HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2017 թվականին առողջապահության ոլորտում նախատեսվում է ավելի քան 25 մլրդ դրամի ներդրում

Առողջապահության նախարարությունը ոլորտում սպասվող ներդրումների մասին հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք նույնությամբ.

«Առողջապահության ոլորտում ընթացիկ տարվա ամենից սպասված ներդրումներից մեկը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանին շտապօգնության 200 մեքենա նվիրաբերելու ծրագիրն է։ Այս առթիվ Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2016թ. դեկտեմբերին։  Ծրագիրը զգալիորեն կնպաստի մեր երկրում, հատկապես` մարզերում, շտապօգնության ծառայության որակի բարելավմանը։

Կանխատեսվում է, որ շտապօգնության մեքենաների առաջին խմբաքանակը Հայաստան կհասնի ընթացիկ տարում։ Չինաստանի կառավարությունն այս ծրագրի համար կներդնի 4,8 մլրդ ՀՀ դրամ։

ԱՄՆ և ՀՀ կառավարությունների համագործակցությամբ իրականացվող դրամաշնորհային մեկ այլ ծրագիր միտված է մեր երկրի լաբորատոր ցանցի հզորացմանը։ Ծրագրի շրջանակում արդեն իսկ հզորացվել են առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» ռեֆերենս, ինչպես նաև Շիրակի և Տավուշի մարզային լաբորատորիաները: Ընթացիկ տարում նույն ծրագրի շրջանակում կվերազինվեն Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզային լաբորատորիաները: Ամերիկյան կողմն այդ նպատակով կներդնի 4 մլրդ ՀՀ դրամ։

Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2013թ. կնքված համաձայնագրով 2017թ. շարունակվում են Սևանի բժշկական կենտրոնի կառուցման և Արտաշատի հիվանդանոցի վերանորոգման աշխատանքները։ Համաշխարհային բանկի վարկային միջոցներով և ՀՀ կառավարության մասնակցությամբ կիրականացվեն 837 մլն ՀՀ դրամի շինարարական աշխատանքներ։ Եվս 860 մլն ՀՀ դրամ կներդրվի պետական բյուջիե միջոցներով կառուցվող Վանաձորի բժշկական կենտրոնի համար ժամանակակից սարքավորումների, բժշկական պարագաների և կահույքի ձեռքբերման համար։  

Նշենք, որ նոր տեխնոլոգիաների ներդրման, հիվանդությունների կանխարգելման, ինչպես նաև հիվանդանոցների արդիականացման և մարզային ամբուլատորիաների կառուցման ծրագրերն  իրականացվում են պետական և մասնավոր հատվածի, միջազգային վարկային և դրամաշնորհային միջոցներով։

2017 թվականին առողջապահության ոլորտում 42 ծրագրով նախատեսվում է ավելի քան 25 մլրդ ՀՀ դրամի ներդրում։ Այդ թվում` բազմաթիվ բժշկական հաստատություններ վարկային, տնտեսված կամ դրամաշնորհային միջոցներով կստեղծեն նոր ծառայություններ, կվերազինվեն ժամանակակից սարքավորումներով»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter