HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հայտարարությունը Ջրառատի դեպքերի կապակցությամբ

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական շտաբը Ջրառատի դեպքերի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. 

«Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում մարտի 12-ին ՀՀԿ-ական գյուղապետ Սամվել Գալստյանի եւ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եղբոր՝ Լեռնիկ Երանոսյանի ակտիվ մասնակցությամբ, հրազենի գործադրմամբ սպառնալիքներ են հնչեցվել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ակտիվիստների նկատմամբ: Հնչել են կրակոցներ: Ակտիվիստների ջանքերով կրակողը՝ Լեռնիկ Երանոսյանը վնասազերծվել է:

Միջադեպից հետո բերման են ենթարկվել բացառապես դաշինքի կողմնակիցները: Ավելին, իշխանությունները որեւէ քայլ չեն ձեռնարկել իրավիճակի հետագա լարումը թույլ չտալու համար: Արդյունքում, մարտի 14-ին ՀՀԿ-ականները հրոսակային հարձակում են գործել 16-ամյա պատանու վրա, նրան դաժան ծեծի ենթարկել, պատճառելով մարմնական վնասվածքներ: Քիչ անց գյուղապետարանից անակնկալ հարձակման են ենթարկվել պատանուն օգնելու դուրս եկած նրա հարազատները: Այս անգամ նրանց դեմ կիրառվել է ինքնաձիգ, ընդ որում դեպքի վայրում ներկա են եղել նաեւ ոստիկանության ներկայացուցիչներ, որոնք կրկին որեւէ բան չեն ձեռնարկել այս հանցագործությունը կանխելու ուղղությամբ: Հարձակման հետեւանքով հրազենային եւ այլ ծանր մարմնական վնասվածքներ են ստացել չորս հոգի, այդ թվում մեկ պատանի, որոնք այժմ գտնվում են հիվանդանոցում:

Միմյանց հաջորդող զինված միջադեպերի ընթացքը երկրում տիրող անպատժելիության մթնոլորտի արդյունքն է, որը հղի է անկանխատեսելի քաղաքական հետեւանքներով: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը խստորեն դատապարտում է տեղի ունեցած հանցագործությունները եւ իրավապահ մարմիններից պահանջում անհապաղ միջոցներ ձեռնարկել մեղավորներին  հայտնաբերելու եւ պատժելու ուղղությամբ: Հակառակ դեպքում տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը կընկնի կառավարող կուսակցության՝ ՀՀԿ-ի վրա, որը փորձ է անում վախի մթնոլորտում պահել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ նպատակ հետապնդելով թույլ չտալ նրանց ազատ կամարտահայտությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններում»:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter