HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական Ծրագրերը» փորձում է կապ ստեղծել կրթության ու արտադրության միջեւ

Մարինե Ստեփանյան

«Հայկական Ծրագրեր» ընկերությունը, որն արդեն 30 տարի զբաղվում է բիզնեսի կառավարման համակարգեր մշակելով և սպասարկելով, իրականացնում է ուսումնական ծրագրեր, որոնց նպատակն է ծրագրավորման և հաշվապահական ոլորտի որակյալ մասնագետներ պատրաստել: Դասավանդումն ունի երկու հիմնական ուղղություն. սովորողների մի խումբը «Հայկական Ծրագրեր» ընկերության պատվիրատուներն են, որոնք սովորում են իրենց գնած համակարգերը: Ուսուցումը ներառված է պատվերի վճարի մեջ: «Հայկական Ծրագրեր» ընկերության տնօրեն Աշոտ Խաչատրյանի խոսքով՝ տարեկան մոտ 400 հաշվապահ վերապատրաստվում է այս ծրագրով: Նույն համակարգը դասավանդվում է նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: Լավագույն ուսանողներին ընկերությունը հրավիրում է իր մոտ՝ սովորեցնելով բանկերի և խոշոր ձեռնարկությունների հաշվապահական հաշվառում, ավտոմատացում: Ուսումնական ծրագրի մյուս ուղղությունը ծրագրավորման դասավանդումն է: Ըստ Աշոտ Խաչատրյանի՝ ծրագրավորման ուսուցման անհրաժեշտությունը ծագեց այն ժամանակ, երբ բուհերի շրջանավարտների և ոլորտում գործող ձեռնարկությունների պահանջների միջև ճեղք սկսեց առաջանալ: «Ընկերությունները սկսեցին իրենց մասնագիտացված ուսումնական կենտրոնները ստեղծել: Մենք էլ որոշեցինք անել դա: Մեզ մոտ հավաքվում են լավագույն ուսանողները: Մրցակցությունը մեծ է. մոտավոր հաշվարկով՝ 35 տեղի համար 150 դիմորդ ենք ունենում: Շաբաթական 5 օր համալսարանի դասերից հետո նրանք գալիս են մեզ մոտ և ևս 3 ժամ ծրագրավորում են սովորում», - նշում է Աշոտ Խաչատրյանը:

Ձախից՝ Վահրամ Դումանյանը, Աշոտ Խաչատրյանը

2016 թվականի սեպտեմբերից «Հայկական Ծրագրեր»-ը համագործակցում է նաև Երևանի պետական համալսարանի հետ, որի արդյունքում Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում նոր մասնագիտացում է ներդրվել, որ պայմանականորեն կոչվում է տեղեկատվական անվտանգություն, սակայն ծրագրավորման, ինֆորմատիկայի ավելի լայն ուսուցում է ենթադրում: Դասընթացի մեթոդաբանությունը մշակել է «Հայկական Ծրագրեր» ընկերությունը: Ընկերությունը ապահովում է նաև անհրաժեշտ լսարանային պայմանները:

«Երբ նոր էինք հանդես գալիս նման ծրագրի առաջարկով, բոլոր բուհերից մերժում ստացանք, այդ թվում՝ ԵՊՀ-ից: Բայց հետո բոլորը եկան այն եզրակացության, որ սա ճիշտ քայլ է: ԵՊՀ-ի հետ համաձայնագիր կնքելուց հետո՝ մեկ շաբաթ անց, մեզ զանգեցին Սլավոնական համալսարանից և առաջարկեցին համագործակցել, բայց պայմանագիրն արդեն կնքված էր: Մեթոդական օգնության խնդրանքով մեզ դիմել են նաև Պոլիտեխնիկական համալսարանից: Երբ ուսումնական ծրագիրն ամբողջապես մշակվի, մենք այն բաց կանենք բոլոր բուհերի համար»,- ասում է Աշոտ Խաչատրյանը:

ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանի խոսքով՝ այսօր շատ տարածված է այն սխալ միտքը, թե բուհերը ոչինչ չեն սովորեցնում, իրականում բուհը սովորեցնում է այն, ինչ գիտի, մյուս կողմից՝ մասնավոր ձեռնարկությունների տված գործնական գիտելիքը շատ կենտրոնացված է: «Նախկինում մեր ունեցած համագործակցության փորձերը ցույց են տալիս, որ ՏՏ մասնավոր ընկերությունները ուսանողներին սովորեցնում են այն գործիքները, որոնք պետք են իրենց մոտ աշխատելու համար, սակայն ուսանողներին դա չի բավարարում, քանի որ նրանք նաև այլ ընկերություններում աշխատելու, իրենց ուժերը փորձարկելու ցանկություն ունեն: «Հայկական ծրագրեր»-ի դասընթացները հարմարեցված չեն ընկերության կադրային պահանջներին, դրանք համամարդկային են, համապատասխանում են ոլորտի ընդհանուր պահանջներին»,- նշում է Վահրամ Դումանյանը:

Ուսումնական ծրագրի իրականացման հարցում նախաձեռնող ընկերության միակ դժգոհությունը պետության կողմից կրկնակի հարկումն է: Այլ երկրներում նման խնդիր չկա, քանի որ համարվում է, որ մասնավոր ընկերությունն է անում այն, ինչ պետք է պետությունն աներ:

«Համալսարանական ծրագրում մեր ամենամեծ խնդիրը այն է, որ պետք է լրացուցիչ ֆինանսավորում ներգրավենք տարբեր ընկերություններից: Այդ գումարը նրանք պետք է տան իրենց շահույթից և կրկնակի հարկվեն», - մանրամասնում է Աշոտ Խաչատրյանը:

Համալսարաննների հետ համագործակցությունից բացի, «Հայկական Ծրագրեր»-ը OMD ընկերության աջակցությամբ արդեն 4 տարի իրականացնում է սեփական ուսումնական ծրագիրը, որին մասնակցում են տարբեր համալսարանների ուսանողներ: Ծրագրավորման այս դասընթացը ևս անվճար է: «Նման ծրագրերի իրականացման գլխավոր շարժառիթը կադրային խնդրի առկայությունն է: ՏՏ ոլորտում գործող ընկերությունների մեծ մասը, կարծում եմ, կհամաձայնի, որ մեր ոլորտը սահմանափակող հիմնական գործոնը մարդկային կապիտալի խնդիրն է: Նման ծրագրերը հետաքրքիր են այնքանով, որ, ի տարբերություն համալսարանների, մենք փորձարկումների ավելի լայն հնարավորություններ ունենք: 4 տարվա մեջ ուսումնական ծրագիրը շատ է փոփոխվել, հասունացել: Այս ձևաչափի ծրագրերի մյուս առավելությունը բուհերի նկատմամբ այն է, որ մենք ենք ընտրում մեր լսարանը: Բուհերն այս առումով սահմանափակում ունեն, քանի որ ոչ թե ընտրում են, այլ ստանում են մարդկային ռեսուրսներ՝ չիմանալով ինչ կարելի է նրանցից ստանալ, քանի որ ամեն ռեսուրսից հնարավոր չէ ամեն բան ստանալ»,- ասում է OMD ընկերության տնօրեն Վահան Մարգարյանը:

Ուսումնական ծրագրի դասընթացները վարում են հիմնականում ոլորտի երիտասարդ մասնագետները: Վահրամ Մարտիրոսյանը ուսումնական ծրագրերի շրջանակներում դասավանդում է օպերացիոն համակարգեր: Նրա կարծիքով՝ «Հայկական Ծրագրեր»-ի դասընթացները հիմնված են ֆունդամենտալ գիտելիքի տրամադրման սկզբունքի վրա: «Ես սերտ առնչություն ունեմ ուսանողների հետ, և ինձ համար ամենագնահատելին այն է, որ ուսումնական ծրագրի շրջանակներում տրված է մեծ ազատություն՝ կուրսը կազմակերպելու ըստ իմ հայեցողության, ելնելով կոնկրետ լսարանի պահանջներից և ունակություններից: Ես դիտարկում եմ իմ ուսանողներին որպես իմ ապագա գործընկերներ, ոչ թե պարզապես սովորեցնում եմ, այլ սովորեցնում եմ, որ մի քանի տարի հետո կարողանամ նրանց հետ աշխատել: Նրանց առաջ դնում եմ խնդիրներ, որոնց ինքս բախվել եմ: 4 տարվա ընթացքում ուսանողներից 4-ը տեղավորվել են աշխատանքի այն ընկերություններում, որտեղ ես եմ աշխատել: Կրտսեր ծրագրավորողներից նրանք արդեն դարձել են միջին մասնագետներ», - պատմում է երիտասարդ դասախոսը:

«Հայկական Ծրագրեր»-ի տնօրեն Աշոտ Խաչատրյանի խոսքով՝ արևմտյան համալսարանների փորձը ցույց է տալիս, որ տեղեկատվական տեխնոլոգիաներ ուսումնասիրող ուսանողը սովորում, ձևավորվում է կրթություն-արտադրություն-գիտություն եռամիասնության մեջ: «Մենք փորձում ենք ստեղծել կապը կրթության և արտադրության միջեւ՝ ուսանողներին ներգրավելով մասնավոր հատվածում, որպեսզի նրանք գործնականում իմանան՝ դա ինչ է: Ցավոք, մեզ մոտ գիտությունը հետ է գնացել, դեռևս շատ թույլ է, բայց մենք մեր բոլոր ուսանողներին խրախուսում ենք, ազատում ենք որոշ պարտականություններից, որպեսզի նաև գիտությամբ զբաղվեն»,- ասում է Աշոտ Խաչատրյանը: 

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter