HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաստատվել են պարարտանյութերի տրամադրման և գյուղտեխնիկայի ձեռքբերման լիզինգի պետական աջակցության ծրագրերը

Կառավարությունն այսօր հավանություն է տվել գյուղատնտեսության նախարարության կողմից քննարկման ներկայացված «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինասնական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրին:

Նախարարությունը հայտնում է, որ ծրագրի հիմնական նպատակը գյուղացիական տնտեսություններին մատչելի պայմաններով, մասնավորապես լիզինգային մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումն է, ինչը հնարավորություն կտա սկսել հանրապետության գյուղտեխնիկայի պարկի վերազինումը:

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ ծրագրի շրջանակում շահառուները կարող են գյուղտեխնիկա ձեռք բերել մատչելի պայմաններով` 20 տոկոս կանխավճարով, տարեկան 2 տոկոս տոկոսադրույքով, 3-10 տարի մարման ժամկետով` կախված տեխնիկայի տեսակից: Մասնավորապես, կոմբայնների համար նախատեսվում է 10, տրակտորների համար` 6, հավաքիչ-մամլիչների և շարքացանների համար` 3-6, իսկ այլ գյուղգործիքների համար` 3 տարի մարման ժամկետ:

«ՀՀ կառավարության որոշման հրապարակումից հետո նախարարության կայքում կտեղադրվի լիզինգային ընկերությունների ցանկը, որոնց կարող են դիմել հայտատուները: Մոտ 2,2 մլրդ դրամի գյուղտեխնիկա կիրացվի լիզինգային այս ծրագրով, որի սուբսիդավորման համար այս տարի կուղղվի 120 մլն դրամ գումար: Բացի այդ, այժմ քննարկում ենք մեքենա-տրակտորային կայան ստեղծելու ծրագիրը, որպեսզի այն տնտեսությունները, որոնք հնարավորություն չունեն գյուղտեխնիկա գնելու կամ վարկունակ չեն, նույնպես կարողանան այդ ծառայություններից օգտվել»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է նախարարը:

Իգնատի Առաքելյանն անդրադարձել է նաև պարարտանյութերի տրամադրման պետական աջակցության ծրագրին. «Այս տարի նախապայման է դրվել, որպեսզի ՀՀ մարզպետարանները ներկայացնեն գյուղացիական տնտեսությունների ցանկ, ովքեր դիմել են պարարտանյութի ձեռքբերման համար, որից հետո նախարարությունը պարարտանյութը կտրամադրի տնտեսություններին: Մենք կունենանք պետաջակցության ծրագրից օգտվողների վերաբերյալ հասցեական տեղեկատվություն: Բացի այդ, գյուղացիական տնտեսություններն այս տարի պետք է վճարումները նախապես կատարեն, որպեսզի խուսափենք պարտքերի կուտակումներից»,- նշել է նախարար:

Գյուղատնտեսության նախարարությունն այս տարի պարարտանյութերի մատակարարման մրցույթ էր հայտարարել, որտեղ հաղթող են ճանաչվել նվազագույն գնային առաջարկ ներկայացրած 2 ընկերություններ: Պարարտանյութերի ձեռքբերման ծրագրով տնտեսվել է մոտ 1 մլրդ 200 մլն դրամ: Սուբսիդավորման արդյունքում պարարտանյութը գյուղացիական տնտեսություններին կտրամադրվի նախորդ տարվա գներով:

Նախարարի տեղեկացմամբ` այս պահին մարզերից մոտ 2000 տոննա պարարտանյութի պահանջարկ է ստացվել:

Նախարարությունը տեղեկացնում է նաև, որ գարնանը անհրաժեշտ է իրականացնել հողի հիմնական պարարտացում ֆոսոֆորական և կալիումական պարարտանյութերով, վեգետացիայի ընթացքում, ըստ բույսի պահանջի, սնուցել նաև ազոտական պարարտանյութով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter