HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Երեխայի լավագույն շահը՝ նրա վերաբերյալ անձնական տվյալներ հրապարակելու կարևորագույն սկզբունք

Երեխաների անձնական տվյալների պաշտպանությունը Հայաստանում կարևորագույն ու սուր խնդիրներից մեկն է: Այս մասին այսօր լրագրողների հետ քննարկման ժամանակ ասաց Արդարադատության նախարարության աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալության վարչական վարույթների իրականացման բաժնի պետ Գևորգ Հայրապետյանը:

«Մի հարցման համաձայն՝մարդկանց 60 %-ին չի հետաքրքում, որ իրենց անձնական տվյալները կարող են պահվել այս կամ այն կազմակերպության ու կառույցի մոտ: Սա խոսում է անձնական տվյալների նկատմամբ հասարակության անտարբեր վերաբերմունքի մասին»,- ասաց Գևորգ Հայրապետյանը՝ նշելով, որ հարցի վերաբերյալ հասարակական անտարբերությունն առավել խոսելի է դարձնում երեխաներին:

Անձնական տվյալների պաշտպանության գործակալության կողմից մշակվել է ուղեցույց, որում երեխաների անձնական տվյալների հետ աշխատելու սկզբունքներ են ամրագրված՝ նկատի ունենալով միջազգային փորձը, Հայաստանի Սահմանադրությունը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից երեխաների անձնական տվյալների հրապարակման վերաբերյալ հայտնած դիրքորոշումներն ու այլ իրավական ակտեր:

Ուղեցույցում ընդգծված է այն գաղափարը, որ երեխաների անձնական տվյալ մշակողները, այդ թվում՝ զանգվածային լրատվության միջոցները, պարտավոր են անձնական տվյալները հրապարակայնացնել միայն օրինական նպատակով՝ նպատակին հասնելու համար պիտանի, անհրաժեշտ և չափավոր ծավալով`ցանկացած դեպքում երեխայի լավագույն շահը դիտարկելով որպես ամենակարևոր սկզբունք:

Անձնական տվյալների հրապարակայնությունը կրթական հաստատություններում

Անձնական տվյալը միայն անձի անուն ազգանունը չէ, այլ տեղեկությունները նրա առողջության վիճակի, սոցիալական, մտավոր, ֆիզիկական, ֆիզիոլոգիական և այլ խնդիրների մասին:

Գևորգ Հայրապետյանի խոսքով՝ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը 2015-ի վերջին սկսելով իր գործունեությունը՝ 20 վարույթ է հարուցել դպրոցների դեմ: Խնդիրն այն է եղել, որ այդ դպրոցներում տեսահսկում է իրականացվել, ըստ որում՝ ոչ թե միջանցքներում, այլ դասասենյակներում: Դպրոցները սա հիմնավորել են այն հանգամանքով, որ ցանկանում են վերահսկել, որպեսզի գույքը անվնաս լինի: Մինչդեռ Հայրապետյանի խոսքով՝ տեսահսկումը անձնական տվյալի հավաքագրում է, այսինքն՝ միջամտություն մարդու անձնական կյանքին, որը պիտի բացառիկ ու սահմանփակ լինի, այլ ոչ թե ցանկացած նպատակով կիրառվի:

Բացի այդ՝ Հայրապետյանը, հղում կատարելով միջազգային պրակտիկայում առկա դիրքորոշմանը, նշեց, որ երեխաների անհատականության զարգացման իրավունքը խեղաթյուրվում է, եթե երեխան նորմալ է համարում, որ իրեն կարող են փոքր տարիքից տեսահսկել:

«Երեխան պիտի ընդդիմանա նրան, որ իրեն կարող են անընդհատ հսկողության տակ պահել»,- ասաց Հայրապետյանը՝ ընդգծելով տեսահսկման հետ կապված այլ իրավական խնդիրներ ևս:

Երեխային անընդհատ տեսահսկման տակ պահելն, ըստ Հայրապետյանի, նաև երեխայի կրթվելու իրավունքին է խոչընդոտում, քանի որ երեխան կարող է կաշկանդվել այն հանգամանից, որ, օրինակ, տնօրենն անընդհատ հետևում է դասասենյակում իր գործողություններին: Խոչընդոտվում է նաև ուսուցչի կրթելու իրավունքը, քանի որ վերջինս մեջ ևս կարող է կաշկանդվածություն առաջանալ այն հանգամանքից, որ իր վերադասն անընդհատ հետևում է իր վարած դասապրոցեսին:

Հայրապետյանի խոսքով՝ տեսախցիկներ դնելու և գույքը վնասելուց զերծ պահելու նպատակին դպրոցները կարող են հասնել այլ միջոցներով, որոնք պիտի լինեն այնպիսիք, որոնք ավելի քիչ կմիջամտեն երեխայի անձնական կյանքին:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն, անդրադարձավ տեղեկատվական տեխնոլոգիայի ոլորտում երեխաների անվտանգության, այդ թվում՝ անձնական տվյալների պահպանման խնդրին և նշեց, որ դպրոցներում բացակայում է ՏՏ ոլորտի անվտանգության վերաբերյալ ուսուցումը, փոխարենը «Ինֆորմատիկա» առարկայի շրջանակներում երեխաներին սովորեցնում են այնպիսի հմտություններ, որոնք նրանց երբևէ պետք չեն գալիս: Սրա պատճառներից մեկն, ըստ Մարտիրոսյանի, դպրոցներում համապատասխան մասնագետների բացակայությունն է:

«Ինֆորմատիկայի ուսուցիչն, օրինակ, կարող լինել երգի վերապատրաստված ուսուցիչը, իսկ Ինֆորմատիկայի դասին երեխային պետք է նաև տեղեկատվական տեխնոլոգիաներից անվտանգ օգտվելու հմտություններ սովորեցնել»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Անձնական տվյալների հրապարակայնությունը զանգվածային լրատվությանմիջոնցերի կողմից

Երեխաների պաշտպանության ցանցի (ԵՊՑ) նախագահ Արշակ Գասպարյանը մեկ օրինակով ներկայացրեց, թե ինչպիսի խնդիրներ կարող են առաջանալ, եթե զանգվածային լրատվության միջոցները երեխաների վերաբերյալ անձնական տվյալներ հրապարակելիս անզգույշ գտնվեն: Մասնավորապես՝ ԶԼՄ-ներով երեխայի վերաբերյալ սեռական բնույթի հանցագործության հրապարակումից հետո, չնայած հանգամանքին, որ երեխայի անուն, ազգանունը չի գրվել, այլ տվյալների համադրությամբ համադասարանցիները հասկացել են, թե ում մասին է խոսքը:

Այս կապակցությամբ Գևորգ Հայրապետյանը ընդգծեց, որ ԶԼՄ-ներում հրապարակումներ անելիս պետք է հաշվի առնեն նաև տվյալ համայնքի մեծությունը, և միշտ չէ, որ, օրինակ երեխայի անվան և ազգանվան միայն առաջին տառերը հրապարակելով՝ կարող ենք համարել, որ երեխայի անձնական տվյալներն ապանձնավորել ենք և երաշխիք ստեղծել, որ նրա վերաբերյալ ինֆորմացիա հրապարակելով՝ չենք վնասի երեխայի շահը:

Երեխայի անձնական տվյաների հրապարակայանացման ազդեցությունը նրանց կյանքի հետագա կյանքի որակի վրա

Հայրապետյանի խոսքով՝ Երեխաների անձնական տվյալների հրապարակումը կարող է հետագայում նրանց կյանքի որակի վրա ազդեցություն ունենալ: Մասնավորապես՝ լինում են դեպքեր, երբ փոքր տարիքում երեխաների անձնական կյանքի վերաբերյալ  հրապարակումները մեծ տարիքում խնդիրներ են առաջացնում այդ անձանց համար: Ուստի նմանատիպ հրապարակումներ կատարելիս ևս պետք է երեխայի լավագույն շահը դիտարկել որպես կարևորագույն սկզբունք:

Երեխաների անվտանգության խնդիրը համացանցում

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը խոսեց համացանցում երեխաների անվտագության խնդրի, բարձր տեխնոլոգիաների հետ շփվելու հարցում հասարակական ընկալումների մասին:

Մարտիրոսյանի խոսքով թյուր ընկալում կա, որ եթե երեխան 3 տարեկանից չշփվի բարձր տեխնոլոգիաների հետ, կյանքից հետ կմնա և 20 տարեկանում աշխատանք չի գտնի: Բայց տեղեկատվական տեխնոլոգիաներից օգտվելու անսահմանափակ հնարավորություններ տալով երեխային՝ ծնողը կարող է կանգնել այլ խնդիրների առաջ:

«Երբ ծնողը երեխային թույլ է տալիս դուրս գալ բակ, նա մոտավորապես պատկերացնում է, թե վերջինս այնտեղ ինչ խնդիրների կարող է առնչվել, ինչը չի կարելի ասել ինտերնետային տիրույթի մասին»,- ասաց Մարտիրոսյանը:

Վերջինս նշեց, որ համացանցում,  իհարկե, առկա է որոշակի ֆիլտրեր դնելու հնարավորություն, որի միջոցով հնարավոր է ինչ- որ չափով երեխային զերծ պահել «վտանգավոր» տեղեկատվությունից, բայց ասել, թե այդ ֆիլտրերը վերջնականապես լուծում են անվտանգության խնդիրը, սխալ է:

«Օրինակ` Facebook սոցիալական ցանցը թույլ չի տալիս 13 տարեկանից փոքր անձանց գրանցումը, բայց այդ տարիքից  ցածր տարիք ունեցող երեխաները կարողանում են շրջանցել այս ֆիլտրն ու նշել ավելի մեծ տարիք»,- օրինակ բերեց մասագետը:

Մարտիրոսյանի խոսքով՝ ՏՏ ոլորտում անվտանգության մակարդակը բարձրացնելու տարբերակներից մեկը հանրային իրազեկման ծրագրերի ներդրումն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter