HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սարի թաղի գործով նիստը հետաձգվեց․ մեղադրողը և փաստաբանը չէին ներկայացել դատարան

Ամալյա Մարգարյան

Այսօր էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Աննա Դանիբեկյանի նախագահությամբ հետաձգվեց Սարի թաղում զանգվածային անկարգությունների մեջ մեղադրվող Հարություն Թորոսյանի, Հրայր Իսախանյանի, Անդրանիկ Քյոսեյանի և Էդուարդ Զեյթունյանի գործով դատական նիստը: Նիստին չէր ներկայացել մեղադրող դատախազը, ինչպես նաև՝ մեղադրյալ Անդրանիկ Քյոսեյանի պաշտպան Դավիթ Մնացականյանը։

Ամբաստանյալ Անդրանիկ Քյոսեյանը դատարանին հայտնեց, որ հրաժարվում է իր պաշտպանից և խնդրում է գործը քննել առանց փաստաբանի: «Ինչքա՞ն կարելի է գործը հետաձգել պաշտպանիս չներկայանալու պատճառով»,-ասաց ամբաստանյալը։ Պաշտպան Դավիթ Մնացականյանը դատարանին հայտնել էր, որ ծանրաբեռնվածության պատճառով չի կարողանալու ներկայանալ այսօրվա դատական նիստին, ինչպես նաև չի մասնակցի նիստերին մինչև ապրիլի 11-ը։ Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ պաշտպանից հրաժարվել կարելի է միայն վերջինիս ներկայությամբ։ Հարություն Թորոսյանի, Էդուարդ Զեյթունյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն էլ նշեց, որ բացի փաստաբանից, դատախազը նույնպես ներկա չէ նիստին, ուստի դատաքննությունը հնարավոր չէ շարունակել։ Նիստի սկզբում դատավորը հայտնել էր նաև, որ մեղադրող դատախազը նույնպես ծանրաբեռնվածության պատճառով չի ներկայացել նիստին և դատարանին նախօրոք տեղեկացրել է։ Նիստը հետաձգվեց։ Այս գործով հաջորդ նիստը կկայանա ապրիլի 13-ին։

Հիշեցնենք, որ Հարություն Թորոսյանի, Հրայր Իսախանյանի, Անդրանիկ Քյոսեյանի և Էդուարդ Զեյթունյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել 2016-ի հուլիսի 19-ին Մովսես Խորենացի փողոցին հարող` Գլինկա և Որմնադիրների փողոցների հատման վայրում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Տուժող են ճանաչվել յոթ ոստիկաններ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter