն դրամ ներդրումով Սարիբուլաղ գետակից սնվող 9,5 կմ երկարությամբ ջրագիծը արդեն 2-րդն էր: Այս պահին Սարիբուլաղից եկող և «Դսեղի ծովեր» մտնող 9,5 կմ երկարությամբ ջրագծերի երկու խողովակ կա՝ մեկը 2007-2008թթ-ի կառուցած ջրագծի խողովակն է, մյուսը՝ 2016թ-ի կառուցված ջրագծինը: Երկուսից էլ ոչ մի կաթիլ ջուր չի լցվում լճեր:

Սամվել Անտոնյանը «Հետքին» վստահեցրեց, որ 2016թ.-ին IFAD-ի 80 մլն դրամ ներդրումով կառուցված ջրագիծը փորձարկվել է և գյուղի ոռոգման ջրի ներքին ցանցի վերակառուցման դեպքում պատրաստ է շահագործման: Իսկ ներքին ցանցի վերանորոգման խնդիրն էլ կրկին ձախողում է Գառնիկ Հովսեփյանը:

«Ծովեր»-ի 2 ջրագծերի 2 խողովակները

«Դսեղի ծովերի» ջրի մակարդակի բարձրացմանը և ոռոգման ջրի խնդրի լուծմանն այսօր խանգարում են 3 գործոններ՝ 1-ինը Սարիբուլաղ գետակից սնվող «Այոդա-Լոս» ՍՊԸ-ի «Պոզիտրոն» հէկը, 2-րդը՝ Դսեղի թալանված ներքին ցանցը, 3-րդը՝ գյուղապետ Գառնիկ Հովսեփյանի մեծ շահագրգռությունը «Դսեղի ծովերի» մակարդակը բարձրացնելու և գյուղի ոռոգման ջրի ծրագիրը ձախողելու գործում:

Սարիբուլաղ գետակից սնվող Դսեղի ջրագծից մոտ 1000 մետր ներքև գետակի մնացած ջուրը 2011թ-ին խողովակի մեջ է քաշել «Այուդա-Լոս» ՍՊԸ-ն և կառուցել է իր «Պոզիտրոն» հէկը:

Այն 1600 կՎտ հզորություն ունի: Գործում է 2012 թվականից: «Հետքը» պարզել է, որ ընկերության բաժնետոմսերի զգալի մասը Հայ հեղափոխական Դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչներին է պատկանում: Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը 20% բաժնեմաս ունի, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը՝ 10%, իսկ տարածքային կառավարման և զարգացման նախարար, ՀՅԴ անդամ Դավիթ Լոքյանի որդին՝ Սերգեյ Լոքյանը՝ 20%: 25%-ի սեփականատերը կանադահայ Հարայեր Սամուիել Սուղմունյանն է, 15%-ի սեփականատերը՝ Գյումրու ավագանու անդամ Արտակ Ադամյանը, իսկ «Արինվեստ Գրուպ» ՍՊԸ-ն ունի 10% բաժնեմաս:

Դսեղցիների ասելով՝ Գ.Հովսեփյանը գրավոր համաձայնություն է տվել «Այուդա-Լոս» ՍՊԸ-ին Սարիբուլաղից սնվող Դսեղի ջրագծից 1000 մետր ներքև հէկ կառուցելու համար: «Եթե մենք մեր ջրագծի ջուրը բացում ենք «Պոզիտրոն» հէկ ջուր չի գնում: Ջրի քանակը հազիվ է բավարարում Դսեղի ոռոգման ջրագծին: Հէկի աշխատելու դեպքում Դսեղի ջրագիծը ջուր չի ստանում»,- բացատրեց մի դսեղցի, ով խնդրեց չհրապարակել իր անունը:

Գառնիկ Հովսեփյանը Դսեղի համար կենսական նշանակություն ունեցող ջրագծի ակունքից մոտ հէկի կառուցման իր համաձայնությունը տալիս անկասկած տեղյակ է եղել, թե դա ինչ հետեւանքներ է ունենալու։ Հիշեցնենք, որ թեև ջրագիծը գտնվում է Դսեղի գյուղապետարանի հաշվեկշռում, սակայն կարճ ժամանակ անց այն թալանվել է: Գյուղապետ Գառնիկ Հովսեփյանը որևէ քայլ չի ձեռնարկել ջրագծի ոչնչացումը կանխելու համար: Դրա արդյունքում «Պոզիտրոն» հէկն իր շահագործման օրվանից անխափան աշխատել է, իսկ դսեղցիները զրկվել են 9,5 կմ երկարությամբ ջրագծից:

«Մեր գյուղում ոռոգում չկա, ժամանակին Մարց գետից ջուր է բերվել մեր ծովերը, բայց բերելուց հետո դա չի աշխատել: Էդ քարուքանդ են արել և այլն և այլն: Էնտեղ, մեր ջրագծի մոտ հէկ են սարքել, էլ էդ ջուրը չի գալի»,- ասում է դսեղցի Սերժիկ Քոչարյանը:

Սերժիկ Քոչարյանը և Արտաշ Ազարյանը

Սարիբուլաղում ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, որ կա՛մ հէկը չպետք է գործի՝ Դսեղի ոռոգման ջուր ունենալու համար, կա՛մ  դսեղցիները մեկընդմիշտ պետք է մոռանան հողագործությամբ զբաղվելու մասին։

Գյուղապետի թողտվությամբ 9,5 կմ երկարությամբ ջրագիծը թալանելու միջոցով խնդիրը լուծվել է հօգուտ հէկի: Ջրագիծը վերացնելուց հետո դսեղցիները նկատել են նաև «Դսեղի ծովերից» դուրս եկող գյուղի ոռոգման ներքին ցանցի խողովակների թալանը: Այդ մասին նրանք ահազանգել են «Հետքին»:

Դսեղում այսօր էլ չեն մոռանում նախկին մարզպետ Արամ Քոչարյանի՝ գյուղի ներքին ցանցի 40 տոկոս խողովակները յուրացնելու փաստը: Առանց Գառնիկ Հովսեփյանի համաձայնության անհնարին էր, որ նախկին մարզպետը տաներ այդ խողովակերը:

«Մեր գյուղում ոռոգման նորմալ ներքին ցանց չկա, մասնակի կլինի, նախկին մարզպետը մեր  ոռոգման  ներքին ցանցի տրուբեքը տարավ»,- հայտնեց մեկ այլ դսեղցի՝ Արտաշ Ազարյանը:

Այսպիսի մթնոլորտում 2016թ.-ին ԻՖԱԴ-ի կազմակերպության ծրագրով Դսեղի՝ կրկին Սարիբուլաղ գետակից սնվող 9,5 կմ երկարությամբ նոր ջրագիծը կարող է արժանանալ առաջինի ճակատագրին։

Նոր ջրագծի խողովակը

«Մեր Գիդ հանդամասը, որ կա՝ Դսեղի գերեզմանների մոտ, դրա ներքևի հողերը՝ գյուղաբերանով, շատ լավ հողեր էին, բայց չեն մշակվում, դրանց երևի մի 10 տոկոսը հազիվ լինի մշակվելիս: Որիշ հող գյուղում չի մշակվում»,- ասաց Սիլվարդ Խաչատրյան:

«Բրախած գյուղ է Դսեղը: Բա ինչ ա, որ բրախած չի: Որ բրախած չլինի, էս օրին կլինենք: Գյուղում մի վարած հող չկա: Ոչ էն ունենք, ոչ էն»,- ասաց Երջանիկ Ռամազյանը:

Դսեղը

«Կարող է պատահական մի  հողակտոր գտնես մշակած: Ինչքան ընտրություն է եղել, ես  Գառնիկին գյուղապետ չեմ ընտրել և չեմ էլ ընտրի, որովհետև գեղի համար գործ չի անում: Տրուբեքը տարան, ծախեցին»,- ասաց Զալիկո Ռամազյանը:

Զալիկո և Երջանիկ Ռամազյանները

«Դսեղի ծովերի» ջրերի մակարդակի բարձրացման, գյուղի ոռոգման ներքին ցանցի և  անարդյունավետ ծախսված 302 մլն դրամի խնդիրը ի վերջո պետք է հայտնվի կառավարության տեսադաշտում, որպեսզի պարզվի, թե ի վերջո ում պատվերով և ինչի համար են փոշիացվում Դսեղի զարգացման համար ներդրվող ֆինանսական պատկառելի միջոցները:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (9)
1. Սամվել07:03 - 9 մարտի, 2017
Ահա տիպիկ օրինակ,թե ովքեր ու ինչպես են թալանում մեր երկիրը:Իսկ վարչապետը դեռ դրայվ է անում:
2. Ռուբեն12:57 - 9 մարտի, 2017
Հայը պետական մտածողություն չունի,իսկ չարչու հոգեբանությամբ պետություն չես կառուցի...
3. Տիգրամ01:14 - 10 մարտի, 2017
Հայը չէ՝ «ռուսահայը» կամ «հայաստանցին»: Հետսովետական երկրներում խիստ տարածված համախտանիշ (սինդրոմ) է թալանչու, չարչու հոգեբանությունը:
4. Աննա10:52 - 10 մարտի, 2017
Զարմանալի է, որ երկար տարիների փորձ ունեցող լրագրողը բազային ինֆորմացիա չունի, թե ինչպես են իրականացվում IFAD-ի և և նման այլ կառույցների կողմից ֆինանսավորվող ծրագրերը, չգիտի, որ նման ծրագրերը գյուղապետարանները չեն իրականացնում, որ գյուղապետերը հասանելիություն չունեն ծրագրերի գումարներին և նույնիսկ շատ մեծ ցանկության դեպքում չեն կարող անարդյունավետ ծախսեր անել, ինչպես նշվում է հոդվածում, էլ չեմ խոսում գումար գրպանելու մասին: Լավ կլինի գյուղական բամբասանքներին ականջ դնելու փոխարեն ինքնակրթությամբ զբաղվեք: Եվ եթե ուզում եք իրապես օգտակար գործ անել, թալանչիներին փնտրեք ավելի բարձր օղակներում /հաստատ կգտնեք/ և հնարավորության դեպքում փորձեք կանխել նման դեպքերի կրկնությունը, որովհետև բոլոր դեպքերում տուժողն էլի առանց այդ էլ խեղճ ու զրկված գյուղացին է:
5. Լարիսա Փարեմուզյան00:23 - 11 մարտի, 2017
Ես որպես լրագրող որևէ պարտականություն չունեմ անստորագիր որևէ անտեղյակության պատասխանելու: Այսուհանդերձ կարդացեք Տեղական ինքնակառավարման մասին օրենքի ՝27հոդվածի 2-րդ, 31 հոդվածի 2-րդ, 37 հոդվածի 1-ին և 39 հոդվածը: Գառնիկ Հովսեփյանը ստորագրել է 222մլն. ներդրումով կառուցված 9,5 կմ և 4,5կմ երկարությամբ ջրագծերի ընդունման պետական ակտերը: Այս օբյեկտները նստելեն Դսեղի գյուղապետարանի հաշվեկշռում: Իսկ այս դեպքում Գառնիկ Հովսեփյանը լուրջ պարտականություններ և պատասխանատվություն է ունեցել, որը չի կատարել: Նա գործել է Դսեղի գյուղացիների շահերի դեմ: Ուշադիր կարդացեք հոդվածը: Դուք անտեղյակ մարդ եք, կամ այդպես եք ձևացնում Ձեզ:
6. Հրաչյա Պապինյան19:25 - 12 մարտի, 2017
Դսեղի Ծովերի և ոռոգման ջրի խնդիրը արդեն 15 տարի դարձելա մի անհատակ հոր, որ ոչ միկորպ չի լցվում թալանվող փողերով: Ահավասիկ հանցագործության մասին հայտարարություն, սակայն արդեն 15 տարի ոչ մեկի ոտքերին չի էտ հանգամանքը: Ես էլ երկու անգամ անդրադարձել եմ էդ խնդրին: Ջրագիծը կառուցեցին, անավարտ մնաց,ա սին շինարարը փողերը կերել հետո մահացելա, մարդ չկա ումից հաշիվ պահանջեն, հետո իբր թե նռրդրումներ արեցին ջրագիծը կառուցեցին, հետո ասին սողանքից մեկ կիլոմետրը ոչնչացրել է, իսկ ով է տեսել, եղելա էդ ջրագիծը թե չի եղել, կառուցվածա եղել թե ոչ: Ես օրինակ մեկ կիլոմետր խորացել եմ տարիներ առաջ, ջրագծի հետք չեմ տեսել, ընդհատվելա խողովակաշարը: Ասել են իբր թե մնացածը սարիբուլաղիցա կառուցվում: Մի խոսքով 15 տարվա մեջ երեք անգամ խոշոր ներդրումա եղել այդ խնդիրը լուծելու համար, շուրջ մեկ միլիոն դոլար, ի վերջո որևէ մեկը պաատսխան պիտի տա դրա համար թե չէ: Համաձայն եմ Աննայի հետ, որ այդ փողերին աղաչելու դեպքում անգամ գյուղապետերին մոտ չէին թողնի: բայց, գյուղապետարանը համաֆինասավորելա չէ էդ գումարը մի մասը, կամ ընդունելա չէ էդ ջրագիծը գյուղի բալանս: Բա ոնցա ընդունել:
7. Աննա23:55 - 14 մարտի, 2017
Հարգելի Լարիսա, ես Ձեզանից որևէ պատասխան չեմ ակնկալում, սա պարզապես մի փոքր լուսաբանում է միամիտ և անտեղյակ ընթերցողի համար: Իսկ հոդվածը ես կարդացել եմ շատ ուշադիր, շատ լավ գիտեմ ինչպես են իրականացվում նման ծրագրերը և ովքեր են ի վիճակի ձախողելու դրանք: Հուսով եմ` մի օր համայնքի ոռոգման ջրի ծրագիրը կշահի այնպիսի կազմակերպություն, որն իսկապես կուզենա արդյունք տեսնել: Բարբախտաբար, անաչառ աշխատող կազմակերպություններ դեռ կան:
8. Լարիսա Փարեմուզյան12:02 - 18 մարտի, 2017
Աննա , բարեբախտաբար, ես այն մարդկանցից եմ, որ հոդված գրելուց առաջ, շրջում է համայնքերում, տեղեկանում է գյուղացիների տեսակետին, անձամբ տեսնում այն օբյեկտը, որի մասին գրելու եմ: Ես անձամբ տեսել եմ ջրագծից ծովեր թափվող ջուրը, հիմա ես մի 1500 հոդված ունեմ, դրանց մեջ գտնեմ, արխիվային այդ հոդվածը: Հետո ջուրը ծովեր սկսեց չթփափվել:Ես այդ ժամանակ կրկին հոդված եմ պատրաստել, այդ ժամանակ էլ խոսել եմ նախկին գյուղապետ Ռաֆիկի հետ, որը ցավոք հանգուցյալ է: Մարդը ինձ բացատրել է, որ ջրագիծը կառուցվել է, սակայն լուրջ թերություններով: Ասել է նաև, որ այդ թերությունների պատճառով ինքը չի ստորագրել ջրագծի կառուցման կատարողական ակտը: Գառնիկ Հովսեփյան նրան փոխարինելուց հետո ստորագրել է ջրագծի կատարողական ակտը: Հիմա այս հոդվածի սկզբից կապույտ տող կա, մկնիկով խփեք այդ տողին և ձեր առջև կբացվի Դսեղի գյուղացիների կարծիքներն ու տեղեկատվոությունը ինձ:Եթե ջրագծի կատարողական ակտը Գառնիկ Հովսեփյան ստորագրել և ընդունել է, հարցերը այդ օբյեկտի մասին պետք է ուղղել Գառնիկ Հավսեփյանին: Նա էլ տեր պետք է լիներ, արդեն իր կողմից ընդունված և արդեն Դսեղի գյուղապետարանի սեփականությունը հանդիսացող , գյուղապետարանի հաշվեկշռում նստած ջրագծերին: Ջրագծերի վրա ծախսված գումարների մասին պաշտոնապես մեզ տեղեկատվությունը հաղորդել ջրագծի կառուցման գումարները ներդնող կազմակերպությունը, որի անունը հոդվածում նշված է: Շատ լավ կլինի, որ դուք Ձեր ազգանունով, առանց թաքնվելու ներկայանաք և մենք միասին քննարկենք ջրագծի խնդիրը:
9. Աննա15:44 - 27 մարտի, 2017
Հարգելի Լարիսա, ես թաքնվելու կարիք չունեմ, պարզապես հանրային մարդ չեմ և չեմ կարծում, որ ազգանունս նշելն այստեղ էական նշանակություն ունի: Ջրագծի խնդիրը քննարկելը նույնպես անիմաստ եմ համարում, հատկապես, որ իմ տպավորությամբ այս հոդվածի նպատակը լրիվ այլ է:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ