HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանյան քաղաքական օրակարգից անհետացող Ջավախքն ու ջավախքահայությունը՝ նախընտրական ծրագրերում

Եթե խորհրդարանական նախորդ ընտրություններին պատգամավորական մանդատների համար պայքարող հայաստանյան երկու կուսակցություն էր Ջավախքը ներառել նախընտրական իր ծրագրում, ապա այս տարի ընդամենը մեկն է Ջավախքի մասին հիշատակել: 

2012թ. ընտրությունների ժամանակ Ջավախքն իրենց ծրագրերում առանձնացրել էին «Ժառանգություն»-ն ու ՀՅԴ-ն: Այս տարի Դաշնակցությունն է միայն անդրադարձել Ջավախքին` նախորդի համեմատ փոքր-ինչ վերաձևակերպելով, սակայն բովանդակային նույն  շեշտադրումը տալով տեքստին: 

Արտաքին քաղաքականության համատեքստում կուսակցությունն առաջարկում է  Վրաստանի հետ հարաբերությունները կառուցել բարեկամության ու ազգային շահերի փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա:  «Բարիդրացիական հարաբերություններն իրենց դրական ազդեցությունը կունենան ջավախահայության և ընդհանրապես վիրահայության իրավունքների լիարժեք իրականացման վրա»,-նշվում է ՀԴՅ նախընտրական ծրագրում: 

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական ծրագիրը հայտարարում է, որ այդտեղ ներառված են ՀՀ քաղաքացիներին հուզող բոլոր կարևորագույն խնդիրները: Կարելի է ենթադրել, որ ՀՀ քաղաքացիներին չի հուզում ոչ հայաբնակ Ջավախքը, ոչ էլ այնտեղ ապրող հայությանը հուզող հարցերը: 

Դաշինքը նշում է, որ հարեւան երկրների հետ որակապես ու բովանդակապես նոր, բարիդրացիականության վրա հիմնված հարաբերությունների հաստատումը պետք է հանդիսանա ՀՀ արտաքին քաղաքականության առաջնային խնդիրներից մեկը: Եվ արտաքին ակտիվ քաղաքականության դեպքում Հայաստանի առանցքային ու խաչմերուկային աշխարհաքաղաքական դիրքը կարող է դառնալ շահավետ գործոն՝ ապահովելով տարածաշրջանի խոշոր տնտեսական ծրագրերին ՀՀ մասնակցությունը: 

«Ելք» դաշինքը արտաքին քաղաքականության համատեքստում արծարծում է սփյուռքի և հարևանների հետ հարաբերությունների հարցըև հավաստում, որ բոլոր միջոցները կձեռնարկվեն Վրաստանի, Իրանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և անդամ պետությունների, Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Մերձավոր Արևելքի և այլ երկրների հետ արժանապատիվ և փոխշահավետ հարաբերություններ հաստատելու համար: Կսկսվեն բանակցություններ Հայաստանով դեպի Վրաստան իրանական գազի տանանցման շուրջ: 

«Ազատ դեմոկրատները» շեշտում են ազգային շահի վրա խարսխված և տարբերակված (դիվերսիֆիկացված) արտաքին քաղաքականություն ունենալու փաստը:  «Վրաստանն իր աշխարհագրական, քաղաքակրթական կողմնորոշվածության ու հաղորդակցական առումներով Հայաստանը Եվրոպային կապող ռազմավարական նշանակության երկիր է, որի հետ հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը այլընտրանք չունեն»,- արձանագրված է կուսկացության ծրագրում: 

«Ծառուկյան» դաշինքը արտաքին քաղաքական հայեցակարգում կարևոր է համարում ՀՀ դիվանագիտական կառույցների, Սփյուռքի ավանդական և այլ կազմակերպությունների առաջարկությամբ ՀՀ կառավարությունում հատուկ ծրագրերի հաստատումը` հաշվի առնելով յուրաքանչյուր գաղթօջախի առանձնահատկությունները:  

«Հայկական վերածնունդ» կուսակցությունն էլ առաջարկում է  հզորացնել Հայաստան-Իրան-Վրաստան- Ռուսաստան էներգետիկ հանգույցը: 

Հայաստանի Հանրապետական Կուսակցության ցուցակներում ծնունդով ջավախքցի պատգամավորների թիվը գերազանցում է այլ կուսակցությունների ու դաշինքների ցուցակներում ընդգրկված ջավախցի թեկնածուների թվից: Այսպես, ՀՀԿ ցուցակի 31, 33, 35, 72, 159-րդ հորիզոնականները համապատասխանաբար տրվել է՝ գործող պատգամավորներ Շիրակ Թորոսյանին, Տաճատ Վարդապետյանին, Հովհաննես Սոֆոյանին, Լև Տոլստոյի անվան դպրոցի տնօրեն Անահիտ Ուզունյանին և պատգամավոր Վարդան Այվազյանին:

Չնայած այս աստղաբույլի ներկայությանը, ՀՀԿ նախընտրական ծրագրում Ջավախքին անդրադարձ չկա: ՀՀԿ-ն մտադիր է նոր թափ հաղորդել Իրանի և Վրաստանի հետ հարաբերություններին, հատկապես շեշտը դնելով տնտեսական ողջ ներուժի իրագործման վրա, և շարունակելու են ամրապնդել ու զարգացնել հարաբերությունները Հայաստանի գործընկեր երկրների հետ:    

Ինչպես տեսնում ենք, հայաստանյան կուսակցություններն ու դաշինքները Վրաստանի հետ հարաբերությունները դիտարկում են միմիայն տնտեսական համատեքստում: Նրանց ծրագրերում, ըստ ամենայնի, Ջավախքն ու ջավախքահայերը տարրալուծվել են համայն հայության «սփյուռք» հասկացության մեջ, և Ջավախքի հայապահպանությունն այլևս օրակարգում չէ:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter