HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Վահե Դանիելյան. «Իրենք չեն հասկացել, որ EAC նշանի մակնշումն այդ ապրանքների վրա պարտադիր է»

 «Հետք»-ը մի քանի անգամ գրել է սննդամթերքի մակնշման խախտման դեպքերի մասին: Ավելին, հայտնաբերել էինք սննդամթերքի մի քանի տեսակներ, որոնց վրա առհասարակ բացկայում էր հայերեն մակնշումը: Որոշ խանութներում վաճառվում էին բարձր ռիսկայնությամբ մթերքներ՝ առանց  անվտանգությունը հավաստող EAC նշանի:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը պատասխանում է «Հետքի» հարցերին:

 

-Հայերեն մակնշումը պարտադիր է ցանկացած սննդամթերքի համար: Ի՞սկ EAC  նշանը: Պարտադի՞ր է, որ այն փակցված լինի ամեն ապրանքի վրա, թե հավաստագիրը կարող է վերաբերել խմբաքանակին:

-Նայած՝ այդ ապրանքը կիլոգրամով վաճառվող ապրանք է, թե արդեն սպառողական տարրայի մեջ է: Սրանով են պամանավորված մակնշման առանձնահատկությունները: Եթե կիլոգրամով չի վաճառվում, իր ամեն մի սպառողական տարրայի վրա համապատասխան բովանդակության տեքստ պետք է լինի, և այդ նույն տեքստի մեջ պետք է նաև զետեղված լինի Եվրասիական տնտեսական միության տարածքում շրջանառության միասնական նշանը: Իսկ այդ նշանը պատահական չի դրվում. դա հավաստում է, որ ապրանքն անցել է համապատասխանության գանահատման ընթացակարգ: Բայց այստեղ կա մի շատ մեծ նրբություն. այն սննդամթերքի տեսակները, որոնք որ Հայաստանի հանրապետության օրենսդրությամբ ենթական չեն եղել պարտադիր գնահատման մինչև 2017թ,  դրանք թույլատրվել են արտադրել կամ իրացնել՝ առանց համապատասխանության գնահատման:

Այսինքն՝ մինչև 2017թ. հունվարի 2-ը արտադրված սննդամթերքը կարող է իրացվել իր պիտանելիության ամբողջ ժամկետի ընթացքում: Դրա համար մենք այսօր շուկայում կարող ենք տեսնել նման ապրանքատեսակներ: Նույն ձեր հոդվածի մեջ կային ձկան պահածոներ, որոնք որ գնահատման ենթակա չեն եղել: Ձկնամթերքի վրա ՄՄ ՏԿ 021/2011 տեխնիկական կանոնակարգը չի տարածվում ու տվյալ խմբի ապրանքատեսակները գնահատման ենթակա են ազգային օրենսդրության պահանջով։ Այսինքն՝ 2016թ. ներկրվել է Հայաստան, պետք է վաճառվի մինչև իր պիտանելիության  ժամկետի ավարտը, հայերեն մակնշմամբ, բայց ՝ առանց EAC նշանի:

-Իսկ ին՞չ կասեք ներկրված յոգուրտների մասին, որոնց պիտանելիության ժամկետը սովորաբար , քիչ է:

-Յոգուրտները ենթակա են գնահատման, բայց այստեղ պետք է հասկանալ՝ կաթնային հիմքով յոգուրտներ են, թե բուսական: Դրանք բոլորը նեղ ուսումնասիրության արդյունքում կկարողանանք ասել, քանի որ յուրաքանչյուր բան չէ, որ կաթնամթերք է:

-Իսկ այդ դեպքում չի՞ գնահատվում նաև ապրանքի ռիսկայնությունը: Թե դա կարևոր չէ, և որոշումը վերաբերում է բոլոր ապրանքներին:

-Որոշումը վերաբերում է բոլոր այն ապրանքներին, որոնց մասով Հայաստանում չեն եղել գործող տեխնիկական կանոնակարգեր, և չի եղել գնահատման պարտադիր պահանջ: Ներմուծվողների պարագայում՝ նախկինում անգամ չի եղել նման պահանջ. կամ պետք է լիներ համապատասխանության գնահատման նշանը, կամ՝ ուղեկցվեր համապատասխանության գնահատման սերտիֆիկատով:  Այսինքն՝ իրացման ցանցում կարող է լինել ապրանք, որի վրա չկա համապատասխանության գնահատման նշան ազգային օրենսդրությամբ (ՀՍՏ կամ ՀՏԿ, հեղ.), բայց թղթային տարբերակով ապրանքի սերտիֆիկատը կարող է լինել խանութում: Իսկ ԵԱՏՄ օրենսդրությամբ  պարտադիր պահանջ է, որ մակնշման մեջ լինի համապատասխանության նշանը (EAC):

-Ստացվում է, եթե ապրանքը ներկրվել և գնահատման է ենթարկվել մինչև 2017թ. հունվարի  2-ը և  ժամկետի մեջ է, ապա այն  կարո՞ղ է շուկայում իրացվել:

Եթե ապրանքը 2015թ. ընթացքում ենթարկվել է գնահատման՝ տարբեր սխեմաներով՝ խմբաքանակի կամ սերիական արտադրության համար, դա ենթադրում  է , որ այդ նույն ապրանքանտեսակինց ինչքան ներկրվի, դրանց վրա ևս տարածվում է այդ սերտիֆիկատը: Ապրանքը  կարող է այդ ընթացքում վաճառվել, բայց ոչ ավել, քանի մինչև 2018թ. հունվարի 2-ը:

-Ներկրողներից ոմանք մեզ հետ ոչ հրապարակային հեռախոսազրույցներում ասում էին, որ  EAC նշանի բացակայությունը տեխնիկական խնդիր է՝ մոռացել են տպել, բայց բոլոր սերտիֆիկատներն իրենք ունեն:

-Մենք շատերի հետ ենք խոսել, մեր վերահսկողական գործիքներն օգտագործել ենք, ուսումնասիրել ենք փաստը: Շատերը չեն պատկերացնում, չեն կարողանում ճիշտ հասկանալ օրենսդրության պահանջները. լավ տեղեկացված չլինելը, ոչ կոմպիտենտ աշխատողներն ունենալն է պատճառը: Իրենք չեն  հասկացել, որ EAC նշանի մակնշումն այդ ապրանքների վրա պարտադիր է, որովհետև փաստը, որ իրենք անցել են համապատասխանության գնահատման գործըթնաց, կա, բայց ինքը պետք է նաև մակնշի, դրա մասին տեղեկատվություն տա սպառողին:

-Իսկ մակնշման խախտումը ցա՞ծր ռիսկայնությամբ խնդիր է:

-Մակնշումը տեխնիկական կանոնակարգման ոլորտի խնդիր է, այն սպառողին պատշաճ տեղեկություն տրամադրելու համար է: Մեր օրենսդրությունն ասում է, որ սննդամթերքը պետք է ունենա մակնշում՝ հայերենով, Եվրասիական տնտեսական միությունն ասում է՝ հայերեն և ռուսերեն՝ պարունակելով այս, այս, այս տեղեկատվությունը: Միակ բացառությունը քացախի համար է, որը գնահատման ընդհանրապես ենթակա չէ :

-Մակնշման խախտումներ արձանագրելիս, հաճախ ենք նկատել, որ չի պահպանվել բաղադրատարրերի հերթականությունը, ոչ ճիշտ են նշվել տոկոսները կամ սննդային արժեքնեը, ինչն արդեն ոչ թե անփութության, այլ անբարեխիղճ աշխատանքի արդյունք է:

-Այստեղ ևս մենք գործ ունենք տեխնիկական խնդրի հետ: Դա այն հարցը  չէ, որ մենք արտադրողին զուտ դրա համար դնենք, կոպիտ ասած «սպանենք», ասենք՝ վայ դու այս ինչ ես արել: Շատերն են եղել, զանգել ներողություն են խնդրել, ասել են ՝ մեր աշխատակիցների անփութության արդյունքն է: Ասենք, ինչ տրամաբանություն կա, եթե այնտեղ գրած է՝ 45 կիլոկալորիա, մակնշման մեջ գրում է 46 կամ 44. Դա զուտ մեխանիկական սխալի արդյունք է: Հա, եթե շատ խորանանք, օրեսնդրությունով Սննդամթերքի անվտանգության մասին» օրենք, հեղ ) ստացվում է, որ ինքը կեղծում է, բայց պետք է փաստը հասկանանք, որ ապրանքը կեղծված չի, այլ տեխնիկական վրիպում է: Ճիշտ է, խախտում է արել և պարտավոր է վերացնել այդ խախտումը:

-Մակնշումների վերաբերյալ որևէ ստուգում կատարո՞ւմ եք:

-Մենք կատարում ենք դիտարկումներ, բացի այդ՝ շրջայցերի ընթացքում տեղեկատվություն ենք հավաքում ու պարբերաբար ուղղորդում ենք արտադրողներին, նաև մեր կայքում կան դրված մակնշման պահանջերը:

-Թեժ գծին ստացած ձեր  ահազանգների մեջ մակնշման վերաբերյալ բողոքներ լինու՞մ են:

-Այո՛, ստանում ենք: Ցավալի է, որ շատերը սովոր չեն կարդալ մակնշումը, բայց կան ահազանգեր: Մենք հիմա շուկայում կարող ենք տեսնել 2014թ. արտադրված գինի, 2014թ. այն ենթակա չի եղել գնահատման, այսօր գնում ենք խանութ, պետք է տեսուչը  կարողանա այնքան պրոֆեսիոնալ լինել, որ հասկանա՝ այս ապրանքը երբ է ներմուծվել, իր վրա EAC-ի նշան պե՞տք է, թե պետք չէ:

-Մեր ուսումնասիրությունների ժամանակ հանդիպած մակնշամ խախտումների դեպքերից որոշ մասը «Անդակո» ՍՊԸ-ի ներկրած ապրանքներն էին: 

-Իրենք ձեր հորդորից հետո որոշակի ուղղումներ արե՞լ են:

-Գերմանական «LEIBNIZ» և «LEIBNIZ դայթ»  թխվածքաբլիթների մեջ ուղղել են բաղադրատարրերի հերթականությունը: Եղել են նաև այլ տնտեսվարողներ, որոնք մեր հրապարակումներից հետո մակնշումները փոփոխել են:

-Երբ որ մենք  պատժեցինք «Երևան Սիթի»-ին, որ իր խանութում կային սխալ մակնշմամբ ապրանքներ, ինքը մեր ստուգումից հետո պահանջ է դրել արտադրողների մոտ՝ ոչ մեկի ապրանքը չի ընդունում՝ հաշվի առնելով ՍԱՊԾ ներկայացրած պահանջները: Իրացման ցանց չենք թողնի խախտումով ապրանք մտնի, այլապես՝ խանութն է պատասխան տալու:

-Ի՞նչ կասեք որոշ սննդատեսակների վրա հանդիպող «Օրգանիկ», «Բիո», «Էկո» գրությունների մասին: Չէ՞ որ այդ գրությունը փակցնելու համար օրենսդրությամբ սահմանված արտադրական հատուկ գործընթաց  է պետք պահպանել:

-Ձեր ասած դեպքում ապրանքները պետք է ունենան համապատասխան սերտիֆիկատներ: Այսօր մենք ԵՏՄ օրենսդրոությամբ ունենք մի խնդիր, երբ որ սերտիֆիկացնող մարմինները պատասխանատվություն չեն կրում ապրանքի համար: Իսկ հայտարարագիրն ի՞նչ է՝ արտադրողն ինքը հայտարարում է, որ իմ ապրանքը համապատասխանում է՝ դրա հետ ներկայացնելով լաբորատոր փորձաքննության պատասխանները: Իմ համար, որպես ստուգողի, այդ թուղթը ոչ մի բան է, այն երաշխիք չէ: Ես շատ բան եմ նայում, մինչև այդ թուղթը նայելը: Իսկ այդ սերտիֆիկացնող մարմինների գործունեությունն արդեն, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ոլորտից է:

 

Գլխավոր լուսանկարը՝ Վահե Դանիելյանի ֆեյսբուքյան էջից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter