HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

68 միլիոն դրամ՝ հաշվետվությունները խախտումներով ներկայացնելու և չներկայացնելու պատժամիջոցներից

2010-2016 թվականներին հաշվետվությունները սահմանված ժամկետների խախտումներով ներկայացնելու կամ ընդհանրապես չներկայացնելու պատճառով  ազգային վիճակագրական ծառայության կողմից  տուգանվել է 4341 սուբյեկտ, իսկ դրա արդյունքում պետական բյուջե մուտք է արվել  68 միլիոն դրամ։

Այդ  սուբյեկտները, մեծամասամբ, տուգանվել են օրենքով պահանջվող հաշվետվությունները չներկայացնելու պատճառով։ Օրինակ՝ հաշվետվությունները ժամկետների խախտումներով ներկայացնելու պատճառով ամենաշատը տուգանվել են 2011 թվականին, իսկ  ընդհանրապես չներկայացնելու դեպքերով՝ 2016-ին։ Եթե հաշվետվությունները չներկայացնելու՝ 2016-ի տվյալները համեմատենք 2011-ի հետ, ապա կարձանագրենք, որ այն 4.3 անգամ ավելացել է։ Իսկ եթե սահմանված կարգի խախտումներով ներկայացնելու 2015-ի դեպքերը համեմատենք 2011-ի տվյալների հետ, ապա կտեսնենք, որ այն կրճատվել է 7 անգամից ավելի։ 

2010-2016-ին ԱՎԾ հաշվետվությունները սահմանված կարգով չներկայացնելու կամ ընդհանրապես չներկայացնելու պատճառով  տուգանված սուբյեկտների քանակը
Create line charts

Ինչպես հայտնել են ԱՎԾ-ից՝ «Հաշվետվությունները սահմանված կարգի և ժամկետների խախտումներով (աղավաղումներով) ներկայացնելու դեպքում» 2015 և 2016 թվականների կիրառված տուգանքների քանակական նվազումը, նախորդ տարիների (2010-2014թթ.) համեմատ, պայմանավորված է այն հանգամանքով, որ կառավարության 2015 թվականի որոշման համաձայն՝ 2015 թվականի օգոստոսի 1-ից ԱՎԾ-ի կողմից ստուգումներ չեն իրականացվել:

Ինչպես վերևում արդեն նշեցինք՝ ընդհանուր առմամբ այս կարգերի իրավախախտումների համար կիրառված պատժամիջոցներից 2010-2016 թվականներին պետական բյուջե մուտք է եղել 68 միլիոն դրամ։ Հաշվետվություն ներկայացնող սուբյեկտների իրավախախտումներից ամենաշատ գումարը հավաքագրվել է 2016 թվականին, այն կազմել է 15 միլիոն դրամից ավելի։

2010-2016-ին  հաշվետվությունները սահմանված կարգով չներկայացնելու  համար կիրառված պատժամիջոցներից փաստացի մուտքերը
Create line charts

ԱՎԾ-ից նաև խնդրել էինք այն 10 ընկերությունների անվանումները, որոնք այդ տարիներին ամենաշատ խախտումներ էին կատարել տեղեկատվության տրամադրման հարցում։ Սակայն ծառայությունից հայտնել են, որ չեն կարող անուններ թվարկել, քանի որ համաձայն «Պետական վիճակագրության մասին» օրենքի՝ ԱՎԾ-ն պարտավոր է պահպանել հավաքարված վիճակագրական տվյալների անանունությունը, ինչպես նաև չհրապարակել և չտարածել սկզբնական վիճակագրական տեղեկությունները։

Ընդհանրապես, հաշվետվություններ ներկայացնելու կարգն այսպիսին է. Հայաստանում գործունեություն ծավալող իրավաբանական անձիք, օտարերկրյա իրավաբանական անձիք, անհատ ձեռնարկատերերը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, պետական մարմիններ չհանդիսացող պետական հիմնարկները, ինչպես նաև քաղաքացիները պարտավոր են ամփոփ տեղեկատվություն հաղորդել ազգային վիճակագրական ծառայությանը։

Վիճակագրական տեղեկություններ տրամադրողները պարտավոր են` սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնել անհրաժեշտ վիճակագրական տվյալներ և տեղեկություններ, կատարել պետական վիճակագրության և հաշվառման վերաբերյալ վիճակագրություն իրականացնող մարմնի ցուցումները:

Համաձայն օրենքի՝ վիճակագրական ծառայությանը հաղորդվող տեղեկատվությունը,  պետք է լինի օբյեկտիվ, հիմնավոր, արժանահավատ, լիարժեք, առանց աղավաղումների։ Հակառակ դեպքում, պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար սահմանում է վարչական կամ քրեական պատասխանատվություն։

Դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում 15 օրվա ընթացքում կատարվում է գրավոր նախազգուշացում: Սահմանված ժամկետից հաշվետվությունները մեկ ամսից ավելի ուշացնելու և գրավոր նախազգուշացման ներկայացումից 15 օրվա ընթացքում հաշվետվությունը չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և այլ աղավաղումներ) ներկայացնելու համար վիճակագրական հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության։

Օրենքը նաև  «թույլ է տալիս» պետական վիճակագրություն իրականացնող մարմնի գործողությունները բողոքարկել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter