HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի «կարկտաբեր» կայանքները. ցանցը մեծանում է, վնասներն՝ աճում

Գագիկ Աղբալյան

Հայաստանում գործող հակակարկտային կայանները տարեկան հազարավոր կրակոցներ են արձակում կարկտաբեր ամպերի ուղղությամբ, սակայն հնարավոր չի լինում գյուղատնտեսությունը փրկել կարկուտի վնասներից։

Ըստ ԱԻՆ կողմից «Հետք»-ին տրամադրված տեղեկանքի՝ Հայաստանի 162 համայնքներում գործում է 460 հակակարկտային կայան:

Կայաններ տեղադրված չեն միայն Երեւանում, Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում:

Վերջին տվյալներով՝ կայանների կողմից պաշտպանության տակ է վերցված մեր երկրի փաստացի մշակվող հողատարածքների մոտ 9 տոկոսը՝ ընդամենը 36 հազար 800 հեկտար տարածք, որից 21 հազար հեկտարը՝ Արարատի եւ Արմավիրի մարզերում:

Արարատի մարզում գործում է 92 կայան։ Մարզպետարանի տրամադրած տեղեկանքի համաձայն՝ վերջին 5 տարվա ընթացքում մարզի այգիները կարկուտից վնասվել են ընդամենը երկու անգամ՝ 2015 թվականի մայիս եւ օգոստոս ամիսներին, որոնց արդյունքում՝ 10 համայնքների ավելի քան 1000 հեկտար ցանքատարածություններ կրել են 80 տոկոսանոց վնասվածություն:

Վերջին 5 տարիներին Տավուշի մարզում կարկուտից տուժած 7 համայնքներ՝ Բագրատաշեն, Պտղավան, Լճկաձոր, Հաղթանակ, Արճիս, Բերդավան եւ Կողբ, կրել են ավելի քան 1 միլիարդ 60 միլիոն դրամի վնաս: Ընդ որում, նշված 7 համայնքներում գործում է 13 հակակարկտային կայան:շ

Լոռու մարզը վերջին հինգ տարիներին կարկուտից կրել է ավելի քան 890 միլիոն դրամի վնաս: Ամենաշատ վնասներ կրած Օձուն, Ագարակ եւ Արեւածագ գյուղերում գործում է 7 հակակարկտային կայան:

Արմավիրի մարզի 172 կայաններն էլ չեն օգնել, եւ միայն 2016 թվականի 8 տարբեր օրերի ընթացքում տեղացած կարկուտի հետեւանքով, մարզի 50 համայնքների 10 հազարից ավելի հեկտար այգիներ ու ցանքատարածություններ մեծ վնաս են կրել: Մարզպետարանից «Հետք»-ին տրամադրած տեղեկատվության համաձայն՝ տուժած համայնքներից միայն 26-ի բնակչությունն ավելի քան 3,2 միլիարդ դրամի կամ ավելի քան 6,5 միլիոն ամերիկյան դոլարի գյուղատնտեսական վարկ ունի:

2011-2016 թթ․ ընթացքում ԱԻՆ-ը ձեռք է բերել 192 հակակարկտային կայան, յուրաքանչյուրը՝ մինչեւ 5 միլիոն դրամ արժողությամբ: Ստացվում է, որ պետությունը միայն վերջին 6 տարիներին նոր հակակարկտային կայանքներ տեղադրելու վրա ծախսել է միջինը 750 միլիոն դրամ, սակայն, նույն ժամանակահատվածում, Հայաստանի գյուղացիական տնտեսությունները կարկուտից կրել են նվազագույնը մի քանի տասնայակ միլիոն դոլարի վնաս։

Ներկայացրած տվյալները ամբողջությամբ չեն արտացոլում հանրապետության համայնքների՝ կարկուտից կրած վնասը, քանի որ նախ՝ ոչ բոլոր վնասներն են հաշվարկվել, եւ հետո էլ՝ որոշ դեպքերում դրանք արտացոլվել են ոչ թե դրամական արժեքով, այլ՝ զուտ պտղի տեսակով, այգու մակերեսով եւ այլն:

տեսանյութը` Դավիթ Բանուչյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter