HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարեն Կարապետյան. «Հայաստանը շահագրգռված է Հունաստանի հետ համագործակցության ակտիվացմամբ»

Կառավարության պաշտոնական կայքը հայտնում , որ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասի գլխավորած պատվիրակությանը:

«Այս տարի լրանում է հայ-հունական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Մեր բարեկամական հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա, բայց մենք շահագրգռված ենք էլ ավելի ակտիվացնել դրանք և նոր որակ հաղորդել»,- ողջույնի խոսքում ասել է Կարեն Կարապետյանը:

Կառավարության ղեկավարը, մասնավորապես, կարևորել է երկկողմ տնտեսական կապերի զարգացումը՝ նշելով, որ այս ոլորտում շատ անելիք կա, և ներուժը շատ ավելին է, քան օգտագործվում է: Վարչապետը նաև ողջունելի է համարել միջազգային հարթակներում Հայաստան-Հունաստան համագործակցությունը և միջազգային օրակարգի բազմաթիվ հարցերի շուրջ մոտեցումների համընկնումը: 

Նշելով, որ ուրախ է գտնվել բարեկամ Հայաստանում՝ Հունաստանի ԱԳ նախարարը ՀՀ վարչապետին է փոխանցել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի ջերմ ողջույնները: «Մենք եղբայր ազգեր ենք միշտ եղել: Իմ այցը մեկ նպատակ ունի՝ պետք է ստեղծենք ռազմավարական գործընկերություն»,- ասել է Նիկոս Կոցիասը: Բարձր գնահատելով հայ-հունական քաղաքական երկխոսությունը՝ Հունաստանի ԱԳ նախարարը ևս համակարծիք է եղել, որ տնտեսական հարաբերությունները ցածր մակարդակի վրա են գտնվում, և անհրաժեշտ է ինտենսիվ աշխատել դրանք համաչափ զարգացնելու ուղղությամբ:

ՀՀ վարչապետը և Հունաստանի ԱԳ նախարարն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափով տնտեսական գործակցության խորացման հարցին, կարևորել Հայ-հունական տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը: Կողմերը քննարկել են, մասնավորապես, հայ-հունական գործարար համաժողովի անցկացմանը վերաբերող հարցեր: Վարչապետ Կարապետյանն առաջարկել է հստակեցնել այն ոլորտները, որոնք կարող են փոխադարձ ներդրումային հետաքրքրություն ներկայացնել երկու երկրների գործարարների համար և ակտիվ աշխատել համատեղ հնարավոր ծրագրերի շուրջ: 

Կարեն Կարապետյանն ու Նիկոս Կոցիասը մտքեր են փոխանակել նաև Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության, ԵՄ-ԵԱՏՄ երկխոսության զարգացման, ինչպես նաև տարածաշրջանային գործակցության հեռանկարների շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter