HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեռ Կամսար․ Նամակ Սփյուռքի հայությանը

Սիրելի՛ հայրենակիցներ․

Մենք մի ազգից ծնված եղբայրներ ենք, բայց լավ եղբայրներ չենք։ Մենք ձեզ համար այստեղ վառվում ենք, իսկ դուք մեր մասին բոլորովին չեք մտածում։ Ձեզ համար մենք կանք, թե չկանք՝ այդ միևնույն է։

Այս ասում եմ ձեզ սրտի կսկիծով, բայց վերքը թաքցնելով չի լավանա, խորն է այդ վերքը և պետք է վիրահատել։

Եվ ինչ պատահելու է, թող պատահի։

Հիմա ասեմ բանն ինչն է։

Մենք ներգաղթ ենք կազմակերպում, մեր նավերն ուղարկում ենք ձեր ետևից, բերում հասցնում Բաթում, ծաղիկներով դիմավորում, մեր կառավարության ներկայացուցիչները գալիս են նավահանգիստ ու բարի գալուստ մաղթում ձեզ։

Դուք գիտե՞ք այդ ինչ հատուկ ուշադրություն է կառավարության կողմից։

Երբ մենք ուզում ենք տեսակցություն ունենալ մեր մինիստր նախագահի կամ Կենտկոմի որևէ քարտուղարի հետ, դիմում ենք տալիս և ամիսներով հերթի ենք սպասում՝ չեն ընդունում։ Իսկ ձեզ համար վեր են կենում մինչև Բաթում են գալիս և ասում՝ «բարի գալուստ»։

Կարծես դուք «անառակ որդին» լինեք, իսկ մենք տանը մնացած խելոք որդին։

Ամեն ինչ ձեզ համար, և ոչինչ մեզ համար։

Մեզ համար կառուցած բնակարանները ձեզ է տալիս Քաղսովետը, և մենք չենք առարկում։

Այնուհետև մենք մեր վերջին ունեցածը ձեզ հետ հավասար կիսում ենք։ Բրնձի հերթին կանգնեցնում ենք ձեզ մեր առջև։ Կարագի հերթին, երբ հարցնում են՝ «ո՞վ է վերջը», մենք պատասխանում ենք՝ ինձնից հետո երկու մարդ կա։ Եվ այդ հերթը պահում ենք այն կարավանի մարդկանց համար, որ դեռ Բաթում չեն հասել և ծովի վրա են։ Ինչո՞ւ՝ որպեսզի հասնելուն պես իրենց համար պահված կարագի հերթին կանգնեն։

Ստալինի ժամանակ, երբ մեզ բանտարկում էին, միշտ ձեզ համար տեղ էինք պահում բանտում և աքսորվելիս էլ նախ ձեզ էինք բարձրացնում վագոն, նոր մենք բարձրանում։

Եղան այնպիսի անձնազոհներ, որոնց, երբ տանում էին երկու գնդակով գնդակահարելու, նրանք բավականանում էին մեկ գնդակով և երկրորդ գնդակը վերապահում էին ձեզ, կատարելով Քրիստոսի այն պատվիրանը, որ ասում է՝ երկու գնդակից մեկը չունեցողին տվեք․․․

Պիտի ասեք՝ բանտ, աքսոր, գնդակահարությունը ի՞նչ է, որի մասին հիշատակում ես։

Ի՞նչ անեմ, մեր ունեցածը մահ էր՝ ձեզ համար կյանք որտեղի՞ց ճարեինք։

Մահ էր, հերթեր, սով, թանկություն, անգործություն, որ ձեզ հետ հավասար բաժանում էինք։ Սրանից զատ մի բան ունեի՞նք, որ մենք վայելում՝ ու ձեզ չէինք տալիս․․․

Այս՝ մեր նյութական օգնությունը։

Հապա հոգեկա՞նը։

Մենք ամենայն սիրով ձեր առաջ բաց արինք մեր Մասիսը, որ դուք նայեք ու հուզվեք, հիշելով մեր անցյալ փառքը։ Տարանք Զվարթնոց, Էջմիածին, Գեղարդ ու Սևան ման ածեցինք, որ հառնեին ձեր մեջ մեր նախնյաց հիշատակները։

Իսկ դուք ի՞նչ արիք մեզ համար։ Դուք, որ արտասահմանում նստած ամեն օր երեք տեսակի ճաշ եք ուտում, վրան էլ քաղցրեղեն, մտածեցի՞ք մի օր մեզ ճաշի կանչել։

Եթե ոչ հիմա, գեթ առաջներ կանչեիք։ Հիմա իրավունք ունեք չկանչելու, որովհետև քառասունհինգ տարվա սովածին ոչ մի լի սեղան չի դիմանա։ Բայց առաջներ կարող էիք, երբ Ցարի ժամանակվա կերածները դեռ չէինք մարսել․․․

Ինչևէ։ Շատ չխորանանք խնդրի էության մեջ։ Միայն մի բան եմ խնդրում։ Ի՞նչ կլինի, մի օր ինձ արտասահման կանչեք, գամ մի կուշտ փորով հաց ուտեմ։ Կյանքիս մեջ բանան չգիտեմ ինչ բան է․ մի բանան ուտեմ, մի ազատ պոռամ, կանչեմ, հնչակ լինեմ, դաշնակ լինեմ, բարձրաձայն ասեմ, թե ի՞նչն եմ դավանում, կարծիք հայտնեմ սովետական կառավարության մասին առանց վախվխելեն աջ ու ձախ նայելու, ուզենամ հավանեմ այդ կառավարությանը, չուզենամ՝ չհավանեմ։

Եվ ոչ միա՛յ հավանեմ։

Եթե այդպիսի մի շնորհք ունեք՝ ցույց տվեք, եթե   չունեք՝ Աստված ձեզ հետ։

Հիմա խոսենք ուրիշ բանի մասին։

Լսեցի, որ դուք տաճկահայ եղեռնի հիսնամյակի կապակցությամբ ուզում եք ցույց սարքել և ՄԱԿ-ում դնել հայկական հողերը վերադարձնելու հարցը։

Շատ խելոք բան եք մտածել, և այս անգամ անպայման մեծ պետությունները կլսեն ձեր խնդիրը։

Ես միայն Հայաստանի կառավարությունից եմ վախենում։ Նա թուրքից ավելի է պաշտպանում Թուրքիայի շահերը։ Մեզ մոտ մի յոթ հոգի թուրքահայ հողերի պահանջով հանդես եկան, Հայաստանի կառավարությունը բռնեց նրանց յոթ տարով աքսորեց Սիբիր․․․

Դուք աշխատեցեք թուրք կառավարությանը համոզելուց ավելի՝ հայ կառավարությանը համոզել։

Երբ տեսնեք չի համոզվում՝ ցույց կազմակերպեցեք «Բանք Օթոմանիի» նմանությամբ։

Մի խումբ զինված տղաներով մտեք Երևանի պետական բանկը, և մինչև թուրքահայ հողերը չվերադարձնի՝ դուրս չգաք բանկից։

Միայն նախապես պետք է ստուգել։ Որովհետև կարող է պատահել, որ բանկը ոչ թե փող, այլ պարտամուրհակներ ունենա իր գանձարկղում։ Այն ժամանակ, իհարկե, Երևանի կառավարությունը ոչ թե զորք կուղարկի բռնագրավողներին այնտեղից հանելու, այլ կպաշարի, մինչև բանկ գրավողները․․․ մարեն այդ պարտամուրհակները։

Մեկ էլ՝ գիտե՞ք ինչ, վազն եկեք մեծ պետություններից և աշխատեցեք գործը գլուխ բերել փոքր պետությունների օգնությամբ։

Ջիբրալթար քաղաքը, որ ընդամեն երեսուն հազար բնակիչ ունի, օրերս անկախություն պիտի ստանա և անդամակցի ՄԱԿ-ին։

Ուղիղ Ջիբրալթար գնացեք և նրա օգնությունը խնդրեցեք։ Եթե կասի՝ դեռ անկախություն չեմ ստացել՝ ասացեք ոչինչ, մենք այստեղ կնստենք մինչև անկախություն ստանաս։

Որովհետև՝ գիտե՞ք ինչ։ Փոքր պետությունն անգամ եթե կամենա չարիք հասցնել մարդու, նրա հասցրած չարիքն էլ իր նման փոքր կլինի։

Իսկ Ռուսաստանը, օրինակ, աշխարհի մեկ վեցերորդն է կազմում։ Նրա գործած չարիքին մա՞րդ կդիմանա։

Այն էլ բոլշևիկ Ռուսաստան, որ անկախ ազգություններից՝ միայն չարիք է գործում․․․

1964, անտիպ

Մեկնաբանություններ (1)

Հասմիկ Ա. Ա.
Չեմ հոգնի կրկնելուց. ՀԱՆՃԱՐԵ՜Ղ, ՀԱՆՃԱՐԵ՜Ղ ԼԵՌ ԿԱՄՍԱՐ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter