HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Ֆրանսուա Օլանդի տարօրինակ ռևերանսներն Իլհամ Ալիևին

Ելիսեյան պալատում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, թե իրենք ցանկանում են, որ Արցախյան հիմնահարցի կարգավորման շուրջ բանակցությունները վերսկսվեն: «Մենք խոսել ենք ԼՂ հակամարտության մասին և նշել, որ առկա ստատուս քվոն անընդունելի է: Վտանգները կան, մենք համոզվեցինք դրանում անցյալ տարվա ապրիլին, երբ տեղի ունեցավ միջադեպը»,-նշել է Օլանդը:

Ալիևը ևս հայտարարել է, թե անհրաժեշտ է շուտափույթ վերսկսել կարգավորման բանակցությունները: «Առաջին փուլում պետք է վերականգնվեն բանակցությունները: Հայաստանը չպետք է խուսափի բանակցություններից: ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները բազմիցս ասել են, թե ստատուս-քվոն անընդունելի է: Մենք նույնպես դա ենք ասում և ուզում ենք, որ այն արագ փոխվի և հակամարտությանը վերջ տրվի, որպեսզի տարածաշրջանում ապահովվի խաղաղություն և ադրբեջանցի տեղահանվածները կարողանան վերադառնալ իրենց հարազատ տարածքները»,-ամփոփել է Ալիևը:

Ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահը կառչել է բանակցություններն արագ վերսկսելու վրա շեշտադրում կատարելու` Օլանդի պնդումներից: Փաստը, որ Ալիևը նշում է «առաջին փուլում» բանակցությունների վերսկսման անհրաժեշտության մասին, որքան էլ առաջին հայացքից տարօրինակ թվա, մատնում է այդ հարցում Բաքվի շահագրգռվածությունը:

Խնդիրն այն է, որ բանակցային գործընթացն արդեն մի քանի ամիս դադարեցված է՝ պայմանավորված դրանից հրաժարվելու պաշտոնական Երևանի կոշտ և առայժմ անփոփոխ դիրքորոշմամբ: Մարտի 8-ին ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայում դա հաստատեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: «Ներկա պահին Հայաստանի հետ բանակցությունները կանգնեցված են: Մենք առաջարկել ենք շարունակել սուբստանտիվ բանակցությունները, սակայն Հայաստանը դրան չգնաց: Ապրիլի 2-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են: Մենք նաև առաջարկել ենք բանակցությունները շարունակել դրանից հետո»,-ասել է նա:

Որ բանակցությունները դադարեցված են Երևանի կողմից, մարտի 10-ին անուղղակիորեն հաստատել է նաև ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: «ԼՂ կարգավորման բանակցություններ այսօր չեն ընթանում, որովհետև ապրիլյան ագրեսիայով Ադրբեջանը շատ մեծ հարված հասցրեց խաղաղ կարգավորման գործընթացին: ...Եվ հենց այդ պատճառով է, որ Հայաստանը և եռանախագահող երկրները քայլեր ձեռնարկեցին և շարունակում են ջանքերը՝ ուղղված համապատասխան պայմաններ ստեղծելուն, որպեսզի բանակցային գործընթացը հնարավոր լինի առաջ մղել: Երբ հանդիպումներ են կայանում, ինչ-որ բանի մասին պայմանավորվում են և հետո այդ պայմանավորվածությունները չեն իրականացվում, ուրեմն մեծ հարց է առաջանում՝ արդյո՞ք ադրբեջանական կողմը իսկապես պատրաստ է բանակցությունների: Բանակցային գործընթացին, իհարկե, այլընտրանք չկա: Բայց նախևառաջ պետք է բացառվեն այնպիսի իրադարձությունները, ինչպիսին տեղի ունեցան նախորդ տարվա ապրիլին»:

Ըստ էության, Նալբանդյանը հաստատել է, որ Երևանը բանակցությունները կշարունակի միայն այն դեպքում, եթե Բաքուն տա հստակ երաշխիքներ, որ հրադադարի ռեժիմն ամբողջությամբ կպահպանվի և կտրվեն ռազմական գործողություններ չսկսելու համոզիչ երաշխիքներ: Որպես այդպիսիք Երևանը ճանաչում է անցած տարա մայիսին և հունիսին Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները շփման գծում միջադեպերի վերահսկման և հետաքննության մեխանիզմների տեղակայման, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի՝ շփման գծում մոնիտորինգ իրականացնող գրասենյակի ընդլայնման առնչությամբ: Դրանից հետո ՄԽ համանախագահները, այդ թվում նաև Ֆրանսիան ներկայացնող Ստեֆան Վիսկոնտին ուղիղ կամ անհասցե մի քանի հայտարարություններ են ընդունել այդ պայմանավորվածությունները կատարելու անհրաժեշտության վերաբերյալ, որոնք Ադրբեջանը պարզապես արհամարհել է: Եվ հիմա Երևանը, որպես ԼՂ հարցում բովանդակային բանակցություններ սկսելու նախապայման, պահանջում է, որպեսզի Ադրբեջանը կատարի այդ հանձնառությունները: Պաշտոնական այցով Մոսկվա մեկնելուն ընդառաջ ռուսական «Известия» թերթում հրապարակված իր հոդվածում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այդ նախապայմանը ձևակերպում է հետևյալ կերպ. «Շփման գծի երկայնքով իրավիճակի սրումը, որը տեղի ունեցավ փետրվարի 24-25-ին, հերթական անգամ ի հայտ բերեց հրադադարի ռեժիմի խախտման մեղավորներին բացահայտելու հիմնախնդիրը և ընդգծեց հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելուն ուղղված՝ 2016թ. Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում համաձայնեցված մեխանիզմների արդյունավետ և անհապաղ կիրառման արդիականությունը»:

Երևանի այս համառությունը և նախապայմանից չհրաժարվելու նկատելի հետևողականությունը պայմանավորված է երկու հանգամանքով: Առաջին, բայց ոչ առաջնային պատճառն այն է, որ Հայաստանը խորհրդարանական ընտրությունների փուլում է, իսկ նման դեպքերում կողմերը սովորաբար ավելի են կարծրացնում դիրքորոշումները: Առավելևս, մի կողմից` հայաստանյան իշխանությունների նկատմամբ հանրային վստահության դեֆիցիտի, իսկ մյուս կողմից` ապրիլյան պատերազմի հետևանքով հայաստանյան հասարակության ավելի անզիջում դառնալու ֆոնին: Երկրորդ և ամենակարևոր պատճառն այն է, որ այդ մեխանիզմների կիրառման պահանջը, բացի ՄԽ եռանախագահության ձեւաչափից, սկսել է առաջնային համարել նաև Մոսկվան: Խնդիրն այն է, որ անցած տարվա դեկտեմբերի 29-ին Տավուշի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա ադրբեջանական զինուժի ձեռնարկած դիվերսիոն հարձակումը, առավելևս այս տարվա փետրվարի 24-25-ը արցախյան ուղղությամբ կատարած հարձակման փորձը Մոսկվան գնահատեց որպես Բաքվի կողմից ապրիլյան պատերազմից հետո ունեցած ներքին պայմանավորվածությունները խախտելու և նոր պատերազմ սկսելով Մոսկվային փաստի առջև կանգնեցնելու նախաձեռնություն, ինչին տուրք տալը կնշանակեր, որ Ռուսաստանը չի տիրապետում իրվիճակին՝ ստանձնած լինելով թե՛ հարաբերական կայունության և թե՛ բանակցային գործընթացը շարունակելու հիմնական երաշխավորի դերը: Եվ, թերևս հասկանալով, որ խնդիրը Ադրբեջանի մաքսիմալիզմն է, Մոսկվան թուլացրել է ճնշումները հայկական կողմի վրա և ԵԱՀԿ ՄԽ-ի համատեղ դիրքորոշման վրա հենվելով՝ փաստացի այս փուլում սատարում է բանակցությունների շարունակման նախապայմաններ առաջադրելու` Երևանի մարտավարությունը: Եվ փաստը, որ մարտի 8-ին Լավրովի հետ Մամեդյարովի հանդիպումից հետո շփման գծում առկա նախապատերազմական վիճակը շատ արագ սկսեց թուլանալ, վկայում է այն մասին, որ Մոսկվայի և ՄԽ ձևաչափի այդ դիրքավորման պատճառով Ադրբեջանը հայտնվել էր դիվանագիտական փակուղում և կանգնել առկա ստատուս քվոյի հետ համակերպվելու կամ Վիեննայի հանձնառությունները կատարելու երկընտրանքի առջև:

Եվ հենց այս ֆոնին,  մեղմ ասած, չափազանց տարօրինակ է թվում Ֆրանսիայի նախագահ Օլանդի հայտարարությունը բանակցությունները շուտափույթ վերսկսելու վերաբերյալ: Ընդամենը մի քանի օր առաջ, երբ Ֆրանսիայում էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Օլանդը հայտարարում էր. «Նախ, որպեսզի զերծ մնանք վերջին շաբաթներին և ամիսներին արձանագրված միջադեպերի կրկնությունից, պետք է ունենանք միջադեպերի հետաքննության մեխանիզմներ, որոնց առկայությամբ կարող ենք կանխարգելել նման միջադեպերը և պատժել այն գործողությունները, որոնք սպառնում են խաղաղությանը»: Ուշադրություն դարձնենք՝ Օլանդը մի քանի օր առաջ խոսում էր բանակցությունների համար պայմաններ ստեղծելու, այսինքն` Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման առաջնահերթության մասին, իսկ ահա Ալիևի հետ հանդիպումից հետո, չգիտես ինչու, ոչ միայն այդ պարտավորությունների մասին չի հիշում, այլև առաջնահերթ է համարում բանակցությունների շուտափույթ վերսկսումը:

Այնպիսի տպավորություն է, թե Ֆրանսիայի նախագահը կամ հիշողության լուրջ կորուստ ունի, կամ պարզապես ֆրանսիական ռևերանսներ է անում ԵԱՀԿ ՄԽ-ն արհամարհող, համանախագահողներին մշտապես պատերազմի շանտաժի ենթարկող Ադրբեջանի սուլթանին: Նա փաստացի փակուղայնությունից, դիվանագիտական փոսից դուրս գալու փրկօղակ է առաջարկում Ալիևին՝ առանց հասկանալու, որ հենց այս երկդիմի քաղաքականությունն է մինչև այսօր սնուցել Բաքվի պատերազմական հռետորաբանությունն  ու անիմաստ դարձրել բանակցային ամբողջ գործընթացը: Այն դեպքում, երբ կարծես, ի վերջո, բոլոր համանախագահող երկրները սկսել էին հասկանալ, թե որտեղ է թաքնված այս տարածաշրջանը կրկին պայթյունավտանգ դարձնելու «շան գլուխը», Օլանդն իր պարտքն է համարում ջուրը լցնել դրա զարգացմումը կանխող համատեղ ջանքերը: Պատահական չէ, որ Ալիևը հենց Օլանդի հետ հանդիպումից հետո է իրեն իրավունք վերապահում խոսելու բանակցությունները որպես կարգավորման «առաջին փուլ» սկսելու անհրաժեշտության մասին՝ շատ լավ հասկանալով, որ Հայաստանին բանակցությունների մեջ ներքաշելով` ոչ միայն օրակարգից հանելու է իր հանձնառությունները, մարսելու է ապրիլյան պատերազմը, այլև ստանալու է նման նոր սադրանքներ ձեռնարկելու քարտ բլանշ:

Իրականում Օլանդի նման վարքագիծը զարմանալի չէ: Այն դեպքում, երբ եվրոպական երկրները՝ Գերմանիան, Հոլանդիան, Դանիան իրար ետևից թուրքական իշխանության ներկայացւոցիչներին արգելում են հանդիպել թուրքական համայնքների հետ և քարոզել Թուրքիան դեպի սուլթանություն տանող էրդողանական սահմանադրական փոփոխությունների օգտին, Ֆրանսիան կրնկի վրա նրանց առջև բացում է իր դռները:

Նախագահ ընտրվելուց առաջ Օլանդը հայտարարում էր, թե կրկին նախաձեռեելու է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումը: Ավելի ուշ, որպես տված խոստման լրջության առհավատչյա, անխոցելի ձևակերպումներով օրինագծի մշակումը հանձնարարեց Եվրադատարանի նախկին նախագահ Ժան-Պոլ Կոստային: Թեև անցած տարվա հոկտեմբերին ֆրանսիական խորհրդարանի երկու պալատներն էլ ընդունեցին նման օրենք, սակայն դրանից հետո, ինչպես նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի ժամանակ, Ֆրանսիայի Սահմանադրական դատարանն այն ճանաչեց հակասահմանադրական: Եվ անգամ դրանից հետո Օլանդը շարունակում է հայ համայնքին հավատացնել, թե հետևողական է նման օրենք անցկացնելու հարցում: Այդպես նա երկակի խաղով մի կողմից փորձում է հայ ընտրողների վստահությունը շահել, մյուս կողմից` չի փչացնում հարաբերությունները Թուրքիայի հետ: Գրեթե նույն մանևրումներն են, ինչ ԼՂ հարցում: Նման բան սովորաբար լինում է այն դեպքում, երբ կամ համարյա իրավիճակի վրա ազդելու լծակ չունես, կամ էլ երբ, ինչպես ասում են, «լեզվի տակ ոսկոր չի լինում»:

Լուսանկարը` http://www.euractiv.com-ի

Մեկնաբանություններ (1)

Qam
Անթասիբ ու ՀՀ ներկա խնդիրներին աչք փակող ֆրանսիահայ ընտրողի բիզնեսմեն /օրինակ սատելիտների վաճառք Ադրբեջանին/ նախագահը: Մոտ մեկ ամիս առաջ տեղի ունեցած ֆրանսիահայ կազմակերպությունների ճաշկերույթին հերթական անգամ նախագահը մեծարվեց և շնորհակալությունների արժանացավ: Եվ այս ամենը չնայած նրան որ այդպես էլ չճանաչվեց Եղեռնի դատապարտուման մասին օրենքը, շարունակվում է ՀՀ-ում սաստկացող Մարդու իրավունքների խատխտման նկատմամբ ֆրանսիայի լռությունը, առկա է հայ ներգաղթյալների ծանր վիճակ և քաղ. ապաստարանի մերժումների ավելացման անթաքույց տենդենց, Հայ. մշակույթի թանգարանի հարցը այդպես էլ չի լուծվել և այլ և այլ: Չմոռանանք տաև որ օրեր առաջ դաշնակցական ֆր-հայ կազնակերպությունների համակարգող Փափազյանի կողմիղ արդեն հանրայնորեն տարածվեց հայկական 5 շրջանների Ադրբեջանին հանձնման տարբերակը որը Սարգսյան-Օլանդ հանդիպման հետևանքն էր, գոհություն հայտնելով որ դրանք 7-ը չեն... Ինչպիսին պահանջն է, այնպիսին էլ առաջարկը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter