HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Տնտեսական «հյութեղ» խոստումներ՝ նախընտրական ծրագրերում. մաս 3

Մաս 1,   Մաս 2 

«Ազատ Դեմոկրատներ» կուսակցության ծրագրում ևս  տնտեսական քաղաքականության դրույթները բավականին ընդգրկուն են ու մանրամասն։  Նախ՝ խոսվում է կոռուպցիայի, մենաշնորհների և ստվերի դեմ անզիջում պայքարի մասին։ «Տնտեսության մեջ վերացնել ստվերը (Արժույթի միջազգային հիմնադրամի և այլ հեղինակավոր կազմակերպությունների ու փորձագետների գնահատականով՝ ՀՆԱ-ի նկատմամբ 30-50%, ՀՀ ֆինանսների նախարարության գնահատակով՝ 34%)՝ բյուջետային եկամուտները ավելացնելով 600 միլիոնից մինչև 1 մլրդ ԱՄՆ դոլարով: Դա իր հերթին նշանակում է՝ բյուջետային ծախսերը բնակչության մեկ շնչի հաշվով կարող են ավելանալ 200-300 ԱՄՆ դոլար կամ միջին ընտանիքի հաշվով՝ 800-1200 ԱՄՆ դոլար»,- նշված է ծրագրում:

Մեկ այլ քայլ, որն, ըստ կուսակցության, ևս կոռուպցիայի, մենաշնորհների և ստվերի դեմ անզիջում պայքարի մաս են կազմելու. «Բացառել օֆշորային գոտիներում գրանցված ընկերություններին՝ գործունեության թույլտվությունների, պետական գույքի սեփականաշնորհման, պատվերների տեղադրման և գնումների գործընթացին մասնակցությունը, ինչպես նաև՝ նրանց արգելել հանքարդյունաբերությամբ զբաղվել՝ արդեն գրանցված և գործող օֆշորային ընկերություններին ժամանակ տրամադրելով պարտադիր կարգով վերագրանցվելու և «բաց» կարգավիճակով գործունեությունը շարունակելու համար»։ 

«Ազատ Դեմոկրատներ»-ն առանձնացրել է մրցունակ տնտեսության քաղաքականության առաջնահերթությունները։  Ըստ նրանց՝ անհրաժեշտ է ԵՄ հետ ստորագրելիք նոր պայմանագիրը դարձնել ավելի համընդգրկուն, ընդլայնել ԱՄՆ-ի հետ տնտեսական հարաբերությունները, Իրանի հետ կնքել Ազատ առևտրի համաձայնագիր, շահագործել (ամբողջությամբ ու մասնակիորեն) կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտները, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ ճանապարհի Սիսիան-Մեղրի հատվածը (32 կամուրջով և 8 թունելով), սկսել Կիրանց-Ջուջևան և Իջևան-Նավուր թունելների շինարարությունը և այլն։ 

Կուսակցությունը շեշտադրում է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին հարկային արտոնություններ տալու անհրաժեշտությունը։ Կուսակցության ծրագրի հեղինակները կարծում են, որ 2017-2021թթ. հնարավոր է Հայաստանում ու Արցախում հիմնել առնվազն 2 տասնյակ իննովացիոն կենտրոններ, տեխնոպարկեր և լաբորատորիաներ, մարզերում բացել գործարարության աջակցության կենտրոններ՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց հնարավորութուն տալով 2 տարի, առանց որևէ վճարման այդ կառույցներում զարգացնել իրենց իննովացիոն ձեռնարկատիրական ծրագրերը:

Ծրագրում կոնկրետ ցուցանիշներ են ներկայացված աշխատավարձերի, գործազրկության, թոշակների ու աղքատության վերաբերյալ։ Օրինակ՝ 2017-2021թթ. գործազրկության մակարդակը 2016թ. 16.9%-ից 2021թ. իջեցնել 10.4%-ի, ինչը հավասար է 140.000 աշխատատեղ ստեղծելուն: Նվազագույն աշխատավարձը 5 տարում կրկնապատկել մինչև 111.000 դրամ, միջին աշխատավարձը հասցնել 259.000 դրամ (462 դոլար՝ 2021թ. կուրսով), իսկ միջին աշխատանքային կենսաթոշակները բարձրացնել մինչև առնվազն 73.000 դրամ: Ընդհանուր աղքատության ցուցանիշը 2017-2021թթ. ընթացքում ներկայիս ավելի քան 30%-ից իջեցնել առնվազն մինչև 15%, իսկ ծայրահեղ աղքատների թիվը՝ ոչ ավելի, քան 2%։ Երեխաների ծննդի միանվագ նպաստը սահմանել 1.5 մլն դրամ, երրորդ և չորրորդ երեխաների համար՝ 2 մլն, իսկ հինգերորդից սկսած՝ 3 մլն դրամ։ 

«Ազատ Դեմոկրատներ»-ը շեշտադրում է նաև գյուղատնտեսությանը օժանդակելու անհրաժեշտությունը։ Օրինակ՝ սուբսիդավորել գյուղատնտեսական մթերքների արտադրությունը, մասնավորապես՝ ամեն տարի ՀՀ բյուջեում առանձին հավելվածով նշել այն մթերքների և գյուղական բնակավայրերի (հատկապես՝ լեռնային ու ծայրամասային գյուղերում) անունները, որոնց համար տվյալ բյուջետային տարում սուբսիդիաներ են նախատեսվում:

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը «թվային» խոստումներ չի տալիս

ՀՅԴ կուսակցության ծրագրում տնտեսական քաղաքականության մասին դրույթները ժամանակային եւ թվային առումով չափելի չեն: 

Ըստ ՀՅԴ-ի՝ անհրաժեշտ է արմատապես փոխել երկրի սոցիալ-տնտեսական զարգացման տրամաբանությունը, վերականգնել պետության և քաղաքացու պատասխանատվությունը միմյանց հանդեպ՝ անցում կատարելով նոր Սահմանադրությամբ ամրագրված սոցիալական շուկայական տնտեսակարգին: Այդ նպատակին հասնելու համար կուսակցության առաջարկած քայլերից են՝ ապահովել տնտեսական աճի և ստեղծված տնտեսական արդյունքի արդար բաշխումը հասարակության բոլոր անդամների միջև, հնարավորություններ ստեղծել, որ մարդիկ կարողանան իրացնել աշխատանք ունենալու իրենց իրավունքը, բացառել, որ օրնիբուն աշխատող մարդը չկարողանա իր ստացած աշխատավարձով հոգալ ընտանիքի նույնիսկ տարրական կարիքները (աշխատանքի նվազագույն վարձատրությունը չի կարող ցածր լինել կենսաապահովման զամբյուղից), ներդնել ջրային ռեսուրսների ավտոմատ կառավարման համակարգեր, ընդլայնել ամբարվող ռազմավարական ջրային պաշարները և այլն։ 

Առանձին բաժնով ներկայացված է բիզնես ոլորտը և պետության դերն այդ ոլորտում։ Կուսակցությունն առաջարկում է ստեղծել արդար պայմաններ ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար. «Հայաստանը որքան էլ բարձր տեղեր գրավի միջազգային վարկանիշային ցուցակներում, միևնույն է, դա չի նվազեցնում մեր ձեռնարկատերերի դժգոհությունները տնտեսվարման միջավայրից: Փոքր և միջին ձեռնարկությունները, որոնք ոչ միայն եկամուտ և աշխատանք են ապահովում, այլև հնարավորություն են ստեղծում ինքնադրսևորվելու ու արարելու, հաճախ խոշոր ընկերությունների զոհ են դառնում: Բանկերը, վարկային կազմակերպությունները, տնտեսական առաջընթացն ապահովելու փոխարեն հաճախ նմանվում են վաշխառուների՝ անիրատեսական և ստրկացնող վարկավորման պայմաններով»: 

Ինչպես նաև՝ առաջնային համարվող, ռազմավարական և սոցիալական նշանակություն ունեցող ձեռնարկությունների հետ, պետություն-մասնավոր հատված գործընկերության շրջանակներում, կիսել բիզնես ռիսկը և ապահովել մատչելի ֆինանսավորում: 

Մենաշնորհների առումով՝ ուժեղացնել մենաշնորհների և անբարեխիղճ մրցակության դեմ պայքարը և խստացնել մրցակցության համար պատիժների համակարգը։ 

Իսկ ինչ վերաբերում է Կոմունիստական կուսակցության ծրագրին, ապա այն դեռ հրապարակված չէ։ Կուսակցությունից «Հետք»-ի հետ զրույցում ասացին, որ իրենց ծրագիրը դեռևս վերջնական պատրաստ չէ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter