HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջպետական ճանապարհի վտանգավոր թունելի վերակառուցման աշխատանքերը մոտենում են ավարտին

Երեկ «Հետք»-ը հետևել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական (Մ- 6) ճանապարհի շուրջ 90 կմ երկարությամբ հիմնական տարանցիկ մայրուղու հիմնանորոգման և վերակառուցման ծրագրի ընթացքին:

Հիշեցնենք, որ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկի և Ասիական զարգացման բանկի կողմից, որի արժեքը 101 մլն եվրո է:

Մենք  պարբերաբար անդրադարձել է Ալավերդի–Վանաձոր միջպետական ճանապարհի Ձորագետ–Փամբակ ճանապարհահատվածում գտնվող երեք թունելների անբարեկարգ վիճակին, հատկապես նրանցից` Շահալի երկաթուղային կայարանի հարևանությամբ գտնվողը վթարային թունելին, որը կառուցվել է 1962թ.-ին, փլուզման շեմին էր և երբևէ չէր վերանորոգվել:

Երթևեկելիս թունելն առաջացնում էր վարորդների անհանգստությունն ու վախը: Գրեթե անանցանելի այս թունելի վերակառուցման աշխատանքերը իրականացնում է Արփա-Սևան թունելշինը:

Տեղամասի պետ Համլետ Ներսիսյանը երեկ հայտնեց, որ թունելն իր կառուցվածքով եղել է քարային, հետո վերակառուցվել է: «Հիմա բետոնային աշխատանքերը թունելի թաղակամարում ավարտում ենք, վերջին 5 մետրն է մնացել վերջացնել: Հետո անցնելու ենք պատերին ու հատակին: Դժվար աշխատանքները վերջացրել ենք, համեմատաբար ավելի հեշտ գործերն են մնացել»,- հայտնեց տեղամասի պետը:

Մյուս երկու թունելների վերանորոգման աշխատանքները դեռ չէին սկսվել: «Իմ իմանալով այնտեղ հատակն է իջեցվելու, մենք այդ թունելների հետ կապ չենք ունենալու, միայն այս թունելի հետ է մեր պայմանագիրը»,- բացատրեց Համլետ Ներսիսյանը:

Շինարարկան եռուն աշխատանքներ էր ընթանում առաջին թունել գնացող շրջադարձի վրա հին՝ վթարային կամրջի հարևանությամբ նոր կամրջի կառուցման աշխատանքերում: Այդտեղ էլ հանդիպեցինք տեղամասի պետ Քաջիկ Գևորգյանին. «Մենք «Կապավոր» ՍՊԸ-ն ենք: Մեր աշխատանքային տեղամասը թունելից մինչև Քոբայր է: Այո 2-րդ թունելից: Այդ թունելի աշխատանքերը շուտով կվերջացնենք: Վերևի հատվածը արդեն վերջացրել ենք»:

Թունելի եզրերի բետոնապատման աշխատանքերն են կատարվում: Թունելի լայնությունը և բարձրությունը, ըստ տրանսպորտի և կապի նախարարության հաղորդագրության, համապատասխանելու է շինարարական նորմերով պահանջվող չափերին: Բացի այդ, կիրականացվեն նաև նախագծով նախատեսված՝ թունելի երեսպատման, մայթերի և անվտանգության խորշերի կառուցման, ասֆալտապատման, ներքին հարդարման, լուսավորության և անվտանգության համակարգի տեղադրման, նոր ճակատային մասերի, մերձթունելային հրապարակի և պատերի կառուցման և մի շարք այլ աշխատանքներ։

Քաջիկ Գևորգյանը վստահեցրեց, որ  ճանապարհի վերակառուցման աշխատանքերը լրիվ նախագծով են կատարում: «Կառուցում ենք ճանապարհի հենապատերը, պայթեցման աշխատանքեր ենք կատարում, գետի և ճանապարհալանջերի հաշվին լայնացնում ենք ճանապարհը, քարաթափման և հեռացման աշխատանքեր ենք կատարում»,- բացատրեց տեղամասի պետը:

Ք. Գևորգյանի խոսքով` ճանապարհի հատվածները լրիվ պայթեցվել են: Շինարարները գրեյդերով մաքրում էին ճանապարհները, այն հարևան գյուղերի համար անցանելի դարձնելու համար: «Մինչև 2018թ. մարտ-ապրիլ ամիսը ճանապարհի այս հատվածը պետք է լրիվ պատրաստ լինի: Ապա պետք է անցնենք 2-րդ փուլին: Մինչև հայ-վրացական սահմանը պետք է հասնենք», - ասաց Քաջիկ Գևորգյանը:

Ճանապարհի Քոբայրի հատվածում «Կապավոր» ՍՊԸ-ի շինարարները ճանապարհի ջրահեռացման աշխատանքներ էին կատարում:

«Ջրատար կամուրջ կա, կամուրջի լայնացում ենք անում, որ ճանապարհի լայնացումն ապահովենք, նաև ջրամեղմիչ արգելակներ ենք սարքում: Լայնամասշտաբ աշխատանքներ կան, որոնցից մեկն էլ էս ջրահեռացմա  համակարգն է: Առանց ջրահեռացման ճանապարհը անիմաստ է դառնում: Այս ճանապարհի ասֆալտապատ մասը 7մ 20սմ է լինելու: Ճանապարհի լայնությունը տարբեր հատվածներում փոփոխվում է ըստ նախագծի: Մենք աշխատում ենք զուտ նախագծով՝ առանց 1մմ շեղվելու»,- բացատրեց աշղեկ Տիգրան Եղիազարյանը:

Հիշեցնենք, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհն սկսվում է Վանաձոր քաղաքից, անցնում է ՀՀ Լոռու և ՀՀ Տավուշի մարզերի թվով 33 համայնքներով (167 419 ընդհանուր բնակչությամբ), հասնում մինչև Բագրատաշենի սահմանակետ: Վանաձոր քաղաքի տարածքում կհիմնանորոգվի 6.7կմ, Վանաձոր-Ալավերդի հատվածում՝ մոտ 43.9 կմ, Ալավերդի քաղաքի տարածքում՝ 3.4 կմ, Ալավերդի-Վրաստանի սահման հատվածում՝ մոտ 36.3 կմ ճանապարհ:

Միջպետական  ճանապարհի վերակառուցումը հանրային մեծ ուշադրության է արժանացել: Վերակառուցման ընթացքում տրանսպորտային միջոցները Ալավերդուց Վանաձոր են մեկնում Ալավերդի-Օձուն-Ստեփանավան ճանապարհով: Վերջինս մոտ 20 րոպե երկարացնում է ճանապարհի ընթացքը: Օգտվելով դրանից` Ալավերդի-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով երթևեկելիս ավտոբուսի վարորդները և երթուղային գազելները ուղևորներից նախկին 500 դրամի դիմաց պահանջում են 800 դրամ ճանապարհավարձ:

Տաքսիները նախկին 7,5 հազար դրամ ուղեվարձի դիմաց ուղևորներից պահանջում են 10-12 հազար դրամ: Գների թանկացումը առաջացնում է Ալավերդի- Վանաձոր-Ալավերդի երթուղով տեղաշարժվող սոցիալապես անապահով բնակչության դժգոհությունը, սակայն բնակչությունը համբերությամբ սպասում է վերակառուցվող ճանապարհի շահագործմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter