HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ինչպես կանխել ոլորտի անկումը. մեկնաբանում են բջջային օպերատորները

Ինչպես ավելի վաղ գրել ենք, աշխարհում այսօր բջջային օպերատորների համար լուրջ մարտահրավերներից են OTT (անգլ. Over the Top)  ծառայությունները։ Անմասն չէ նաև հայաստանյան բջջային հեռախոսակապի շուկան, որի հասույթը 2014 թվականից սկսած անընդմեջ նվազում է։

«Հետք»-ը հետաքրքրվել է հայաստանյան երեք բջջային օպերատորներից, թե ինչ քայլեր են ձեռնարկում OTT-ների հետ պայքարում։ Ներկայացնում ենք «Ղ-Տելեկոմ»-ի (ապրանքանիշը՝ Vivacell), «ԱրմենՏել»-ի (Beeline) ու «Յուքոմ»-ի (Ucom), մեկնաբանությունները։

Քանի որ մեր հարցերին առավել մանրամասն պատասխանել է «Յուքոմ»-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, առաջինը ներկայացնում ենք հենց այս ընկերության դիրքորոշումը։

«Յուքոմ»-ը շեշետադրում է 4G+  ցանցը. «Ցանցը պետք է դառնա այն նոր ծառայությունների և OTT լուծումների հիմքը, որը թույլ կտա գումար վաստակել»

«Յուքոմ»-ից  նշում են, որ  պարտավորվել են ապահովել 85%-ից ավելի 4G+ ծածկույթ՝ միևնույն ժամանակ ընդլայնելով նաև 3G ծածկույթը։  Ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, ի պատասխան «Հետք»-ի հարցմանը, նշեց. «Որքան ավելանում է սմարթֆոնների հասանելիության ցուցանիշը Հայաստանում, այդքան ավելի արագ են զարգանում տարատեսակ OTT ծառայությունները՝ հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններին պարտադրելով կատարել տրանսֆորմացիա: Համաշխարհային այս միտումը պարզ դարձավ դեռ 2014 թվականին և դոմինոյի էֆեկտով բոլոր օպերատորներին առաջարկեց վերափոխվել այլ տիպի ծառայություններ տրամադրող ընկերությունների և սակագնային փաթեթներում ընդգրկել նաև OTT ծառայությունները: Այսօր Ucom ընկերությունը զարգացնում է հենց այս ուղղությունը: Պատահական չէ, որ շուկայի ընդհանուր անկման պարագայում մեր ընկերությունը նախորդ տարվա ընթացքում 28 մլրդ դրամի ներդրում է կատարել տարածաշրջանում եզակի 4G+ ցանցի ներդրման համար, որն այժմ հասանելի է 102 բնակավայրում, իսկ այս տարի մենք նախատեսում ենք ցանցի արդիականացման և ընդլայնման համար ներդնել ևս 16,6 մլրդ դրամ: Այս ցանցը պետք է դառնա այն նոր ծառայությունների և OTT լուծումների հիմքը, որը թույլ կտա գումար վաստակել: Մենք պարտավորվել ենք ապահովել 85%-ից ավելի 4G+ ծածկույթ՝ միևնույն ժամանակ ընդլայնելով նաև 3G ծածկույթը և ներդրումներ չենք կատարում 2G ցանցում, ինչպես նաև չենք վաճառում 2G հեռախոսներ՝ վաճառքի և վարձակալության համար բերելով միայն նոր սերնդի հեռախոսներ: Սա, միանշանակ, կնպաստի շուկայում OTT լուծումների զարգացմանը և նոր հավելվածների գործարկմանը»:  

Դեռ նախորդ տարվա աշնանը «Յուքոմ»-ը  գործարկել է  U!Pay վճարային համակարգը, Ucom MediaRoom 2 օրվա Catch Up-ի հնարավորությամբ շարժական հեռուստատեսության հավելվածը։ Ներկայում աշխատում է ամպային ծառայություններ առաջարկող հավելվածի և Ucom բջջային հավելվածի արդիականացման վրա։ «Չբացելով կոմերցիոն գաղտնիքները նշեմ, որ նոր OTT հավելվածները կլինեն և՛ մեր սեփական, և՛ համագործակցությամբ ստեղծված լուծումներ: Ընդ որում, մենք առավելապես նախընտրում ենք հայկական լուծումներ, որոնք բացարձակապես չեն զիջում համարժեք եվրոպականներին,  ընդ որում՝ շատ դեպքերում մի քանի անգամ ավելի լավն են: Ucom ընկերության սկզբունքային մոտեցումներից մեկն այն է, որ մենք չենք ցանկանում Հայաստանը դարձնել փորձադաշտ և թեստավորել այլ երկրների ընկերությունների կողմից մշակված հավելվածները. գերադասում ենք հայկական լուծումները և վստահում ենք տեղական ծրագրավորողներին, ովքեր այսօր աշխարհում ունեն շատ բարձր վարկանիշ»,- նշեց Հ. Եսայանը:

Անդրադառնալով հարցին, թե որքանով է OTT ծառայությունների ընդլայնումն ազդել հայաստանյան բջջային շուկայում գոյացող հասույթի վրա, «Յոքում»-ի տնօրենը նշեց, որ ընդհանուր առմամբ, ոլորտի անկումն ավելին էր, քան իրենք ակնկալում էին: Այնուամենայնիվ, ընկերությունը լավատես է և կանխատեսում է, որ այս տարվա սեպտեմբերից հասույթի անկումը կդադարի։

«Սմարթֆոնների մուտքով և OTT լուծումների տարածմամբ պայմանավորված՝ հասույթի անկումը բնականոն է: Եվրոպական երկրներում ևս նույն կերպ է եղել: Ճիշտ է, Հայաստանում անկման միտումն ավելի շատ է, ինչը պայմանավորված է ոչ միայն տրանսֆորմացիայով, այլ նաև՝ այլ գործոններով: Օրինակ, մարդիկ փորձում են ավելի խնայողաբար սպառել և օգտագործում են 2 օպերատորի SIM քարտ: 2 SIM քարտի օգտագործումը բերում է միջօպերատորական զանգերի կրճատման և գանձվող գումարի զգալի նվազման: Սակայն, եթե ճշգրիտ հաշվարկ կատարենք, ապա կտեսնենք, որ միաժամանակ մի քանի SIM քարտ ունենալն իրականում ավելի ծախսատար է, քան մեկ օպերատորից օգտվելը: Մարդիկ երբեմն երկրորդ հեռախոսի գնումը չեն դիտարկում որպես ծախս, կամ հաշվի չեն առնում այն լրացուցիչ ծախսերը, որոնք կատարվում են՝ օգտվելով մի քանի օպերատորի SIM-քարտերից:

Ընդհանուր առմամբ, ոլորտի անկումն ավելին էր, քան մենք ակնկալում էինք: Եկամուտների կառուցվածքում ձայնային ծառայությունների մասով անկումը ժամանակի ընթացքում կփոխհատուցվի ինտերնետ ծառայություններից գոյացած հասույթի աճով: Ակնհայտ է, որ ծախսային փոխհատուցումը միանգամից չի կարող լինել, քանի որ ինտերնետ ծառայությունները մի քանի անգամ էժան են ձայնային ծառայություններից: Մենք կանխատեսում ենք, որ այս տարվա սեպտեմբերից հասույթի անկումը կդադարի և քիչ-քիչ կսկսի աճել, և արդեն 5-րդ տարում հասույթի ցուցանիշով կհասնենք այն առավելագույն մակարդակին, որն ունեցել ենք մինչ անկումը՝ 2013 թվականին»,- գտնում է Հ. Եսայանը:

Ըստ նրա՝ որոշ երկրներում պետությունը հեռահաղորդակցության ոլորտին աջակցելու նպատակով միջամտում է, օրինակ, սահմանափակելով OTT հավելվածների օգտագործումը, ինչը, մեր զրուցակցի խոսքով, ինքնին բացասական երևույթ է: Հ. Եսայանը գտնում է, որ Հայաստանում դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ փորձը ցույց է տալիս, որ ցանկության դեպքում մարդիկ կարողանում են ցանկացած սահմանափակում շատ կարճ ժամանակում շրջանցել: «Այս ամենը ժամանակի խնդիր է: Եթե օպերատորը փորձի կարճաժամկետ լուծումներով հանդես գալ, ներդրումներ չանել ու չզարգացնել ոլորտը, երկարաժամկետ հեռանկարում կբախվի ավելի լուրջ խնդիրների: Սա է պատճառը, որ մենք շարունակելու ենք ներդրումները և փորձելու ենք զարգացնել սեփական OTT լուծումները, ինչի վառ օրինակն աշխարհում կորեական SK Telecom-ն է, որն առաջինը քայլեր կատարեց այս ուղղությամբ»,- եզրափակում է «Յուքոմ»-ի գլխավոր տնօրենը:

ՎիվաՍել-ՄՏՍ. «Յուրաքանչյուր մարտահրավեր, ճիշտ կառավարման դեպքում, դառնում է աճի հնարավորություն»

«OTT ծառայությունների ազդեցությունը հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող ընկերությունների վրա համաշխարհային գործընթաց է: Եվ այդ ազդեցության հակակշիռը նորարական մոտեցումներն ու լուծումներ են: Ստեղծված պայմաններում հեռահաղորդակցության ոլորտի հավելյալ եկամտաբերության հիմքը շուկայի այն սեգմենտներն են, որոնք առավել հետաքրքրված են նորարարական լուծումներով: Յուրաքանչյուր մարտահրավեր, ճիշտ կառավարման դեպքում, դառնում է աճի հնարավորություն. սա ՎիվաՍել-ՄՏՍ-ի մոտեցումը խնդիրների դիմագրավելու հարցում: Այս մտեցումը կիրառելի է նաև OTT ծառայությունների պարագայում: OTT ծառայությունների հետ մրցակցությունը լուրջ խթան է նորարական լուծումներ ու բիզնես գործընթացներ մշակելու ու կիրառելու հարցում»,- նշեցին «Ղ-Տելեկոմ»-ից:

Մեր հարցին՝ որքանո՞վ է OTT ծառայությունների տարածումն ազդել ընկերության եկամուտների վրա, պատասխանեցին, որ այն կոմերցիոն գաղտնիք է պարունակում։

«Ղ-Տելեկոմ»-ը գտնում է, որ պետության կարգավորող մարմինները պետք է իրենց ուշադրության կենտրոնում պահեն OTT ծառայությունների մատակարարների և հեռահաղորդակցության օպերատորների հարաբերությունների կարգավորման հարցը. «OTT ծառայությունների մատակարարների և հեռահաղորդակցության օպերատորների հարաբերությունները կարգավորումը չափազանց զգայուն հարց է, բայցևայնպես՝ չափազանց կարևոր՝ հաշվի առնելով այն, որ ներկա պայմաններում օպերատորների հետագա զարգացումը, ի նպաստ բաժանորդների գոհունակության, կախված է ոլորտի եկամտաբերությունից: Հայաստանի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ոլորտի եկամտաբերությունը շարունակում է մեծապես պայմանավորված մնալ ձայնային ծառայություններով, և տվյալների փոխանցման ծառայությունները դեռևս չեն կարողանում էական կշիռ կազմել համախառն եկամտի կտրվածքում: Հեռահաղորդակցությունը երկրի կարևորագույն ենթակառուցվածքներից մեկն է, և ոլորտի շահառուներից մեկը պետությունն է: Ուստի կարգավորող մարմինները պետք է իրենց ուշադրության կենտրոնում պահեն OTT ծառայությունների մատակարարների և հեռահաղորդակցության օպերատորների հարաբերությունների կարգավորման հարցը: Կարգավորման մոդելի ընտրությունը և միջամտության աստիճանը կարգավորիչ մարմինների իրավասությունների դաշտում են»: 

ԱրմենՏել. «Ունենք բավական հավակնոտ ծրագրեր»

«Ամբողջ աշխարհում բջջային օպերատորների մոտ եկամուտների խիստ նվազում է  արձանագրվում, ինչը կապված է այն հանգամանքով, որ  OTT (over-the-top)  ծառայությունների հավելվածները (Skype, Viber և նմանատիպ այլ    ծառայություններ) զգալի նվազեցրել են ձայնային ծառայությունների   օգտագործման ծավալները: «ԱրմենՏել»-ը նույնպես անմասն չի մնացել այս խնդրից, քանի որ նշված հավելվածներն օգտվում են մեր ենթակառուցվածքներից՝ առանց որեւէ եկամուտ բերելու պետությանը կամ մեր ընկերությանը»,- նշեցին «ԱրմենՏել»-ից:

Ընկերությունը նաև նշում է, որ իրենք նախատեսում են նոր տեխնոլոգիաներ ներդնել, որոնք կտան նոր ծառայությունների մատուցման հնարավորություն։

«Մենք ունենք բավական հավակնոտ ծրագրեր՝ ուղղված ենթակառուցվածքների ամրապնդմանը և զարգացմանը, ինչպես նաև նախատեսում ենք նոր տեխնոլոգիաների ներդրում, որոնք կտան նոր ծառայությունների մատուցման հնարավորություն:  Հնարավոր է այդ ամենի իրականացման և ժամանակակից լուծումների ներդրման ժամանակ անհրաժեշտ լինի իրականացնել քննարկումներ պետության և ընկերության միջև»,- գտնում է «ԱրմենՏել»-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter