HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խորենացի փողոցում զանգվածային անկարգությունների մեջ մեղադրվողն ասաց, որ կատարվածը բեմադրություն է

Ամալյա Մարգարյան

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք տվեց Խորենացի փողոցում զանգվածային անկարգություններ կատարելու մեջ մեղադրվող Արման Առաքելյանը: Ամբաստանյալը հայտնեց, որ 2016-ի հուլիսի 20-ին Խորենացի փողոցում զանգվածային անկարգությունների ժամանակ ինքը պաշտպանվել է: Ամբաստանյալը նշեց, որ այդ օրը գնացել է Խորենացի հետաքրքրությունից դրդված՝ առանց մտածելու, որ հավաքն այդպիսի ընթացք կստանա:

«Տվյալ վայրից 20-25 մետր հեռավորության վրա աշխատում էի, աշխատանքից հետո դուրս եկա, տեսա, որ ժողովուրդը հավաքված է, հետաքրքրությունից դրդված մոտեցա, կանգնեցի ժողովրդի ու ոստիկանների միջև»,- հայտնեց Արման Առաքելյանը:

Ամբաստանյալը նշեց, որ ժողովրդի հավաքվելու պատճառը դեպի ՊՊԾ գունդ շարժվելն ու այնտեղ գտնվող մարդկանց սնունդ հասցնելն է եղել: Ցուցմունքի մեջ Արման Առաքելյանը նշեց նաև, որ ժողովրդի մեջ եղել են քաղաքացիական հագուստով ոստիկանության, քննչական կոմիտեի աշխատակիցներ, սակայն նրանց անուններով չգիտի:

«Նրանք սադրիչ գործողություններ էին անում, քարեր էին նետում, իմ կարծիքով՝ դրանից հետո սկսվեց բախումը»,-հավելեց ամբաստանյալը:

Առաքելյանն ասաց, որ իր վրա ոստիկանների շղթայի կողմից շիշ է նետվել, հետո մահակներով հարվածներ է ստացել, որից հետո սկսել է պաշտպանվել: Մեղադրյալը նշեց նաև, որ քաղաքացիների ձեռքին մինչև բախումները սկսվելը արգելված իրեր չի նկատել: Արման Առաքելյանը նշեց նաև, որ կատարվածը բեմադրություն է եղել:

«Ուղղակի իմ համար կանգնած եմ եղել, ոստիկանները հարվածել են: Ես արդեն յոթ ամիս է՝ չգիտեմ ինչի համար եմ բանտում: Իրենք ուզում են հիմնավորեն այն, թե ինչու են  ժողովրդին փակել բանտում»,-նշեց Առաքելյանը:

Դատախազ Հայկ Պետրոսյանն ասաց, որ որևէ մեկը բեմադրություն կազմակերպելու խնդիր չի ունեցել, և ամեն ինչ պատկերված է տեսանյութերում: Մեղադրողը նշեց նաև, որ ոստիկանների մոտ հնարավոր չէր հայտնվեին փայտե ու երկաթե մահակներ, որովհետև այդպես որևէ ոստիկան ծառայության չի գնում:

«Բեմադրությունը սարքած է, տեսանյութում չկա այն մասը, որտեղ ես կանգնած եմ, չի երևում այն պահը, որտեղ ես պաշտպանվում եմ»,-հավելեց Արման Առաքելյանը:

Մինչ վկայի հարցաքննությունը դատարանում զննվեցին նաև իրեղեն ապացույցներ հանդիսացող մոտ մեկ մետր երկարությամբ երկաթե և փայտե ձողերը և բենզինի շշերը:

Հիշեցնենք, որ Արման Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել 2016թ. հուլիսի 20-ին Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։

Հաջորդ նիստին, տեղի կունենա մարտի 21-ին, կողմերը հանդես կգան ճառերով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter