HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդան Այվազյանի համագյուղացիները Տաբածղուր լճի համար մտադիր են հանդիպել Կարեն Կարապետյանին

Քանի դեռ ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը նախընտրական թոհուբոհի մեջ է, նրա համագյուղացիները շարունակում են պայքարել Տաբածղուր լճում որս անելու իրենց իրավունքի համար:

Երեկ Թբիլիսիի Վերաքննիչ դատարանում ի վերջո պետք է կայանար մեկ տարի շարունակ ձգձգվող վերաքննիչ բողոքի քննությունը: Տաբածղուր գյուղի բնակիչներից մեկը, ով երեկ եղել է դատարանում (խնդրեց չհրապարակել իր անունը), պատմեց, որ նիստը հետաձգվել է փաստաբանի լիազորագրի ժամկետի լրանալու հիմնավորմամբ:

Հիշեցնենք՝  Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Այվազյանի համագյուղացիները՝ Սամցխե-Ջավախքի Բորժոմի շրջանի Տաբածղուր գյուղի բնակիչները, դատի են տվել պատգամավորի հիմնադրած ընկերությանը: Նրանք պահանջում են անվավեր ճանաչել և դադարեցնել Տաբածղուր լճում ձկնորսությամբ զբաղվելու «Լճեր» (შპს "ტბები" ) ընկերության արտոնագիրը և իրենց տրամադրել Տաբածղուր լձում ձուկ որսալու առաջնային իրավունքը:  Առաջին ատյանի դատարանը վճիռ էր կայացրել հօգուտ Այվազյանի ընկերության, սակայն գյուղացիները բողոքարկել են այն: Արդեն մեկ տարի է՝ բողոքի քննությունը չէր կայանում:

Գյուղացին նաև պատմեց, որ քանի որ ձուկն արդեն վերացել է, տեղացիներն այժմ խեցգետին են որսում: Իրենց դա այս փուլում չի արգելվում: Սակայն խեցգետինն իրացնում են միայն տեղում: Մի քանի անգամ տեղացիներից մեծ խմբաքանակ ձեռք բերած անձինք փորձ են արել արտահանել Վրաստանի սահմանից, մաքսայինները թույլ չեն տվել, ձերբակալել են այդ անձանց, ովքեր այնուհետև ստիպված են եղել մեծ տուգանքներ վճարվել:  

Տաբածղուր գյուղում ձյունը հալվում է արդեն, և խեցգետնի որսի սեզոնը բացվում է: Գյուղացիները կարծում են, որ դրանով է պայմանավորված դատական գործընթացի մեկնարկը, որը մեկ տարի է՝ անհայտ պատճառներով կասեցված էր: «Վարդան Այվազյանն ուզում է դատական գործերը փակել, որ միայն ինքը կարողանա խեցգետին որսալ և արտահանել»,- ասում է Տաբածղուր գյուղի մեր զրուցակիցը:

Դատական հաջորդ նիստը կկայանա մայիսի 17-ին: Իսկ մինչ այդ Տաբածղուր գյուղի բնակիչները մտադիր են հանդիպել Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանին: Հույս ունեն, որ վերջինս «դարձի կբերի» ՀՀԿ-ական իր կուսակցին՝ զերծ պահելու հայաբնակ գյուղը հայաթափման վտանգից: Ըստ բնակչի՝ հունվարից հետո երեք ընտանիք վաճառքի է հանել իր տունն ու գույքը Ռուսաստանի Դաշնություն մեկնելու նպատակով: Ձկնորսությունը գյուղացիների հիմնական «հացն էր», որից այժմ զրկված են:

Նշենք՝ Վարդան Այվազյանը ՀՀԿ համապետական ցուցակի 159-րդ հորիզոնականում է: Առաջարդվել է նաև տարածքային ցուցակով՝ Կոտայքի մարզում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter