HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Կառավարությունը ՄԻԵԴ-ին չի ներկայացրել Վ. Շիրխանյանի բոլոր բժշկական փաստաթղթերը

ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի գործով Կառավարությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ուղարկել 179 էջից բաղկացած  բժշկական պատմության միայն 49 էջը՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե դրանք Շիրխանյանի բժշկական պատմության բոլոր փաստաթղթերն են: Այս մասին «Հետքին» ասաց Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

Հիշեցնենք,  որ Եվրոպական դատարանը Շիրխանյանի առողջական վիճակի և կալանքի վերաբերյալ  գանգատը վարույթ էր ընդունել և Կառավարությանը հարցեր ուղղել՝  դրանց պատասխանելու համար մինչև փետրվարի 22-ը ժամանակ տալով: Կառավարության պատասխաններն ուղարկվել են  Շիրխանյանի փաստաբաններին, և վերջիններիս մինչև այսօր՝ մարտի 9-ը, ժամանակ է տրվել այդ պատասխանների վերաբերյալ առարկություններ ներկայացնելու համար: Ալումյանի փոխանցմամբ՝ դատարանի սահմանած ժամկետից երեք օր շուտ՝ մարտի 6-ին Շիրխանյանի պաշտպաններն իրենց առարկությունները մուտքագրել են ՄԻԵԴ:

«Մի շարք փաստական անճշտություններ ու, ես կասեի, խեղաթյուրված տվյալներ կան Կառավարության առարկությունների մեջ, և փաստաբանները ՄԻԵԴ-ի ուշադրությունը հրավիրել են այդ հանգամանքի վրա: Գլխավոր ապատեղեկատվությունը հենց այն է, որ 49 էջից բաղկացած բժշկական փաստաթղթերը նկատի ունենալով՝ նրանք ասում են՝ սրանք են բոլոր փաստաթղթերը, իսկ մենք ասում ենք, որ չէ, դրանք բոլորը չեն»,- ասաց Ալումյանը և որպես իր խոսքերի ապացույց մեջբերեց «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից դատարան ուղարկված գրությունից մի հատված, որում հիմնարկի պետ Վ. Պապոյանը գրել է, որ Շիրխանյանի բժշկական ամբուլատոր քարտը բաղկացած է 179 էջից:

«Նրանք մոռացել էին դատարան ուղարկված գրության առկայության հանգամանքը: Եթե այս գրությունը չլիներ, մենք ոչ մի կերպ չէինք կարողանալու ապացուցել սա»,- ասաց Ալումյանը`հիշեցնելով, որ ՔԿՀ-ն ո՛չ իրեն, ո՛չ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին չի տրամադրում Շիրխանյանի հիվանդության պատմության բոլոր փաստաթղթերը:

Ալումյանի խոսքով՝ Կառավարությունը ՄԻԵԴ-ին ուղարկած իր պատասխանում  շեշտել է այն հանգամանքը, որ Շիրխանյանի բուժումն իրականացվում է ամբողջ ծավալով, որ նրան դեղեր են տրվում, ՔԿՀ-ում հնարավոր է նրա խնամքը լիարժեք իրականացնել: Ուղարկել են նաև հետազոտությունների արդյունքներ, որոնց բժշկական ցուցումների մասում գրված է, թե Շիրխանյանը ստացիոնար բուժման կարիք չունի:

«Հղում են  կատարել նաև այն հանգամանքին, որ Շիրխանյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց`հետազոտման, բայց ինչպես հայտնի է, Շիրխանյանը հիմա նորից «Երևան-Կենտրոն ՔԿՀ-ում է»,- հիշեցրեց Ալումյանը:

Փաստաբանի խոսքով՝ Կառավարությունը գրել է նաև, թե, հաշվի առնելով Շիրխանյանի անոթային խնդիրները, նրա ոտքերն ամեն օր էլաստիկ բինտով փաթաթում են, մինչդեռ փաստաբանի պնդմամբ՝ արդեն 4 ամիս է՝ իր պաշտպանյալի ոտքերը ոչ ոք էլաստիկ բինտով չի փաթաթում:

«Մենք ասում ենք, որ նախ՝ ոչ ոք չի փաթաթում, և բացի այդ`ո՞վ անի. ինչքա՞ն կարելի է խցակիցներին խնդրել,որ ամեն օր ոտքերդ բինտով փաթաթեն»,- ասաց Ալումյանը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ եթե Կառավարությունը վստահ լիներ իր փաստարկներում, ապա կներկայացներ Վահան Շիրխանյանի վերաբերյալ բոլոր բժշկական փաստաթղթերը:

Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանը մեղադրվում է «Նորքի զինված խմբի» գործով:  Ըստ մեղադրանքի` Շիրխանյանը մասնակցել է Արթուր Վարդանյանի ստեղծած ու ղեկավարած հանցավոր համագործակցությանը, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի իշխանությունը յուրացնել, այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչն ավարտին չի հասցվել իր կամքից անկախ հանգամանքներում:

Շուրջ 4 ամիս է՝ այդ գործը գտնվում է դատարանում, բայց նշանակված բոլոր դատական նիստերը հետաձգվել են, քանի որ Շիրխանյանը հայտնել է, որ առողջական խնդիրներ ունի ու առանց պատգարակի դատարան ներկայանալ չի կարող:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter