Կիրակի, 23 սեպտեմբերի

«Բրդյա պատմություններ»՝ պատրաստված Հայաստանում


Վարդ Գրիգորյանը սեղանին է դնում նուրբ բրդի երկար «վարսերը»: Դրանք, կարծես, ձիու երկար բաշեր լինեն: Առաջին անգամ է իր համար գլխարկ պատրաստելու:

33-ամյա Վարդն ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի բաժինը, մասնագիտությամբ ծրագրավորող է: Թաղիքագործությանն առաջին անգամ «բախվել» է 4 տարի առաջ, երբ մանկապարտեզում որդու դաստիարակները հանձնարարել էին թաղիքից մատիտի տուփեր պատրաստել: «Դրանից հետո կանգ առնել չի ստացվում, հետո կամաց-կամաց սկսեցի պատրաստել այլ իրեր»,- ասում է Վարդը:

Թաղիքագործություն սկսել է սովորել համացանցի միջոցով, ապա 2 ամիս արհեստավարժության դասեր է անցել թաղիքագործ Լուսինե Ազնավուրյանի մոտ:

Քիչ անց Վարդը բերում է առաջին աշխատանքը՝ որդու համար պատրաստած մատիտի տուփը: «Թզուկը գանձեր փնտրելու համար իջել է օվկիանոսի հատակը»,- մեկնաբանում է նա:

Վարդի կարծիքով՝ աշխատանքները ոչ թե ուղղակի պատկերներ են, այլ պատմություններ: Բուրդը կլանում է մարդու էներգիան, տրամադրությունը, աշխատանքի ընթացքում էլ ծնվում են պատմությունները: Իսկ դրանք հիմնականում հեքիաթներ են դառնում:

Առաջին աշխատանքներն անելուց հետո «Ֆեյսբուքում» էջ է բացել՝ «Բրդյա պատմություններ» անունով (Wool stories): «Առաջին աշխատանքներս վաճառելու բաներ չէին, բայց դրանք սկսեցի պարզապես տեղադրել ֆեյսբուքյան էջում»,- նշում է թաղիքագործը:

Մատիտի տուփերից հետո սկսել է հողաթափեր, գլխարկներ ու պայուսակներ պատրաստել, առաջիկայում հերթը զգեստներինն է:

Գլխարկի ու հողաթափի բուրդը տարբեր է: Առաջինի դեպքում այն պետք է նուրբ լինի, երկրորդի պարագայում՝ կոշտ: Սկզբից Վարդը բուրդը գնում էր Հայաստանում, բայց երբ իմացել է, որ այն թուրքական է, հրաժարվել է: Ասում է, որ հայկական բուրդը շատ կոշտ է, և նույնիսկ հողաթափ հնարավոր չէ պատրաստել դրանով: Հիմա բուրդը դրսից է պատվիրում: Այդպես և՛ էժան է, և՛ որակով: Բուրդը ստացվում է մերինոս տեսակի ոչխարից:

Գծագրությունն ու մաթեմատիկական գիտելիքները Վարդին օգնում են թաղիք պատրաստելիս: «Ամբողջը գծագրում ես, աշխատանքի ընթացքում փոքրանում է, դու պիտի իմանաս, թե որքանով է փոքրանալու, ճիշտ հաշվարկես»,- նշում է նա:

Մեր զրույցի ընթացքում Վարդն սկսում է պատրաստել իր գլխարկը: Բացատրում է, որ բրդին ձևը ոնց տաս, այդպես էլ կընդունի: Շարվածքն անպայման երկարությամբ պետք է լինի: Բուրդը շարելուց հետո այն թրջում են օճառաջրով:

Զրուցակիցս ասում է, որ եթե տրամադրությունդ վատ է, ապա բրդին պետք չէ մոտենալ: «Բուրդը շատ զգայուն է, ամեն փուլում ձեռքերով պիտի զգաս: Սկսում ենք էս էտապում շարելը, ջրով թրջելուց հետո սկսում ես շոյել, հետո ուժով ես վերջացնում… Եթե մի պահ ինչ-որ բանից ջղայնացա ու սկսեցի աշխատել, չի ստացվելու, մի տեղից ճղվում է»,- պատմում է Վարդը:

Ասում է, որ թաղիքագործությունը գիտություն է: Եվ քանի որ հայերն ամեն ինչ սիրում են հայկականացնել, ըստ Վարդի, այստեղ ևս կա թաղիքագործության ծննդյան հայկական տարբերակը: Իսկ ընդհանրապես, Վարդի փոխանցմամբ, թաղիքագործությունն սկսվել է Նոյի տապանից (եւ այս պատմությունը հայերը չեն հորինել): Երբ Նոյը կենդանիներին տեղավորել էր տապանում, բուրդը թափվել էր, ապա խոնավությունից և ոտքերի տակ տրորվելուց թաղիքի գորգ էր դարձել: Այս պատմությունից հետո ժպտում է: Այնուհանդերձ, ըստ նրա, հին ժամանակներում քանի որ կտոր չկար, թաղիքից գորգեր ու սննդի պարկեր են պատրաստել:

Թաղիքից հողաթափերը Վարդը պատրաստում է մոտ 5 օրում: Գինը սահմանելիս հաշվի է առնում օգտագործած հումքը, աշխատանքը: Նրա երկու երեխաներն էլ թաղիքե հողաթափեր են կրում: Ասում է, որ չեն քրտնացնում, հարմար են, երեխաներն էլ հավանում են:

Վարդի համոզմամբ՝ մեր օրերում որակյալ արտադրանքը քչացել է: Բիզնեսի աշխարհ է, որտեղ լավ ու վատ արտադրանքը գովազդում են՝ իրար խառնելով: «Մարդուն ավելի հեշտ է նայել ու գնալ դրա հետևից, քան մտածել: Մտածելու լիքը բաներ կան: Եվ ստացվում է, որ ամեն քայլափոխի պետք է մտածի ու ընտրի: Առողջարարարը, լավը հիմա շատ քիչ է, դու պիտի փորփրես, գտնես, բայց լավը նաև թանկ է, էժանն ու վատը շատ են, պիտի ունենաս այդ գիտակցումը»,- ասում է Վարդը՝ ավելացնելով, որ ներկայում իր ամենամեծ ցանկություններից մեկն արհեստանոց ունենալն է: Իսկ մինչ դրա իրականացումը նա աշխատում է տանը:

Լուսանկարները՝ հեղինակի, «Ֆեյսբուքից» 


Գլխավոր էջ

Այս թեմայով

  • «Հայկական չրեր №1». Եղեգնաձորի նոր այցեքարտը
    Սիլվա Եղոյանն ասում է, որ չիրը պատրաստման փուլեր ունի, պետք է իմանաս, թե ինչքան պիտի մնա արևի տակ, ու երբ պիտի տեղափոխես հով տեղ: Եթե ամբողջապես մնա արևի տակ, և՛ որակն է փոխվելու, և՛ գույնը: Փաթեթավորումից առաջ չիրը պարտադիր լվանում են, տիկին Սիլվան խորհուրդ է տալիս՝ եթե չեք հոգնում, գնելուց հետո մի անգամ էլ դուք լվացեք:
  • «Զաբել». դիվանագետի ասելիքը՝ գինու տեսքով
    «Հիշեք, դիվանագիտությունը պրոտոկոլի ու ալկոհոլի արանքում է» (Remember that diplomacy happens between protocol and alcohol). այս խորհուրդը դիվանագետ Իրինա Ղափլանյանը լսել է Լոնդոնում սովորելու տարիներին իր դասախոսներից մեկից:
  • «Պիաֆչիկ». ասեղնագործություն մետաղի վրա
    Լինայի փոխանցմամբ՝ զարդը մանրանկարչական աշխատանք է պահանջում: Արույրի (լատուն) ու պղնձի վրա ասեղով նուրբ աշխատանք է անում:
  • Վանի արևը՝ Սասունիկում. գինեգործությունը Հայաստանում մեծ ներուժ ունի
    «Գինին վերևից ներքև են գնահատում՝ աչք, քիթ, բերան: Սկզբից գույնն ենք գնահատում, հետո՝ հոտը, ապա՝ համը: Ամեն մարդ կարող է համն ու հոտը յուրովի զգա, ուղղակի խաղողի տեսակներին հատուկ համեր կան, որոնք չես կարող շփոթել: Սա, օրինակ, արենի է (մեզ գինի է հյուրասիրում անմիջապես ռեզերվ տակառներից- հեղ.), մեզ մոտ աճող արենի է: Այն թյուր կարծիքը, թե արենին միայն Վայոց ձորում է աճում, ճիշտ չէ, Աշտարակում էլ է աճում, որով մենք ոսկե մեդալներ ենք շահում»,- նշում է Վ. Մուրադյանը:
  • Տրիկոտաժե հագուստ արտադրող հալեպահայ ընտանիքի երկրորդ սերունդը. «Մոսինի»
    Մովսեսն ասում է, որ Սիրիայում մեծ շուկա կար, իսկ Հայաստանում գործարարների դժվարություններից մեկը փոքր շուկան է, ինչը Երևանում բիզնես հիմնելուց առաջ նաև իրենց մտահոգություններից մեկն էր:
... կարդացեք ավելին «Made in Armenia» թեմայով
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։